
Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, քիչ առաջ մերժեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ նրա պաշտպանների բողոքը: Տոնոյանը կշարունակի գտնվել կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
Նշենք, որ Տիգրան Սահակյանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն է: Ազգային անվտանգության ծառայությունում համակարգչային մակագրման գործընթացին ենթադրյալ միջամտության առթիվ քրեական գործի հարուցումից հետո, Վերաքննիչ և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում գործերը դատարանների նախագահների կողմից են մակագրվում, և Սահակյանը, փաստորեն, իրեն է մակագրել Պաշտպանության նախարարի կալանքի դեմ բողոքը:
Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ: ԱԱԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Նա կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Նույն գործի շրջանակներում այս պահին կալանավորված են նաև «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի Ստեփան Գալստյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, չի կատարել այն արարքը, որում իրեն մեղադրում են:
«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:
Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:
Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար»,– ասված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ:
Մեկնաբանել