
ԱԺ-ն ընդունեց քաղծառայողների սոցփաթեթի ուղղությունները համալրելու նախագիծը
Խորհրդարանը հոկտեմբերի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով պետական պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական փաթեթի ուղղություններն ավելանում են: Նախագիծն ընդունվեց 56 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:
Կառավարությունն առաջարկում է սոցփաթեթի ուղղություններն ավելացնել` հնարավորություն ընձեռելով քաղծառայողներին օգտվել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև` գումարն ուղղել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարին:
Այս փոփոխություններով շահառուների թիվը չի ավելանալու, հատկացված գումարի չափը չի փոխվելու (տարեկան 72 հազար դրամ է տրամադրվում յուրաքանչյուր շահառուի):
Նշենք, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող որևէ անձ` պատգամավոր, նախարար, փոխնախարար, վարչապետ, փոխվարչապետ և այլք, սոցփաթեթի շահառու չէ:
Մեկնաբանել