
Հայաստանի պետական պարտքը 8 ամսում 12.4%-ով աճել է
2021 թվականի օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 8 մլրդ 953 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալներից, մեկ ամսում՝ 2021 թվականի հուլիսի վերջի համեմատ, պետական պարտքը կրճատվել է 20 մլն դոլարով կամ 0.2%-ով:
Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն աճել է 984 մլն դոլարով կամ 12.4%-ով:
Հիշեցնենք, որ այս աճը հիմնականում պայմանավորված է այս տարվա հունվարին ներգրավված 750 մլն դոլար պարտքով։ Հայաստանը 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարի 26-ին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Ավելի պարզ ասած՝ արտաքին աշխարհից 750 մլն դոլարի նոր պետական պարտք է ներգրավել։
Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 6 մլրդ 653 մլն դոլար, որը մեկ ամսում նվազել է մոտ 25 մլն դոլարով կամ 0.4%-ով: Սակայն, տարեսկզբից արտաքին պարտքն ավելացել է 593 մլն դոլարով կամ 9.8%-ով: Արտաքին պետական պարտքը հիմնականում ձևավորվել է օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի և եվրապարտատոմսերի թողարկման հետևանքով:
Ներքին պետական պարտքը այս տարվա օգոստոսի վերջին կազմել է 2.3 մլրդ դոլար՝ մեկ ամսում աճելով 4 մլն դոլարով կամ 0.2%-ով: Տարեսկզբի համեմատ ներքին պարտքն աճել է մոտ 391 մլն դոլարով կամ 20.5%-ով:
Պետական պարտքի այս տարվա դինամիկան կարող եք տեսնել ինֆոգրաֆիկայում (թվերը կլորացված են):
Պետական պարտքի դինամիկան հաճախ համընկնում է միջազգային պահուստների դինամիկայի հետ։ Պետական պարտքի ներգրավման հիմնական նպատակներից մեկը պահուստների համալրումն է։ Այս տարվա փետրվարին Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ աճ գրանցեցին՝ հասնելով 3 մլրդ 184 մլն դոլարի։ Դա պայմանավորված էր հունվարին ներգրավված պետական պարտքով։ Հունվարին ներգրավված 750 մլն դոլարի պետական պարտքը «տեղ էր գտել» Հայաստանի միջազգային պահուստներում։
Հետագա ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև մայիս միջազգային պահուստների մակարդակը նվազել է, hետո՝ կրկին փոփոխվել, սակայն կտրուկ դինամիկա չի գրանցվել։
Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 3 մլրդ 215 մլն ԱՄՆ դոլար՝ այս տարվա հուլիսի վերջի համեմատ աճելով 136 մլն դոլարով կամ 4.4%-ով։
Ութ ամիսների կտրվածքով (2021թ. օգոստոսի վերջին 2020թ. դեկտեմբերի վերջի համեմատ)՝ միջազգային պահուստներն աճել են 600 մլն դոլարով կամ 22.9%-ով։
Հիշեցնենք, որ 2003 թվականից Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։ Պահուստները գրեթե ամբողջությամբ արտարժույթով են։
Մեկնաբանել