
Իջեւանի ՏԻՄ ընտրություններում կպայքարեն ՀՅԴ-ն եւ ՔՊ-ն
Ավելի քան 33 հազար ընտրող ունեցող Իջևանում նոյեմբերի 14-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Համամասնական ընտրակարգով ընտրություններն անց են կացվելու Իջևան խոշորացված համայնքի մաս կազմող 19 համայնքում՝ Իջևան քաղաքում և հարակից Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան, Լուսաձոր, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսահովիտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն համայնքներում:
Ընտրություններին գրանցվել է 2 կուսակցություն՝ «Հայ հեղափոխական դաշնակցությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը»:
ՀՅԴ-ն ընտրական ցուցակում առաջադրվել է 14 թեկնածու` 5 կին, 9 տղամարդ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է 56 թեկնածու, որոնցից 19-ը կին է:
ՀՅԴ-ի ընտրական ցուցակում առաջադրված թեկնածուներից 3-ը անկուսակցական է: Ցանկի ամենաերիտասարդ թեկնածուն 28 տարեկան է։ Իսկ ՔՊ-ի ընտրացուցակում անկուսակցականներ չկան, ամենաերիտասարդ թեկնածուն 19 տարեկան է:
ՀՅԴ թեկնածուներից 6-ը գործազուրկ է, 4-ը անհատ ձեռներեց է, 1-ը՝ Գանձաքարի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, 1-ը՝ «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի» դասախոս, 1-ը՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի մենեջեր, 1-ը՝ մենատնտես:
ՔՊ-ի թեկնածուներից 10-ը գործազուրկ է, մյուսներն աշխատում են կրթության և այլ ոլորտներում:
ՔՊ-ի ցուցակում 1-ին համարը Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանն է, 2-րդը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը: Ցուցակում են նաև Կիրանց, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան, Խաշթառակ, Ծաղկավան, Ազատամուտ, Սարիգյուղ, Սևքար, և Վազաշեն համայնքների ղեկավարների պաշտոնակատարները:
Հեղինակներ՝ Տաթև Ալիխանյան, Սամսոն Մարտիրոսյան
Մեկնաբանել