
«Էնտեղ լավ էր. Քարվաճառը որ ազատագրեն, էլի հետ կգնանք»
Վլադիմիրն ու Արևիկը ծանոթացել են պատերազմի ընթացքում: Վլադիմիրը պատերազմի առաջին օրը վիրավորվել է, տեղափոխվել Երեւանի Կանազի զինվորական հոսպիտալ: Հիվանդանոցում Վլադիմիրը ծանոթացել է բուժքրոջ՝ Արեւիկի հետ: Բուժման ընթացքում նրանք նշանադրվել են: Իսկ բուժում ստանալուց հետո Վլադիմիրը նորից մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմից հետո՝ նոյեմբերի 19-ին, նրանք ամուսնացել են` առանց հարսանիքի: Այժմ ապրում են Վլադիմիրի ընտանիքին ժամանակավոր հատկացված Երեւանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում: Արևիկը Երևանից է։ Ժպիտալով պատմում է ամուսնու հետ ծանոթության մասին։
«Հոկտեմբերի 15-ին պիտի գնայի Կանազի հոսպիտալ, հերթական ստուգումներին, բուժաշխատող եմ, էդտեղ ծանոթացա իր հետ, հաջորդ օրն արդեն ասեց, որ ուզում է շփվենք, սկզբում իհարկե կամուկացի մեջ էի, բայց համաձայնեցի»,- հիշում է Արևիկը։
Հոկտեմբերի 26-ին, երբ Արևիկը հերթական անգամ գնացել է Վլադիմիրին տեսակցության, ամուսնության առաջարկ է ստացել: Վլադիմիրը նրան մատանի է նվիրել։
«Էնտեղ լավ էր, որ ազատագրեն Քարվաճառը, մենք էլի հետ կգնանք, հա, հաստատ հետ կգնանք, էնտեղ իմ հարևանները շատ լավն էին, ամեն ինչն էր լավ, տուն ունեինք, դուրսը չէինք»,- ասում է 53-ամյա Կարինե Գուլիյանը։
Արցախյան 2-րդ պատերազմից հետո, երբ Շահումյանի շրջանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, Կարինեն ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան։ Նա այժմ 3 որդու ու հարսի՝ Արևիկի հետ բնակվում է «Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Կարինե Գուլիյանի հետ ծանոթացել ենք 2021թ. սեպտեմբերի 9-ին, երբ Շահումյանի, Հադրութի ու Շուշիի շրջանի տեղահանված բնակիչները Կառավարության առջև բողոքի ակցիա էին անցկացնում` պահանջելով լուծել իրենց կացարանի հարցը։ Կարինեն պատմել էր իր ընտանիքի մասին: Այդ ժամանակ պայմանավորվեցինք այցելել իրենց։
Ավան թաղամասում գտնվող դպրոցի դարպասների մոտ պահակը հարցնում է թե, ուր ենք գնում, Կարինեն 3-րդ հարկից ձայն է տալիս՝ ինձ մոտ են գալիս, թողեք ներս գան։
Պահակին հարցնում եմ՝
- Շա՞տ արցախցիներ կան շենքում:
-Որ՞ պատերազմից, է՞ս, թե՞ նախորդ, 92-ից էլ կան է ախր:
-էս պատերազմից, իսկ նախորդից շա՞տ են:
- 6 ընտանիք, հենա, որ բարձրանաք, տեսնելու եք։ Նախորդից էլ կան էլի։
Կարինեն մեզ դիմավորում է: Շենքում շինարարական աշխատանքներ են ընթանում, վերանորոգում են սանհանգույցները։ Մինչև իրենց սենյակ հասնելը, Կարինեն պատմում է, որ երբ նոր էին տեղափոխվել, պայմանները շատ վատ էին, հիմա բավականին փոխվել են, լավացել են: Ասում է` վարձով ապրելու հնարավորություն չունեն: «Եթե մերը կորցրել ենք, տվածից էլ պիտի գոհ լինենք էլի»,- ասում է նա։
