
Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել իմքայլական նախկին պատգամավորի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում և Գյումրիում, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել: Վարչապետ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) է նշանակել Վանիկ Օհանյանին, վերջինս Արամ Խաչատրյանի` մարզպետ նշանակվելուց հետո՝ դեկտեմբերի 17-ին, պատգամավորական մանդատ էր ստանձնել:
Վանաձորի` արդեն լիազորությունները դադարեցված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավարի ԺՊ-ի նշանակման փաստաթուղթը հակասական է որակում, հիշեցնում ՏԻՄ օրենքի անցումային դրույթների մասին, որտեղ ֆիքսվում են խոշորացվող համայնքների ղեկավարների պաշտոնավարման ժամկետները: Ասլանյանի խոսքով` Վանաձորի և Գյումրու պարագայում հստակ առանձնահատկություն կա, ըստ որի՝ այդ համայնքների ղեկավարները, համաձայն ՏԻՄ օրենքի, պետք է պաշտոնավարեն մինչև նոր համայնքի ղեկավարի ընտրության օրը, իսկ ավագանու անդամները` մինչև նորընտիր ավագանու անդրանիկ նիստի օրը:
«ՏԻՄ օրենքի շրջանակում ոչ մի քննադատության էդ փաստաթուղթը չի դիմանա»,- ասում է Ասլանյանը: Վերջինս, սակայն, փաստաթղթի օրինականությունն իրավական ճանապարհով վիճարկելու որոշում դեռ չունի:
«Դեռ պետք է հասկանամ՝ կարիք կա բողոքարկելու, էներգիա սպառելու, թե ուղղակի պատրաստվել ընտրություններին»,- ասաց նա:
Ասլանյանը չցանկացավ հայտնել՝ իշխող ուժի ներկայացուցիչներից առաջարկներ ստացել է, թե ոչ, ասելով` անձնական զրույցներին չի ուզում անդրադառնալ:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում սպասվում են ընտրություններ:
Մեկնաբանել