
Ազատագրված տարածքներն ադրբեջանահայերի համար լավագույն վայրն են
Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանն ասում է, որ «1988-1992 թթ. ցեղասպանությանը եւ հետագա պատերազմական գործողություններին լուրջ գնահատական տալու» հարց են բարձրացնելու միջազգային հանրության առաջ: Նա հավաստիացնում է, որ առ այսօր ոչ մի միջազգային փաստաթղթում չի նշված ադրբեջանահայության խնդրի մասին:Այնինչ ի տրաբերություն Հայաստանից հեռացած ադրբեջանցիների, որոնք կարողացել են վաճառել իրենց տները, շարժական գույքն ու անասունը, Ադրբեջանից շուրջ կես միլիոն հայեր ուղղակի բռնի կերպով գաղթել են իրենց բնօրրանից: Եվ հիմա միջազգային կազմակերպությունները այս երկու խմբերին դնում են միեւնույն նժարի վրա` ոտնահարելով իրենց` ադրբեջանահայերի իրավունքները:
Ռ. Գյուլբանդյանը 1994-ից զբաղվել է փախստականների` ազատագրված տարածքներում վերաբնակեցմամբ: Նա, սակայն, ասում է, որ միջազգային հանրությունը միակողմանի է մոտենում վերաբնակեցման հարցին. մոնիտորինգ է անցկացվում միայն հայկական ուժերի կողմից ազատագրված տարածքներում, այնինչ նույնը պետք է արվեր նաեւ ադրբեջանահայերի լքած վայրերում: Ըստ բանախոսի` սա Ադրբեջանի եւ արտաքին ուժերի պատվերն է, որի հիմքում ընկած են էներգետիկ ընդհանուր շահերը:
«Ինչքան էլ արձանագրեն, թե այդ տարածքներում այսինչ քանակի բնակչություն կա, մենք գտնում ենք, որ դա 500.000 ադրբեջանահայության բնակության վայրն է»,- նշում է Գյուլբանդյանն ու ավելացնում, որ շուտով հրավիրելու են ադրբեջանահայության համագումար, որի նպատակներից մեկն էլ լինելու է ազատագրված տարածքներում ադրբեջանահայության իրավաքաղաքական միավորման ստեղծումը, որը զբաղվելու է վերջիններիս խնդիրներով ու համագործակցելու է ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների հետ: Բացի այդ` իրենք պահանջելու են պատժել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությանը:
Լիազոր ներկայացուցիչների կազմկոմիտեի անդամներից Արարատ Ծատուրյանը ավելացնում է, որ նախորդ դարավերջին Ադրբեջանի էթնիկական զտումների արդյունքում այսօր Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում, Բյուրեղավանում, Մասիսի, Արարատի, Վարդենիսի, Աշոցքի շրջաններում ադրբեջանահայերի ստվար հատվածներ կան: «Անհասկանալի է, թե փախստականներին հովանավորող միջազգային կառույցներն ինչպես են երաշխավորելու մեր անվտանգ վերադարձը մեր հայրենի բնօրրրան»,- շեշտում է Ա. Ծատուրյանը` բացատրելով, որ այսօր էլ շարունակում ենք գործ ունենալ Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների հետ:
«Փախստականների համար միակ տեղն ազատագրված տարածքներն են, որոնք իրենց բնօրրանի մի մասն են: Ուրեմն իրավունք ունե՞ն 700-800 հազար ադրբեջանահայերը պատսպարվել այդ տարածքներում,- հռետորական հարց է տալիս Ծատուրյանն ու շարունակում,- հիմա ԵԱՀԿ-ի ջանքերով շարունակվում է նույն ցեղասպանությունն ու դավադրությունը հայ ժողովրդի հանդեպ, քանի որ այդ տարածքների վերաբնակ փախստականներին փորձում են արտաքսել այնտեղից»:
Նա նշում է, որ 1994-ից իրենց հաջողվել է այդ վայրերում բնակեցնել մոտ 30.000 մարդու, սակայն այսօր վերաբնակների թիվը հասել է 15.000-ի, ավելին` ԵԱՀԿ փաստահավաք խմբի վերջին այցի արդյունքներով արձանագրվել է շուրջ 9000-ոց բնակչություն: Ծատուրյանն ասում է, որ նվազման պատճառներից մեկը սոցիալական խնդիրներն են, սակայն դա արդարացում չէ: Նա շեշտը դնում է հետեւյալի վրա. միջազգային հանրության աջակցությամբ փախստականները արտոնություններ պետք է ունենային վերաբնակեցման հարցում, բայց դա չի եղել, ավելին` ադրբեջանահայ փախստականները, ըստ բանախոսների, այդպիսի կարգավիճակ չունեն միջազգային փաստաթղթերում:
Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները պետականորեն մշակված ծրագրով վերաբնակեցում չեն իրականացնում ազատագրված տարածքներում: «Հետքի» այս հարցին Ռոման Գյուլբանդյանը պատասխանում է, որ հիմնական պատճառը արտաքին ճնշումներ են. «Ի սկզբանե փախստականների հարցը ՄԱԿ-ի կողմից պիտի երկկողմանի (հայ եւ ադրբեջանցի փաստականների մասով) լուծվեր: ՀՀ-ն ու ԼՂՀ-ն չունեին պետական ծրագիր, բայց աջակցություն կար: Միջազգային կառույցներին այն ժամանակ եւ հիմա էլ պետք չէ, որ այս տարածքները բնակեցվեն փախստականներով: Ես չգիտեմ` ինչ էներգետիկ ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ: Ամեն ինչ արվեց, որ ադրբեջանահայությունը կոմպակտ չմնա ինչ-որ տեղում, ինչը գլխացավանք կլինի Ադրբեջանի ու միջազգային հանրության համար: Ցավում եմ, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները պասիվ քաղաքականություն են վարում այդ հարցում»:
Լուս.՝ Հակբերի
Մեկնաբանել