
«Կարմիր բլուր» հուշարձանի տարածքում կարևոր կառույց է պեղվում
Հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը հոկտեմբերի 7-ից պեղումներ է իրականացնում «Կարմիր բլուր» հնավայրում: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, որը ղեկավարում է հնագետների աշխատանքը, հայտնեց, որ ամիսներ առաջ թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարը և էքսկուրսավարը տարածքում քայլելիս կառույցի հետքեր էին նկատել: Անձրևից հետո հողը մաքրվել էր և նկատվել էր կառույցի պատը: Դրոնով ուսումնասիրել են տարածքը և հաստատվել է, որ այդ հատվածում հզոր պատերով՝ մոտ 20 մ երկարությամբ և 1,60 մ լայնությամբ, համալիր կառույց է գտնվում:
«Վստահ եմ, որ լուրջ կառույցներ են դրանք լինելու, միայն պատի լայնությունը և ձևը ինձ հուշում է, որ լուրջ բան է լինելու: Նման պատեր կարող է ունենալ միայն խիստ կարևոր կառույցը: Մի քանի օրից կունենանք ավելի հստակ արդյունքներ»,- ասաց արշավախմբի ղեկավար Մ. Բադալյանը և խոստացավ մեկ շաբաթից մանրամասներ հայտնել կառույցի մասին:
Նա հիշեցրեց, որ ռուս հնագետ Բորիս Պիատրովսկին նույնպես «Կարմիր բլուր»-ում պեղումներն այդպես է սկսել. հորդառատ անձրևից հետո Բ. Պիատրովսկին նկատել է, որ աղյուսները սկսել են տարբերվել, բարձունքից նկարահանվել է տեղանքը, և այդ ժամանակ ամբողջ ամրոցի հատակագիծն ուրվագծվել է:
«Կարմիր բլուր» կամ Թեյշեբանի հուշարձանը 36 հա տարածք է զբաղեցնում: Այն Ուրարտուի թագավորության ամենահայտնի հուշարձաններից մեկն է համարվում: Հնավայրում պեղումները սկսվել են 1936թ.-ից, որի արդյունքում միջնաբերդն է բացվել և քաղաքային հատվածը:
Անցյալ դարի 70-ական թվականներից հետո «Կարմիր բլուր»-ում պեղումներ չէին արվել, այդ հնավայրի համար գրեթե ֆինանսավորում չի հատկացվել: Հայկական արշավախումբը ներկայում աշխատանքներն իրականացնում է հայ գինեգործների, գինեգործական կազմակերպությունների և տարբեր անհատների նվիրատվության շնորհիվ: Մի քանի տարի առաջ, Հյուսիս-հարավ մայրուղին կառուցելու ժամանակ, որի մի հատվածն անցնում էր հնավայրի տարածքով, շինարարական կազմակերպության ֆինանսավորումով հնագետ Հակոբ Սիմոնյանը պեղումներ իրականացրեց՝ պեղվեց 300 դամբարան: Այս տարվա ապրիլին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքում մի քանի օրով պեղումները վերսկսվեցին:
Տարածքում շինարարները և «Կարմիր բլուր» մասաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանը հնագիտական իրեր էին նկատել: «Էրեբունի» թանգարանի աշխատակիցներն անվճար պեղել են տարածքը: «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն ասում է, որ հետաքրքիր նյութեր են հայտնաբերել, տարածքից գտնված սեպանախշերով խեցեղենի բեկորը, որը քիչ հանդիպող բացառիկ նմուշ է, կհամալրի թանգարանի հավաքածուն: Հնագետը նշում է, որ Թեյշեբաինի քաղաքը հարուստ է հնագիտական նյութերով, քաղաքի հրդեհվելու հետևանքով այստեղ բազմաթիվ իրեր են պահպանվել՝ հացահատիկ, տեքստիլի կտորների մասեր, սկյութական առարկաներ (զենքեր, ձիասարք, զարդեր) և այլն:
Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարած «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ պայմանավորվածություն ունեն, որ «Կարմիր բլուր»-ի պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը պետք է հանձնեն «Էրեբունի» թանգարանին:
«Այժմ ՊՈԱԿ-ի տնօրենի հետ հուշագիր ենք պատրաստում, մեկ ամսից մինչև պետք է տրամադրեն և, հավանաբար, դեկտեմբերի 25-ին համատեղ ցուցադրություն կկազմակերպենք»,- հայտնեց նա:
Միքայել Բադալյանի ասելով՝ «Կարմիր բլուր»-ից պեղված իրերը մի քանի թանգարանի հիմք կարող են հանդիսանալ: «Կարմիր բլուր»-ը պետք է իր թանգարանն ունենա, և այս իրերը այնտեղ հանգրվանեն: Նա տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը հանձն է առել հնավայրի տարածքի բարեկարգումը:
Լուսանկարները՝ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել