
Լավ տեղական ինքնակառավարում, թե՞ անիշխանություն
Նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների օրն է։ Ավելի քան 25 տարի առաջ, 1996 թ.-ին Հայաստանում հիմք դրվեց համայնքների ինքնակառավարմանը: Համակարգը կայացնելու համար 25 տարին բավականին երկար ժամանակ է, բայց անգամ նրանք, ովքեր ՏԻՄ ոլորտը կայացած են համարում, հոբելյանական տարելիցի առիթով չափազանց զուսպ արտահայտվեցին ձեռքբերումների մասին: Թվարկումների մեջ շրջանցեցին ավագանու ինսիտուտը, քանի որ դրվատանքի խոսքերն անկեղծ չէին լինի:
Ավագանու ինստիտուտը կայացնելը օրակարգային ակտիվ հարցերից էր մինչև 2018թ.-ի իշխանափոխությունը: Քաղաքացիական հասարակությունը որոշակի ջանքեր էր ներդնում համայնքի ղեկավարին հակակշռող կառույցը կայացնելու գործում: ՏԻՄ ոլորտի մասնագետները գիտեն, որ տեղական ինքնակառավարումը կայացած կարող են համարել միայն այն ժամանակ, երբ կկայանա ինքնակառավարում իրականացնող մարմիններից ավագանու ինստիտուտը:
Իշխանափոխությունից հետո նոր կառավարության համար այն ոչ միայն հետաքրքրություն չներկայացրեց, այլև ընդհանրապես փլուզեցին այս ինստիտուտը: Մեծ թվով համայնքներում ավագանու անդամներն իրենց լիազորությունները դադարեցնելու դիմումներ ներկայացրին: Համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումները զգուշավոր դարձրին նաև նրանց, չնայած ավագանու անդամները երբևէ պատասխանատվություն չեն կրել կայացված որոշումների համար: Բայցևայնպես, շատերն այլևս ավագանու անդամի գործառույթներն իրականացնելու մոտիվացիա չունեն: Հայտնի է, որ ավագանու կազմում մեծ մասի ընդգրկվելը համայնքի ղեկավարի հետ փոխշահավետ պայմանավորվածությունների արդյունք էր և այդպիսին է շարունակում մնալ:
Եվ այսպես՝ ինչպիսի տեղական ինքնակառավարում ունենք 25 տարի անց: Գնահատման ամենաանաչառ աղբյուրը համայնքներում ամեն տարի իրականացվող իրավական հսկողության արդյունքում կազմվող արձանագրություններն են: Թեպետ հսկողություն իրականացնելու գործընթացը կատարյալ չէ և հանձնաժողովների պրոֆեսիոնալիզմը կաղում է, բայց առայժմ այն ՏԻՄ-երի վարչարարությունը, նրանց իրականացրած կառավարումը գնահատելու միակ միջոցն է:
Ուսումնասիրել ենք 2021թ.-ին մի քանի մարզերի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արձանագրությունները (Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը չեն հրապարակել): Ստորև ներկայացնենք, թե ըստ հսկողության արդյունքների՝ ինչպիսին են համայնքի ղեկավար և ավագանի փոխհարաբերությունները, որքանո՞վ է ավագանին իրականացնում օրենքով սահմանված իր գործառույթները կամ՝ որքանո՞վ է մասնակցում համայնքի կառավարմանը:
Արձանագրություններից առանձնացրել ենք այն դիտարկումները, որոնք ընդհանրական են համայնքների գերակշող մասի համար: Գրեթե բոլոր մարզերի համայնքների մեծ մասում արձանագրվել է, որ ավագանու անդամներից մի քանիսը նիստերի կեսից ավելիից բացակայել են, սակայն նրանց լիազորությունները չեն դադարեցվել: Եղել են ավագանու անդամներ, որոնք ընտրվելուց հետո ընդհանրապես չեն մասնակցել նիստերին, սակայն համարվել են ավագանու անդամ, որովհետև նրանց լիազորությունները չեն դադարեցվել: Կամ՝ դիմել են իրենց լիազորությունները դադարեցնելու համար, սակայն ավագանին որոշումներ չի կայացրել, որովհետև այդ դեպքում քվորում ապահովելու խնդիր են ունենալու:
Օրինակ, Քանաքեռավան համայնքի ավագանին 9 անդամ կարող էր ունենալ, բայց 6 անդամ է ունեցել, որից երեքի լիազորությունները դադարեցվել են:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված է, որ ավագանու նիստերը պետք է հրավիրվեն ոչ պակաս քան երկու ամիսը մեկ անգամ: Սակայն կան համայնքներ, որոնք իշխանափոխությունից հետո մեկ տարուց ավելի ավագանու նիստ չեն հրավիրել: Ավագանու որոշ նիստերի արձանագրություններում բացակայում են ավագանու անդամների ստորագրությունները, եղել են դեպքեր, երբ նիստերի արձանագրությունները չեն կազմվել կամ կիսատ-պռատ են կազմվել: Սրանք տեխնիկական խնդիրներն են, այժմ անդրադառնանք ավագանու գործառույթների բովանդակային մասին:
