
Ընդդիմությունը դեռ Սյունիքի հարցով նիստ է պահանջում
Ազգային ժողովում ընդդիմությունը շարունակում է պահանջել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի հարցով քննարկում իրականացվի, և հրավիրվեն ԱԱԾ տնօրենը, Պաշտպանության նախարարը և այլ պաշտոնատար անձինք:
Այս մասին խմբակցությունների ներկայացուցիչները հայտնեցին հերթական նիստի մեկնարկին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ չնայած Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամները նախորդ օրը նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ՝ այն չկայացավ:
Պատգամավորի խոսքով` նշված ժամին հանձնաժողովի իշխանական պատգամավորները չներկայացան:
«Դեռ ավելին` նշված ժամից կես ժամ հետո հանձնաժողովի նախագահի կողմից ստացանք գրություն, որն արհեստականորեն, չհիմնավորված խոչընդոտում էր նման արտահերթ նիստ գումարելու հարցը»,- ասաց նա:
Մանուկյանը պնդեց` ԱԺ նախագահությունից պահանջում են կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջները և թույլ չտալ անօրինականություններ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց` առանց օրակարգ առաջարկելու արտահերթ նիստի առաջարկ է արվել:
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն առաջարկեց այդ հարցն առանձին քննարկման առարկա դարձնել՝ պնդելով, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ ճիշտ մեկնաբանություններ է արել:
Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց ընդմիջման ժամին աշխատանքային կարգով հարցը քննարկել և հասկանալ:
Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները դեռ շաբաթներ առաջ դիմել էին՝ խնդրելով հրավիրել սահմանապահ զորքերի հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, Պաշտպանության նախարարին և այլ պաշտոնատար անձանց՝ քննարկելու սահմանում տիրող իրավիճակը:
«ԱԺ նախագահության կողմից ունեցանք խոստում, որ արվում է ամեն ինչ, որ այդ հանդիպումը տեղի ունենա առաջին դեմքերի մակարդակով»,- ասաց նա` հետաքրքրվելով, թե այդ ջանքերն ի՞նչ արդյունքի են հանգեցրել:
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունն այդ թեմայով զրուցել է ԱԺ նախագահի հետ՝ նշելով, որ գործուղումից վերադառնալուց հետո կարող են Ալեն Սիմոնյանի հետ այդ հարցը քննարկել:
«Ես կարծում եմ, որ այդ ժամանակ, դրանից մի քանի օր Կառավարության հետ հարցուպատասխանն էր այստեղ, որտեղ հենց վարչապետին ընդդիմադիր գործընկերները հնարավորություն ունեին հարցեր տալու՝ հենց նշված թեմաների վերաբերյալ»,- ասաց Ռուբինյանը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղման է, և այս ընթացքում նրա պարտականությունները ժամանակավոր Ռուբեն Ռուբինյանն է կատարում:
Մեկնաբանել