
ՍԴ-ն չորրորդ անգամ հետաձգեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցի սահմանադրականության քննությունը
Հոկտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) պետք է քններ Դիլիջան, Թումանյան, Տաշիր, Ալավերդի, Արթիկ և Զոլաքար համայնքների ղեկավարների դիմումների հիման վրա 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1. մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ, 9-րդ, 179-րդ և 181-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
Հիշյալ համայնքների ղեկավարները դիմումը Սահմանադրական դատարան էին ներկայացրել 2021թ․ փետրվարի 14-ին էին։ Ապրիլի 1-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշումով գործի դատաքննությունը նշանակեց 2021թ․ հունիսի 22-ին։ Այս գործով զեկուցող նշանակվեց ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը:
Այս որոշումից հետո ՍԴ նույն բովանդակությամբ դիմում ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի արդեն նախկին ղեկավար Արման Ղազարյանը։ Հունիսի 22-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշումով միավորեց համայնքների ղեկավարների նույնաբովանդակ դիմումները, ուժը կորցրած ճանաչեց գործի դատաքննությունն սկսելու ժամկետը՝ 2021թ․ հունիսի 22-ի որոշումը, և որոշեց գործը քննել 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ գրավոր ընթացակարգով։
Սեպտեմբերի 14-ին ՍԴ-ն դարձյալ դատաքննությունը հետաձգելու մասին որոշում կայացրեց, և գործի քննությունը նշանակեց հոկտեմբերի 19-ին։
Հոկտեմբերի 19-ին ՍԴ-ն որոշեց հետաձգել դատաքննությունը և նշանակել նոյեմբերի 16-ին՝ «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից» ելնելով։
Համոզված չենք, թե այդ օրը ՍԴ-ն որոշում է հրապարակելու։ Կարծում ենք, կրկին գործի քննությունը հետաձգելու հերթական որոշումը կկայացնի քանի որ առջևում դարձյալ տեղական ինքնակառավարման ընտրություններ են։ Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ համամասնական ընտրություններ են նշանակված նաև այն համայնքներում, որտեղ վարչապետի որոշումով համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակված՝ Թալին, Վանաձոր, Ջերմուկ, Վայք և այլ համայնքներում։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
ՍԴ դիմած համայնքների ղեկավարների դիրքորոշումն այն է, որ համայնքի ընտրված ղեկավարի պաշտոնավարումը պետք է երկարաձգել մինչև ընտրություններով նոր համայնքապետի ընտրվելը և ոչ թե կառավարությունը նոր ժամանակավոր պաշտնակատարներ նշանակի: Նշենք, որ այս տարի երկու տարբերակներն էլ լայնորեն կիրառեց գործադիր իշխանությունը։ Մարզպետները մի դեպքում երկարաձգեցին գործող համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, մեկ այլ դեպքում, հատկապես քաղաքային համայնքներում, վարչապետը նոր ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեց։
ՍԴ-ի շարունակական ձգձգումներից կարող ենք ենթադրել, որ պաշտոնակատարների նշանակումը օրենքի տեսանկյունից խնդրահարույց է։ Ամիսներ առաջ «Հայաստանի համայնքների միությունը» հայտարարություն տարածեց, որով կառավարությանն ու ԱԺ խմբակցություններին կոչ էր անում հրատապ օրենսդրական փոփոխություններով
- վերացնել ՀՀ վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հակասահմանադրական նորմերը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման իրավասությունը ամրագրելով համայնքի ավագանուն։
- Սահմանել, որ արտակարգ դրության կամ ռազմական դրության, ինչպես նաև ցանկացած այն դեպքում, երբ անհնարին է անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, կամ այդ մարմինների լիազորություններն ավարտվում են ընտրությունների օրից ավելի վաղ, ապա այդ մարմինները պաշտոնավարում են մինչև նորընտիր ավագանու և/կամ համայնքի ղեկավարի պաշտոնավարման սկիզբը՝ ապահովելով տեղական ինքնակառավարման անընդհատությունը։
Մեկնաբանել