Դպրոցում ապրում է 2020 թվականի Արցախյան պատերազմից տունը կորցրած 6 ընտանիք` 17 հոգի։ «Բնակիչների ընտանիքի անդամներից գոնե մեկը հոգեկան առողջության խնդիր ունի, դրա համար էլ էստեղ են կացարան հատկացրել»,- ասում է Կարինեն։ Դպրոցը գտնվում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի հարեւանությամբ:
Ընտանիքին հատկացրել են 3 սենյակ, մեկը ծառայում է որպես խոհանոց ու հյուրասենյակ, մյուս երկուսը ննջարան է։
Կարինեին հարցնում եմ՝ որդու եւ Արեւիկի ամուսնության մասին, ինչպես է ստացվել, որ որդին Արևիկին տեսել է ու միանգամից հավանել, կինը ժպտում է։ «Էդ էլ թող ինքը պատմի»,- ասում է նա։
Մինչև 1988 թվականը Կարինեն ընտանիքի հետ ապրել է Բաքվում, 1988-ին Հայաստան է գաղթել։ 2005-ին վերաբնակեցման ծրագրով տեղափոխվել է Շահումյանի շրջան՝ Նոր Բրաջուր գյուղ։
Այստեղ Կարինեն աշխատել է դպրոցում որպես պահակ: Կրտսեր որդին՝ 12-ամյա Արամը, ծնվել է Արցախում։ Կարինեի առաջին ամուսինը տարիներ առաջ է մահացել: 2-րդ ամուսինը՝ Հմայակ Գևորգյանը պայմանագրային զինծառայող է 25 տարի ծառայել է զինված ուժերում։ Կարինեի կրտսեր որդու՝ Արամի հայրը Հմայակն է։ Նրանք այժմ բաժանված են, Հմայակն ապրում է նույն դպրոցի հարևան սենյակներից մեկում։
Կարինեի ավագ որդին՝ 24-ամյա Յուրա Գուլիյանը, հաշմանդամության 3-րդ կարգ ունի, բժիշկը Յուրայի հիվանդության պատմության մեջ գրել է, որ նրա մոտ թեթև մտավոր հետամնացություն է, բայց ըստ Կարինեի` որդու վիճակն ավելի ծանր է, նա չի խոսում, հենաշարժողական ու մտավոր խնդիրներ ունի: Կարինեն պատմում է, որ տարիներ առաջ, երբ որդու հաշմադամության կարգն էին որոշում, իրեն առաջարկել են գումարի դիմաց առաջին կարգի հաշմանդամություն ձևակերպել, բայց հրաժարվել է: Յուրան նաև չի հաճախել դպրոց. տառաճանաչ չէ։
Նրան մայրը տարել է հանրակրթական դպրոց, տնօրենն ասել է, որ երեխան մնացած սովորողներին կխանգարի ու նրան դպրոց չեն ընդունել։
Կարինեի մոտ այս տարվա հունվարի 31-ին աղիների քաղցկեղ է հայտնաբերվել, նրան վիրահատել են։ Քիմիաթերապիայի 7 կուրս է անցել։ 8-րդ կուրսից հետո պետք է նորից վիրահատվի։
Վիրահատության ու քիմիաթերապիայի ծախսերը հոգում է պետությունը, բայց բժշկի նշանակած դեղերը ինքն է գնում։
Հիմա ընտանիքի անդամներից ոչ մեկն աշխաատանք չունի, Վլադիմիրը Արցախում պայմանագրային զինծառայող էր, այժմ չի աշխատում։ Հարսը՝ Արևիկը, արդեն մի քանի ամիս է` չի աշխատում։ Ապրում են Կարինեի ու Յուրայի թոշակով ու արցախցիների աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող 68 000-ական դրամներով։
Արևիկը երեխայի է սպասում, Կարինեն ուրախ է, որ տատիկ է դառնալու «թոռանս հետ զբաղվելով` մի քիչ կմոռանամ ցավերիս մասին: Եթե էսքան դիմացել ենք, ուրեմն լավ կլինի»,- ասում է կինը։
Մեկնաբանել