
ԱԺ-ն քննարկում է ամանորյա տոնական օրերը կրճատելու նախագիծը
Խորհրդարանի հերթական նիստը մեկնարկեց ծափողջույններով: Առաջին անգամ նիստերի դահլիճ էր եկել Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, որը կալանավորված էր, սակայն օրեր առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանների միջնորդությունը և 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել վերջինիս։
Ընդդիմությունը նրան դիմավորեց ծափահարություններով, ինչից հետո տեղի ունեցավ նրա երդման արարողությունը:
Ապա առաջին ընթերցմամբ քննարկվեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կրճատել ամանորյա հանգստյան օրերի քանակը: Այն ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Փոփոխություններով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ այս նախագծի հանրային քննարկման ներկայացումից հետո իրեն շատերն են մոտեցել և խնդրել բարձրաձայնել, թե ում մտքով է անցել նման նախագիծ ներկայացնել:
«Ում մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդկանցից: Դուք նկատել եք, որ մեր ժողովուրդը չափից ավելի է աշխատում, կիրակի օրերին շինհրապարակներում են աշխատում, տոն օրերին խանութներում, մոլերում են աշխատում: Մեր ժողովուրդը հանգիստ որպես էդպիսին չունի, եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, էնտեղ տարին երկու անգամ հանգստանում են, մեր մոտ ամսի 31-ից 7-ն է առիթ ընտանիքով հավաքվելու»,-ասաց նա:
Նախարար Քերոբյանն արձագանքեց` իր մտքով է անցել նման նախագիծ ներկայացնել, ապա հիշեցրեց` նման նախագծով էր հանդես եկել նաև Կարեն Կարապետյանի կառավարությունը: Քերոբյանը նաև վստահեցրեց` բիզնես հանրություն կոնսենսուս ունի այս հարցի շուրջ, բոլորը կողմ են:
Գեղամ Նազարյանն արձագանքեց` նախագծի թաքնված նպատակը հունվարի յոթը մեռելոցը ոչ աշխատանքային դարձնելն է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն իր ելույթում նշեց, թե որևէ մեկից տոնը խլելու ցանկություն չկա: Նրա խոսքով` շատերը ամանորյա տոների համար վարկեր են վերցնում, սեղաններ գցում և մրցակցում միմյանց հետ: Ըստ նրա` այս նախագիծը կարող է նման արատավոր երևույթի դեմ պայքարել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը համաձայնեց` իսկապես պետք է շատ աշխատել, ապա հավելեց` այնպես չէ, որ հայ ժողովուրդը աշխատասեր չէ, ու նախագիծն է նման ազդակ տալու:
«Այլ հարց է, որ պետական ու քաղաքական պաշտոնյաները պետք է շատ ու ավելի շատ աշխատեն»,-ասաց նա:
Վարդևանյանի կարծիքով` նախագծում պետք է անցումային դրույթ լինի, սկզբում պետք է այդ օրերին աշխատեն պետական պաշտոնյաները, ինչպես` վարչապետ, փոխվարչապետ, նախարար, պատգամավոր, և ոչ թե ամբողջ հայ հանրությունը:
Վարդևանյանն անդրադառնալով Կարեն Կարապետյանի կառավարության հեղինակած նման նախագծին՝ հիշեցրեց, որ այդ նախագծով առաջարկվում էր հունվարի երկուսը և յոթը լինեն ոչ աշխատանքային: Պատգամավորի խոսքով` առաջարկելու են այդ տեսքով նախագիծն ընդունել:
Մեկնաբանել