
Ի՞նչ են հայտարարագրել Իջևանում ՔՊ-ի և ՀՅԴ-ի ընտրացուցակների առաջին դեմքերը
Այս կիրակի՝ նոյեմբերի 14-ին, Իջևանում և Հայաստանի մի քանի համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Իջևանում ընտրապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը և ընդդիմությունը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը։
Ըստ օրենքի՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցող և ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Մենք դիմել ենք Տավուշի մարզի թիվ 38 Տարածքային ընտրական հանձնաժողով և ստացել թեկնածուների հայտարարագրերը։
Ստորև ներկայացնում ենք Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցող և կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող թեկնածուների հայտարարագրերը։
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արթուր Ճաղարյանի հայտարարագիրը
ՔՊ-ն Իջևանում ներկայացրել է 56 թեկնածուից բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Իջևանի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։
Այս պաշտոնում նա նշանակվել է 2021 թ.-ի ապրիլին, 2015 թ.-ից եղել է Իջևան համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ մինչ այդ աշխատել է Կադաստրի պետական կոմիտեում։
Այսպես, ըստ Ճաղարյանի ներկայացրած հայտարարագրի՝ նրա եկամտի աղբյուրը համայնքի ղեկավարի պաշտոնում ստացած աշխատավարձն է՝ 4 մլն 483 հազար դրամ (1 տարվա համար)։ Նա հայտարարագրել է 404 հազար դրամ դրամական միջոց։
Ճաղարյանը հայտարարագրել է նաև մեկ բնակելի տուն և հողամաս Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում, մեկ բնակարան և երկու հողակտոր էլ՝ Իջևան քաղաքում։
Որևէ շարժական կամ թանկարժեք գույք Ճաղարյանը չի հայտարարագրել։
ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Վահան Ղազումյանի հայտարարագիրը
Ի տարբերություն ՔՊ-ի, ՀՅԴ-ի ընտրացուցակը բավականին համեստ է՝ գրանցվել է ընդամենը 14 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը։
Ղազումյանը Իջևանի ավագանու անդամներից մեկն է, անհատ ձեռներեց է, ՀՅԴ անդամ։
Ըստ թեկնածուի ներկայացրած հայտարարագրի՝ նա իրեն պատկանող «Արվա Գրուպ» ՍՊԸ-ից և «Վահան Ղազումյան» ՍՊԸ-ից ստացել է ընդհանուր առմամբ 4 մլն 400 հազար դրամի չափով շահույթ։ Նույն ընկերություններից ստանում է նաև 510 հազար դրամ աշխատավարձ։
Ղազումյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից ստանում է տարածքի վարձակալության վճար՝ 324 հազար դրամ։ Որպես դրամական միջոց հայտարարագրել է 3 մլն դրամ, 200 հազար ռուսական ռուբլի, 4000 ԱՄՆ դոլար և 1000 վրացական լարի։
Ըստ հայտարարագրի՝ Ղազումյանին է պատկանում երկու մեքենա՝ 2005 թվականի արտադրության Ford Transit և 1993 թվականի արտադրության Mercedes Benz։ Իջևան քաղաքում Ղազումյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երեք կտոր հողամաս, իսկ Երևանում հայտարարագրել է երկու բնակարան։
- Կարդա նաև Ստեփանավանում «ՔՊ»-ի, «ԲՀԿ»-ի և «ՀԱԿ»-ի ընտրացուցակները գլխավորող թեկնածուների հայտարարագրերը
Մեկնաբանել