
Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման համար «Մեգերյան» ՍՊԸ-ն դատի է տվել ՏԿԵ նախարարությանը
Երևանում Սպանդարյանի բազալտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Մեգերյան» ՍՊԸ-ն դիմել է Վարչական դատարան ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության: Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել նախարարության 2021թ. հունիսի 4-ի հրամանը: Այդ հրամանով դադարեցվել է «Մեգերյան» ՍՊԸ-ի ընդերքօգագործման իրավունքը Սպանդարյանի բազալտի հանքավայրի նկատմամբ:
Վարչական դատարանը` դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ է ընդունել և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պահանջել որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել հունիսի 4-ի թիվ 868 Ա հրամանի համար հիմք հանդիսացած վարույթի նյութերը:
«Մեգերյան» ՍՊԸ-ն հանքավայրը չէր շահագործում: Երբ Երևանի հանքերի մասին հետաքննություն էինք իրականացնում, հարցում էինք արել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը չշահագործվող հանքերի վերաբերյալ: Նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը հայտնել էր, որ ընկերությունն արդյունահանման աշխատանքներ չի իրականացնում համայնքի կողմից հողօգտագործման պայմանագիր չկնքելու պատճառով:
Սակայն Երևանի քաղաքապետարանն էլ մեզ պատասխանելիս նշել էր, որ ընկերությունը Սիլիկյան թաղամասում 101 477,63 քմ մակերեսով հողամաս է վարձակալել համայնքից: Այսպիսի հակասական պատասախններ էինք ստացել երկու տարբեր գերատեսչություններից:
Այս պարագայում թե ինչ հիմքով է դադարեցվել ընդերքօգտագործման իրավունքը, կիմանանք դեկտեմբերի 1-ին, երբ տեղի ունենա գործով առաջին դատական նիստը (նախարարության կայքում հունիսի 4-ի նշված հրամանը տեղադրված չէ, որտեղ պետք է նշված լիներ դադարեցման հիմքը):
«Մեգերյան» ՍՊԸ-ի փայատերը Հարութ Հարրի Հովհաննեսի Մեգերյան է։
Մեկնաբանել