Մարզպետարանների իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող հանձնախմբերի դիտարկումով՝ ավագանու անդամների ներկայությունը նիստերին ձևական բնույթ է կրում, նրանք երբևէ հարցեր չեն ընդգրկում ավագանու նիստի օրակարգում: Այդ նախաձեռնությունը միայն համայնքապետինն է, իսկ նրանք նույնիսկ քննարկումներ չեն ծավալում օրակարգային հարցերի շուրջ և այլն: «Համայնքի ավագանին առաջարկություններ չի ներկայացրել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ, նիստերի օրակարգերի նախագծերի ձևավորումը և դրանցում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը ներկայացնում է միայն համայնքի ղեկավարը»,- նշվում է հսկողության արդյունքում կազմված արձանագրություններում:
Ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, կանոնակարգի համաձայն, ստեղծել է մշտական հանձնաժողովներ, սակայն հանձնաժողովներն օրենքով նախատեսված իրենց լիազորությունները չեն իրականացրել. նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը նախապես չեն քննարկվել հանձնաժողովներում: Եթե հանձնաժողովները գործեին, քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կցված կլիներ ավագանու նիստի օրակարգի նյութերին: Կան համայնքներ, որտեղ հանձնաժողովներ չեն էլ ձևավորել: Հսկողություն իրականացնողներն ավագանու անդամներին հորդորել են՝ հարցեր բերել օրակարգ, որոշումների նախագծեր նախապատրաստել և ներկայացնել ավագանու քննարկմանը։
Համայնքների ղեկավարները միայնակ տնօրինում են համայնքի բյուջեն
Ավագանու հիմնական գործառույթներից մեկն էլ համայնքի ղեկավարի գործունեության նկատմամբ վերահսկողությունն է, որը կազմված արձագրությունների համաձայն՝ դարձյալ չի իրականացվում:
Բոլոր համայնքներում ավագանին համայնքային բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատել է առանց ստուգելու կամ առանց աուդիտի եզրակացության: Համայնքների ղեկավարները ֆինանսական հաշվետվությանը կից բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորվածության վերաբերյալ համապատասխան վերլուծություններ չեն ներկայացրել, բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի հիմնավորումները, ծախսերի ուղղությունների և չափերի մասին տեղեկությունները բացակայում են: Բյուջեի վարչական և ֆոնդային մասերի պահուստային ֆոնդի ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը բացակայում է:
Համայնքի բյուջեի 2020թ.-ի գույքահարկի, հողի հարկի և տուրքերի գծով տարեկան եկամուտներն ավելի ցածր են պլանավորվել, քան իրականում առկա է հողի հարկի և գույքահարկի բազայում: Արդյունքում՝ հարկերն ու տուրքերն ամբողջությամբ չեն հավաքագրվել, որի հետևանքով պակաս է հաշվարկվել նաև պետական բյուջեից համայնքին տրվող դոտացիան: Համայնքի գույքի ամենամյա գույքագրման ցուցակներ չեն կազմվել և համայնքի ավագանու հաստատմանը չեն ներկայացվել: Սահմանված ժամկետում բյուջեի եռամսյակային և տարեկան հաշվետվություններ չեն կազմվել և այլն: Իսկ ավագանին համայնքի ղեկավարին այդպիսի պահանջ չի էլ ներկայացրել:
Տեղական ժողովրդավարություն՝ մասնակցայնության և հրապարակայնության ապահովում
Վերջին տարիներին, անխոս, մեծ աշխատանք է կատարվել համայնքներում տեղական ժողովրդավարությունը ներմուծելու և ամրապնդելու ուղղությամբ: Համայնքային կայքերի ստեղծումը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության հրապարակումը, ավագանու նիստերի հեռարձակումը, բնակչությանը համայնքային կառավարմանը մասնակից դարձնելը օրենսդրական ամրագրում ստացան, սակայն մասնակցային կառավարում, մասնակցային բյուջետավարում իրականացնելը գործնական կիրառում գրեթե չի ստանում:
Հրապարակային և թափանցիկ աշխատանքի գործիքակազմեր ներդնելուց մեկ տասնամյակ անց դեռևս խնդրահարույց է մնում ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, բյուջեի հրապարակումը, նորմատիվ իրավական ակտերի նախագծերը արդարադատության նախարարություն փորձաքննության ուղարկելն ու հրապարակելը և այլն: Համայնքի բյուջեի, տարեկան բյուջեի կատարման, զարգացման ծրագրերի նախագծերի վերաբերյալ հանրային լսումներ և քննարկումներ չեն կազմակերպվել: Ավագանու հրապարակային ոչ բոլոր նիստերն են առցանց հեռարձակվել՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքում և այլն:
Գործող իշխանությունը այս և մնացած բոլոր թերացումների լուծումը համարում է համամասնական ընտրակարգի ներդրումը համայնքներում: Արդյունքներին սպասենք մեկ տարի անց:
Մեկնաբանել