
Վարչապետի նախկին խորհրդականը մտադիր է երկարացնել Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը
Նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանում նախատեսված է «ԱՏ մետալս» ՍՊԸ-ի Մեղրասարի ոսկու հանքավայրի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը: Այս մասին հայտնում է Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «ԱՏ մետալս» ՍՊԸ-ն ստացել է 2015 թվականին: Այն 7,5 տարվա համար էր նախատեսված: Այսինքն՝ ավարտվելու է գալիք տարվա հունիսին:
Ընդերքօգտագործման գործող պայմանագրի համաձայն՝ «ԱՏ մետալս» ՍՊԸ-ն պետք է տարեկան 45660 տ հանքաքար արդյունահաներ: Սակայն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախագծի տվյալների համաձայն՝ ընկերությունը միայն 2017 թվականին է արդյունահանում իրականացրել՝ 14257 տ ոսկու հանքաքար: Ընկերությունը 2016, 2018 և 2019 թվականներին արդյունահանում չի իրականացրել: 2020 թվականի տվյալները ԱՃԹՆ կայքում դեռևս արտացոլված չեն:
Արդյունահանված ոսկու հանքաքարի մի մասը՝ 10855 տ, 2017-ին ընկերությունն իրացրել է տեղական երկու ընկերության՝ «Թոմ ընդ միր միր» ՍՊԸ-ին՝ 1000 և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին` 9855 տ: Ընդհանուր արժեքը կազմել է 494 մլն 428 հազար դրամ:
Չնայած 2019-ին ընկերությունը արտադրություն ցույց չի տվել, այնուհանդերձ, իրացրել է 9203 տ ոսկի պարունակող հանքաքար «Չաարատ Կապան» ՓԲԸ-ին՝ 294 մլն դրամ արժեքով: Ինքնուրույն արտահանում չի իրականացրել:
«ԱՏ մետալս» ՍՊԸ-ում, հիշեցնենք, բաժնեմաս ունեն վարչապետեր Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանն ու որդիները: Նրանց գործընկերներն այստեղ ռուսներ են:
Այս հանքավայրի վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել. գլխավոր դատախազությունը հայտնել էր՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով պարզվել էր, որ նշված 133,6 հա մակերեսով հողատարածքի 33,0002 հա հատվածը համադրվում է «Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ին տրամադրված տարածքի հետ և ընդգրկված էր հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում։ Սակայն քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել