HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանավանում «ՔՊ»-ի, «ԲՀԿ»-ի և «ՀԱԿ»-ի ընտրացուցակները գլխավորող թեկնածուների հայտարարագրերը

Նոյեմբերի 14-ին Լոռվա մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում (ընդգրկում է ք. Ստեփանավանը, Արմանիս, Ուրասար և Կաթնաղբյուր համայնքները) տեղի են ունենալու ՏԻՄ համամասնական ընտրություններ։

Ընտրապայքարին մասնակցելու է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ Ազգային Կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ 

Ըստ օրենքի, ԿԸՀ-ն չունի պարտավորվածություն ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցող թեկնածուների հայտարարագրերն առցանց հրապարակելու։ Ուստի դիմել ենք թիվ 25 Տարածքային ընտրական հանձնաժողով և ստացել թեկնածուների հայտարարագրերը, վերլուծել ենք կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Ի՞նչ է հայտարարագրել «ՔՊ»-ի ցուցակը գլխավորող թեկնածուն

«ՔՊ»-ն ներկայացրել է 30 հոգուց բաղկացած ընտրացուցակ, որը գլխավորում է Ստեփանավան համայնքի ղեկավարի ժամանակավոր  պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։

Այսպես, ըստ Գրիգորյանի հայտարարագրի, նրա եկամուտների հիմնական աղբյուրը աշխատավարձերն են։ Համայնքի ղեկավարի պաշտոնում Գրիգորյանն ամսական ստանում է 255 հազար դրամ, նա նաև երկու անգամ աշխատավարձ է ստացել «Գազպրոմ Արմենիա»-ի Լոռու ԳԳՄ-ից՝ 423 հազարական դրամ։ 2012-2020 թթ. Արմեն Գրիգորյանն աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Ստեփանավանի ծառայությունում՝ որպես ծառայության պետ։ 

Արմեն Գրիգորյանն իր հայտարարագրում նշել է, որ «Սոճենի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը պատկանում է իրեն։ Չնայած սրան, իրավաբանական անձանձ պետական ռեգիստրում տեսնում ենք, որ այս տարվա հունվար ամսին ընկերության 100% բաժնեմասը Գրիգորյան Արմենը փախանցել է դստերը՝ Գրիգորյան Սյուզաննային։ «Սոճենի» ՍՊԸ-ն զբաղվում է գազամատակարարման կառույցների շինարարությամբ։ Գրիգորյանը Գարգառ-Վանաձոր ճանապարհին գազալցակայան ունի։

Ըստ հայտարարագրի, նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ամսական 50 հազար դրամ վարձակալության գումար է ստացել։ Նշենք, որ 2000-2010 թ. Գրիգորյանը եղել է Սոցիալական ապահովության պետական ծառայության Ստեփանավանի տարածքային բաժնի պետը։

Ըստ հայտարարագրի, Գրիգորյանն ունի երկու մեքենա՝ 2014 թ.-ի արտադրության Lexus GX 460, որի շուկայական գինը 40-48 հազար ԱՄՆ դոլար է, և 1996 թ.-ի Lexus LX 450: 

Գրիգորյանը հայտարարագրել է նաև մեկ բնակելի տուն և հասարակական նշանակության շինություն Ստեփանավանում, մեկ բնակարան Երևանում՝ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում և երեք կտոր հողամաս` երկուսը Ստեփանավանում, մեկը` Գյուլագարակում։

Ի՞նչ է հայտարարագրել «ԲՀԿ»-ի ցուցակը գլխավորող թեկնածուն

«ԲՀԿ»-ն ներկայացրել է 17 հոգուց բաղկացած ընտրացուցակ, որը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը։ 

Ըստ հայտարարագրի և ԿԸՀ ներկայացված փաստաթղթի, նա գործազուրկ է։ Ղարագոզյանը 2012 թվականից ԲՀԿ քաղխորհրդի անդամ է, 2017-2020 թթ․-ին եղել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Ստեփանավան» տեղամասի պետը, ներկայում  Ստեփանավանի ԵԿՄ բաժանմունքի փոխնախագահ է։

Ղարագոզյանը չի հայտարարագրել որևէ թանկարժեք, անշարժ կամ շարժական գույք, չունի որևէ արժեթուղթ կամ ներդրում, չի հայտարարագրել նաև որևէ եկամուտ։

Հայտարարագրել է միայն 500 հազար դրամ` որպես դրամական միջոց։ 

Ի՞նչ է հայտարարագրել «ՀԱԿ»-ի ցուցակը գլխավորող թեկնածուն

«ՀԱԿ»-ը ներկայացրել է 15 հոգուց բաղկացած ընտրացուցակ, որը գլխավորում է Վանո Հակոբյանը։

Ըստ հայտարարագրի և ԿԸՀ ներկայացվրած փաստաթղթի, նա նույնպես գործազուրկ է, բայց  զբաղվում է գյուղատնտեսությամբ, ունի սեփական ֆերմերային տնտեսություն։ 2000-2006 թթ. աշխատել է որպես Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ:

Հակոբյանը հայտարարագրել է մեկ բնակելի տուն Ստեփանավանում, երեք ավտոմեքենա՝  Opel Zafira (2004), Grand Cherokee (1997) և  ГАЗ-66 (1990)։ Նա եկամուտ, թանկարժեք գույք, արժեթուղթ կամ ներդրում չունի։ 

Հայտարարագրել է 3 մլն դրամ` որպես դրամական միջոց։

Գլխավոր լուսանկարը՝ Վահե Բուդումյանի
EU LOGO.png (33 KB)

Այս հոդվածը պատրաստվել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից «Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում:  Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter