
«Կառուցում ենք նոր ուղեկալներ, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, կունենանք լավ պայմաններ». ԱԱԾ տնօրենի տեղակալ
«Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը hետ է քաշվել, Սյունիքի այդ հատվածում ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որոնք նախկինում չենք ունեցել»,- այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի բյուջետային քննարկմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց բյուջեով նախատեսված դեղորայքի քանակի ավելացումից:
ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ թվաքանակը չի կարող հայտնել, սակայն բավականին մեծ քանակի է:
«Այդ պատճառով ավելացրել ենք դեղորայքի գնման գումարը, որպեսզի կարողանանք ապահովել: Գիտեք՝ ինչ պայմաններում են նրանք ծառայություն իրականացնում, կառուցում ենք նոր ուղեկալներ, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն ու կունենանք լավ պայմաններ, ու կարիքը կարող է պատահի՝ չլինի: Իսկ էս պահին ապրում են տնակներում, ծառայություն են իրականացնում բաց տարածքներում, և հաճախակի են պետք գալիս նման դեղորայքներ»,- ասաց Հակոբյանը:
ԱԱԾ տնօրենի տեղակալի վստահեցմամբ` մինչև նոյեմբերի վերջ ծառայությունը կլուծի սահմանային հատվածներում բոլոր տնակների տեղադրման հարցը:
«Մեկ հատ անցած շաբաթ ենք դրել Որոտանի հատվածի վրա, մեկ տեղ է մնացել վրանային տիպ, դա էլ կվերացնենք, ու բոլորն ապահոված կլինեն տնակներով: Ես վերջերս եմ վերադարձել Սյունիքից, մեր զինծառայողները, ճիշտ է, բավական դժվար պայմաններում են ծառայում` եղանակով պայմանավորված, բայց բավականին ապահովված են՝ և' սնունդով, և' հագուստով»,- հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրացրեց սահմանապահ զորքերի և պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը` նշելով, որ վերջիններս այժմ բավական ծանր պայմաններում են ծառայություն իրականացնում:
«Դուք էլ Ձեր խոսքում նշեցիք կենցաղային և անվտանգային որոշակի աշխատանքներ կան, որոնք դեռևս ավարտված չեն, այս տեսանկյունից ուզում էի հասկանալ` արդյոք սահմանային հատվածներում նախատեսված չէ սպայական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում»,- հարցրեց պատգամավորը:
ԱԱԾ տնօրենի տեղակալն արձագանքեց` հարցով զբաղվում են, ծառայության տնօրենը հանձնարարել է խնդրին լուծում տալ, հատկապես՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձի առնչությամբ:
«Բավականին ցածր է, ինչքան ստուգել ենք մյուս կառույցների հետ, մերոնք բավական ցածր աշխատավարձ են ստանում: Այդ իսկ պատճառով մեր մոտ թվաքանակը նվազել է, ազատվում են աշխատանքից, բայց տնօրենի հանձնարարությունը կա, շատ արագ պետք է արձագանքենք և հնարավորություն ստեղծենք, բարձրացնենք: Բարձրացումը 210-220 հազարի մոտ է լինելու, էս պահին մոտ 160 հազար են ստանում»,- նշեց Հակոբյանը:
Նշենք, որ կան պատգամավորներ, որոնք դիմել են ԱԱԾ` գաղտնիության ռեժիմի թույլտվություն ստանալու համար, սակայն դեռ չեն ստացել: Այդ պատգամավորները նիստի դռնփակ հատվածին չկարողացան մասնակցել, քանի որ պետական ու ռազմական գաղտնիքին առնչվող հարցեր էին քննարկվելու, որի ժամանակ չէին կարող ներկա լինել:
Մեկնաբանել