
Դաստակերտի հանքի նոր հավակնորդներ կան. դատարանում դեռ քննվում է ընդերքօգտագործման իրավունք ունեցող նախորդի հարցը
Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի համար նոր հավակնորդներ են հայտնվել այն պարագայում, երբ դատարանում դեռևս քննվում է դրա ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերության հայցը` ընդդեմ Տարածքային կառավարման նախարարի հրամանի:
«Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ-ն Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու հայտ է ներկայացրել: Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված նախագծի համաձայն` նախատեսվող գործունեության նպատակն է գնահատել Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի մասին մինչ օրս կուտակված երկրաբանական տեղեկատվության արժանահավատությունը, ձեռք բերել հանքավայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, կատարել լրաուսումնասիրություն, մանրակրկիտ ուսումնասիրել պաշարները:
Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տարածքում է, Դաստակերտ քաղաքից 3 կմ դեպի հարավ: Զբաղեցնում է 50 հա մակերես: Տարածքը եզրագծերով ներառում է Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Կենտրոնական և Հարավային տեղամասերը:
Երկրաբանական ուսումնասիրությունների տարածքի եզրագիծը համադրվում է Սիսիան համայնքի Լոր գյուղում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրի և այլ հողատեսքի, ինչպես նաև Սիսիան համայնքի Դաստակերտ քաղաքի հողամասերի հետ:
Ուսումնասիրվող տարածքի հիմնական գետը Կիշկոշտն է:
Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում հայտնի տեսակներից 2-ը գրանցված են ՀՀ Բույսերի Կարմիր գրքում՝ Գազ Աղասու (Astragalus agassii Manden), Վիշապագլուխ ողկույզային (Dracocephalum botryoides Stev), համապատասխանաբար որպես կրիտիկական և վտանգված տեսակներ:
Մեկ տեսակ Հայաստանի էնդեմ է՝ Բարակոտնուկ Ալբովին (Koeleria albovii Domin subsp. albovii), մեկ տեսակ՝ Կովկասի էնդեմ՝ Տիվարսակ աջարական (Helictotrichon adjaricum (Albov) Grossh): Սակայն նախագծողները վստահեցնում են, որ վերականգնվող ճանապարհների և հորատման հրապարակների տարածքում կարմիրգրքային բույսեր չկան։ Ըստ նախնական տվյալների՝ տարածքում լայն տարածում ունեն ուտելի, համեմունքային, մեղրատու, դեղատու, կերային, տեխնիկական եւ գեղազարդային նշանակության տեսակները:
Ովքեր են նոր հավակնորդները
2020թ. օգոստոսի 24-ին հիմնադրված «Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ-ն իրական սեփականատերերի հայտարարագիր է ներկայացրել, որտեղ նշված է, որ 75 % բաժեմասնակցություն ունի Սասուն Ավետիսյանը: Վերջինս միանձնյա սեփականատեր է նաև Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի համար ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ում:
Սասուն Ավետիսյանը նաև «Ապառաժ մայնինգ», «ԷյՋիԱրՍի», «Էս ընդ Էյ մայնինգ» ՍՊԸ-ներում է աշխատում:
Սասուն Ավետիսյանը միևնույն ժամանակ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, որը զբաղվում է պայթուցիկ նյութերի արտադրությամբ, մատուցում է հորատապայթեցման աշխատանքների իրականացման համալիր ծառայություններ:
Այս ընկերության գործարանը գտնվում է Քաջարանում` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող հանքավայրի վերին հատվածում: «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն էլ իրականացնում է պայթեցման աշխատանքներ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հանքավայրերում:
20% մասնակցություն ունի Սամվել Լյովայի Իվանյանը: Վերջինս նույնպես «Լիճքվազ» ՓԲԸ-ում է աշխատում: Նաև գործադիր մարմնի ղեկավարն է:
Բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովի անդամ է նաև Վահրամ Գագիկի Ավագյանը: Վերջինս փիլիսոփայական գիտությունների թեկնածու է:
Սուրեն Պապիկյանի հրամանն անվավեր է ճանաչվել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը, ով այժմ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, անցյալ տարվա հուլիսին արձակած հրամանով դադարեցրել էր «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի համար: Ընկերությունը, սակայն, դիմել էր Վարչական դատարան և բողոքարկել նախարարի հրամանը` պահանջելով այն անվավեր կամ առոչինչ ճանաչել:
Վարչական դատարանը, նախագահությամբ Դանիել Դանիելյանի, այս տարվա հունիսի 2-ի որոշմամբ բավարարել է «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարի: Դատարանն արձանագրել է, որ հրամանն ինքնին սխալներ չի պարունակել, սակայն խախտել է ժամկետները` վարչական վարույթ է հարուցել մարտին, իսկ իրավունքը դադարեցրել է 5 ամիս անց: Այնինչ, օրենքը 30-օրյա ժամկետ է սահմանում խախտումները չվերացնելու պարագայում ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու համար, ինչն արդեն բավարար է նախարարի հրամանն անվավեր ճանաչելու համար:
Նախարարրությունը, սակայն, բողոքարկել է, և այժմ գործը Վարչական վերաքննիչ դատարանի վարույթում է:
Հիշեցնենք, որ ընդերքօգտագործման իրավունքը կասեցվել էր հանքավայրը չշահագործելու պատճառով: Իսկ վարչական վարույթի շրջանակներում ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ Սիսիան համայնքի ղեկավարը չի տրամադրել համայնքին պատկանող հողակտորները աշխատանքների իրականացման համար, չնայած ընկերությունը բազմիցս դիմել է համայնքի ղեկավարին, սակայն վերջինս որևէ գրավոր պատասխան չի տվել, իսկ բանավոր խոսակցությունների ժամանակ հայտնել է, որ նախարարությունն արգելում է ընկերությանը հող տրամադրել։
«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի սեփականատերերը նույն՝ Արմանիսի հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետերերն են՝ ՌԴ երկու գործարարներ Դմիտրի Տրոիցկին` 70,34 % և Դմիտրի Կորժևը՝ 29,66 %։ Այս գործարարները ռուսաստանյան O'Kay հիպերմարկետների ցանցի հիմնադիրներն են: Վերջիններս նաև շահագործում են Վրաստանի Բոլնիսի շրջանի Սակդրիսիի հանքավայրը։
Սիսիանի համայնքապետարանն իր համաձայնությունը տվել է
ՇՄԱԳ նախագծում նշվում է, որ «Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ-ն գրությամբ հայտնել է նախատեսվող գործունեության իրականացման մտադրության մասին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարին։ Սիսիան համայնքի ղեկավարի հետ համատեղ որոշվել է առաջին հանրային քննարկման վայրն ու ժամը: Այդպիսով, հանրային քննարկումն անցկացվել է Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2020թ. դեկտեմբերի 22-ին: Քննարկմանը մասնակցել է 19 մարդ։ Քննարկումը վարել է Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը: Նա ներկայացրել է հանրային քննարկման առարկան, նշել նախատեսվող գործունեության նպատակը: Քննարկման վարողի խոսքից հետո Վահրամ Ավագյանը ներկայացրել է նախատեսվող գործունեության շրջանակներում կատարման ենթակա աշխատանքների հիմնական բնութագրերը, նախատեսված բնապահպանական միջոցառումները, որոշ տեղեկատվություն է տրամադրել փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ:
Հանրային քննարկման մասնակիցները առարկություն չեն հնչեցրել նախատեսվող գործունեության իրականացման վերաբերյալ։
Այդպիսով, Սիսիանի համայնքապետարանը նախնական համաձայնություն է տվել Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ուսումնասիրությունների համար։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումներն են նշանակված:
Մեկնաբանել