
Ինչ հաշվարկի հիման վրա էր կառավարությունը նվազեցրել սոցիալապես անապահովների բուժօգնության բյուջեն
Կառավարությունը 2021թ.-ի սեպտեմբերի 14-ի թիվ 1474-Ն որոշումով պետբյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ 2 մլրդ 570 մլն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը: Այդ գումարից 550 մլն դրամ ուղղվել է «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ»-ի սպասարկմանը, իսկ 2 մլրդ 20 մլն դրամ հատկացվել է «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ»-ին:
Պետբյուջեից լրացուցիչ գումար հատկացնելու որոշումը կառավարությունը հիմնավորել էր նրանով, որ «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շահառուների դիմելիությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 203,7%-ով: Մինչդեռ 2021թ․-ի բյուջեն պլանավորելիս կառավարությունը 2020թ.-ի համեմատությամբ ավելի քան 72 մլն դրամով նվազեցրել էր «սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ»-ին հատկացվող գումարը:
Առողջապահության նախարարությունը (ԱՆ) հրապարակել է 2021թ. բյուջետային ծախսերի համեմատությունը 2019-2020 թվականների համադրելի ցուցանիշների հետ: Ըստ այդ ցուցանիշների՝ «սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» տողով 2021թ.-ին հատկացվել է 19 մլրդ 100 մլն դրամ: Համեմատության մեջ նշենք, որ 2020թ.-ին հատկացվել էր 19 մլրդ 172 մլն 401.2 դրամ, իսկ 2019թ.-ին՝ 15 մլրդ 225 մլն 587.5 դրամ:
«Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» տողով 2021թ.-ին հատկացվել է 3 մլրդ 577 մլն 217.3 հազար դրամ, 2020թ.-ին՝ 3 մլրդ 77 մլն 217.3 հազար դրամ, իսկ 2019թ.-ին՝ 3 մլրդ 228 մլն 931.5 հազար դրամ: Իհարկե, սա 2020թ.-ի համեմատությամբ 16,2%-ով ավելի է, բայց բավարար չէ։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ այս տողով հատկացված գումարը սպառվել է:
Մամուլը տեղեկացրեց, որ օգոստոսի 1-ից ԱՆ-ն հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Yerevan.Today-ը հրապարակեց ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի շրջաբերականը բուժհիմնարկներին, որով առաջարկվել էր մինչև 2022թ.-ը դադարեցնել պետպատվերով հիվանդներ ընդունելը և « ... գումարների սպառման դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել հերթագրման եղանակով ...»։
Բացահայտվելուց հետո, ի վերջո, Կառավարությունը տեղի տվեց և լրացուցիչ գումար հատկացրեց պետպատվերով բուժօգնության համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետք»-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2020թ.-ին Հայաստանի Հանրապետությունում եղել է հաշմանդամություն ունեցող 191,959 անձ, այդ թվում՝ առաջին անգամ հաշմանդամ ճանաչված 57,316 անձ։
2021թ.-ին հաշմանդամություն է ունեցել 191,715 անձ, այդ թվում՝ առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել 54,616 անձ։
Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակը 2020թ. պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներից հաշմանդամության կարգ է տրամադրել 1464 զինծառայողի, որից 1-ին խումբ՝ 113 անձ, 2-րդ խումբ՝ 390 անձ և 3-րդ խումբ՝ 961 անձ։
Այսպիսի տվյալներ ունեցող կառավարությունն ի՞նչ հաշվարկի հիման վրա էր 2021թ․-ին նվազեցրել սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայությունների բյուջեն։ Առողջապահության նախարարության և կառավարության համար չէր կարող անկանխատեսելի լինել նախորդ տարվա համեմատությամբ շահառուների դիմելիության 203,7%-ով ավելի ցուցանիշը: Առանձին դեպքերով հայտնի է, որ մեկ զինվորին վերականգնվելու համար նույնիսկ 10 և ավելի վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: Իսկ վիրահատություններին նախորդում, նաև հաջորդում են հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները՝ համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաներ և այլն:
Պետբյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ 2,02 մլրդ դրամ հատկացում կատարելու` սեպտեմբերի 14-ի որոշումը կառավարությունը հենց այդպես էլ հիմնավորել է․ «Լրացուցիչ ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում կամ խեղում ստացած զինծառայողների էտապային, շարունակական բժշկական օգնությունը կազմակերպելու համար»:
Կառավարությունը հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առաջին էտապում մատուցվել են շուրջ 14 հազար բժշկական ծառայություններ՝ հիմնականում անհետաձգելի, կյանքը փրկող վիրաբուժական միջամտություններ, որից շուրջ 4,000 վիրավորի (ըստ նախնական հաշվարկի) կպահանջվի 2-րդ, 3-րդ էտապի բուժօգնություն, որը ենթադրում է պլաստիկ-վերականգնողական ռեկոնստրուկտիվ և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատական միջամտություններ ․․․»:
Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը չի ընդունում, որ բյուջեն ի սկզբանե ճիշտ չի պլանավորվել, հետևաբար նաև արտառոց չի համարում տարվա կեսին պետպատվերի սպառվելը։ «Այս տարի հիվանդանոցները ժամանակից շուտ սպառել էին իրենց հատկացված քվոտան և հավելյալ բուժօգնություն են տրամադրել, հետո կառավարությունը երկու շաբաթվա մեջ գումար է տրամադրել հիվանդանոցներին պետպատվերով բուժծառայություն իրականացնելու համար»,- հայտնեց Զեյնալյանը։
Ըստ Զեյնալյանի՝ տարիներ շարունակ այդպես է եղել, տարվա կեսից պետպատվերին հատկացվող գումարը սպառվել է, այնուհետև կառավարությունը պահուստային ֆոնդից վերաբաշխում է կատարել՝ համալրելու համար։ Շահառուների թվի ավելացման առնչությամբ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի բացատրությունն այն է, որ 2021թ․-ին ունեցել ենք Արցախից եկած բավականին մեծ թվով բնակչություն, որոնց բուժօգնություն է տրամադրվել բյուջեի այդ հոդվածով։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ բացի մեր մատնանշած հոդվածից, զինվորները նաև կառավարության այլ որոշումով են բուժօգնություն ստանում՝ պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջեից։
Եթե այդպես լիներ, հարցն այդքան մեծ հնչեղություն չէր ստանա։ Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 1-ին ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է։ «Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ պետպատվերը սպառված լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում իրացնել պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը»,- ասվում էր հաղորդագրության մեջ և որպես օրինակ ներկայացվում 1-ին խմբի զինհաշմանդամին բժշկական օգնություն տրամադրելուց հրաժարվելը:
Բացի այդ, կառավարությունը բավականին ուշացումով շտկեց իր բացթողումը, որի պատճառով հիշյալ խավերին բուժօգնությունը տևական ժամանակ ընդհատվեց։ Հավանական պատճառներից մեկն էլ այն է, որ գումար տրամադրելուց հետո էլ այս հոդվածի շահառուներին հերթագրում են բուժծառայություն մատուցելու համար։ Ընդ որում, մեզ հայտնի դեպքերում, հերթագրումով զինհաշմանդամներին բուժծառայություն կտրամադրվի հաջորդ տարի։
Զեյնալյանի ասելով՝ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ բժշկական հիմնարկները քվոտայով են պետպատվեր ստանում, որը ճիշտ մոտեցում չէ եւ պետք է փոխվի։ Գործող կարգով՝ գումարը տրամադրվում է հիվանդանոցին, հետո անձը դիմում է այս կամ այն հիվանդանոց, որտեղ գումար ունեն պետպատվերով բուժծառայություն իրականացնելու համար։ «Հիմա անձը կդիմի իրեն նախընտրելի բուժհաստատություն, որտեղ բուժօգնություն ստացավ, նրանց էլ կփոխհատուցվի գումարը»,- հավելեց հանձնաժողովի նախագահը։ Այս մոտեցումով ֆինանսավորումը կշարունակեն ընդլայնել մինչև ապահովագրական համակարգի ներդնումը։
Մեկնաբանել