
Ոստիկանությունը մտադիր է 2022-ի ավարտին ամբողջովին անցում կատարել կենսաչափական անձնագրերին
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց՝ ներդրված բալային համակարգն ի՞նչ արդյունք է ապահովել:
«Չար վարորդները գտան բալերը դեսից-դենից հավաքագրելու տարբերակ: Չկա մի օր, որ ցանկացած փողոցում ՃՏՊ չլինի, ու որպես կանոն խփում են հետևից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Փոխոստիկանապետը պատասխանեց՝ բալային համակարգն իր արդյունավետությամբ էական ազդեցություն է ունեցել․
«Այդուհանդերձ, պետք է նշենք, որ ավելացել է նաև ՃՏՊ-ների թիվը, և ցավոք, դրա հետևանքով ունեցած զոհերի թիվը»,- ասաց նա` նշելով, թե դրա համար օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ կան:
Արա Ֆիդանյանը հիշեցրեց, որ բալային համակարգը գործում է բացառապես տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում, իսկ տեխնիկական միջոցներով հագեցած է Երևանը:
«Երևանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը շատ ավելի քիչ է, քան մարզերում, բնականաբար, կարծում` եմ այն իր ադյունավետությունը տվել է»,- ասաց Արա Ֆիդանյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խնդրեց անդրադառնալ հին նմուշներով անձնագրերի վավերականության ժամկետների` ոստիկանության առաջարկած փոփոխություններին:
Ֆիդանյանը պատասխանեց` այն դեռ նախագիծ է, որը ներկայացվել է հանրային քննարկման:
«Ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում, որ կարողանանք 2022-ի ավարտին կամ 2023-ի սկզբին ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող լիովին նոր համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի մեզ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրմանը»,- ասաց նա:
Փոխոստիկանապետի խոսքով` այդ կերպ ոստիկանությունը փորձ է անելու հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր:
«Հին նմուշների անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից, և եթե մենք 2022 թվականին տրամադրենք տասը տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու առնվազն մինչև 2032 թվականը կիրառել ու շրջանառել հին նմուշի անձնագրերը»,-ասաց Արա Ֆիդանյանը:
Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ արդյոք կենսաչափական անձնագրերի տրամադրման վճարների փոփոխություն լինելու է, թե ոչ:
Փոխոստիկանապետն արձագանքեց` վերանայում կլինի, սակայն այժմ չի կարող ասել` որքան: Նրա խոսքով` նվազումը պայմանավորված կլինի նրանով, թե որ ընկերությունը հաղթող կճանաչվի, ու ինչ գին կառաջարկի այդ անձնագրերի համար:
Անդրանիկ Քոչարյանն էլ հետաքրքրվեց, թե գործող կենսաչափական անձնագիրն ու սպասվողը տարբերվելու են իրարից, թե ոչ: Արա Ֆիդանյանն արձագանքեց` իրավական առումով նույնն են, բայց ոստիիկանությունը դիզայնի փոփոխություն է նախատեսում, նաև՝ էջերի ավելացում, ինչը շատ ավելի երկարաժամկետ օգտագործման հնարավորություն կտա:
Մեկնաբանել