
Փաշինյանն ընդդիմադիր խմբակցություններին հրավիրեց դռնփակ քննարկման
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, թե երբ են վարչապետին զեկուցել, որ բավական մեծացել է պատերազմի հավանականությունը: Նա խնդրեց Նիկոլ Փաշինյանին նշել ոչ միայն ամսաթիվը, այլ՝ մոտավոր ժամերը, քանի որ դրանից, ըստ Աբրահամյանի, շատ դրվագներ է կախված։
«Էն որ պատերազմի շեմին ենք, կարծում եմ ՀՀ ղեկավարներին զեկուցվել է շատ պարբերաբար, օրինակ, 2011 թվականի Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո: 2018 թվականին իմ` վարչապետ դառնալուց հետո նման զեկույցները եղել են պարբերաբար, որ տեղեկություններ կան, թե Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` գրեթե ամեն օր էլ տեղեկություն է եղել, թե պատերազմը հնարավոր է, սակայն տեղեկությունների ֆիլտրումից հետո համապատասխան գերատեսչությունները գնահատական են տալիս, թե այն ինչքանով է հնարավոր:
«Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն էդ առումով վստահելի էր թվացել, բայց դրանից առաջ անընդհատ եղել են այդ տվյալները, որ պատերազմ է լինելու»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմության մեղադրանքներին` Արցախի սուբյեկտայնության նվազման վերաբերյալ: Նրա խոսքով` իր համար զարմանալի է, որ այդ հարցը բարձրացնում է «Հայաստան» խմբակցությունը:
«Դուք եք Արցախին բանակցային սեղանից դուրս թողել 1998 թվականին, և դա միջազգայնորեն արձանագրված փաստ է: Էդ որ ասում եք՝ Արցախի 72%-ը օկուպացված է, բա կներեք, այդ տարածքի 72%-ը, որ ձեր իշխանության օրոք բանակցային սակարկության առարկա էր, դրա մասին գիտեիք, ինչի՞ ձեն չէիք հանում»,- ասաց նա` դիմելով ընդդիմությանը:
Այս խոսքերից հետո ընդդիմադիր պատգամավորները տեղից խոսում էին` փորձելով հակադարձել Փաշինյանին:
«Ասում եք՝ պատերազմն ինչի չեք կանգնեցրել, բա չգիտե՞ք, որ կանգնեցնելու գինը էդ բոլոր տարածքները վերադարձնելու համաձայնություն տալն էր»,- ասաց Փաշինյանը:
Արմեն Ռուստամյանն իր տեղից ինչ-որ բան էր ասում, սակայն ձայնը լսելի չէր։ Փաշինյանը, պատասխանելով նրան, հայտնեց՝ «առաջիկայում փաստերը կբացահայտվեն»:
Պատգամավորների և Փաշինյանի բանավեճից հետո, ի վերջո, հանդիպման և քննարկման առաջարկ հնչեց: Փաշինյանն արձագանքեց` երբեք չի խուսափել խոսելուց:
«Երաշխավորում եմ, որ դռնփակ խոսակցության ժամանակ լրիվ ուրիշ խոսակցություն կգնա, ուրիշ տոներով, և ըստ էության, ընդունում եմ առաջարկը և երկու խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ հանդիպման»,- նշեց գործադիրի ղեկավարը։
Մեկնաբանել