
Ազգային ժողովը քննարկելու է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը
Սեպտեմբերի 13-ին ութերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանն է մեկնարկելու, ԱԺ խորհրդի օրակարգում ընդգրկված է նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Նշենք, որ այս հարցը դեռևս յոթերորդ գումարման խորհրդարանից առկախված է մնացել: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրելու է մեկին:
Բեդևյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է, Այվազյանը և Հակոբյանը՝ վարչական դատարանի դատավորներ: Թեկնածությունները առաջադրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
ԱԺ խորհրդի օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Մարիամ Գալստյանի թեկնածության հարցը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տարեկան գործունեության մասին հաղորդումը: ԱԺ խորհրդի դրական եզրակացությոնը ստանալու դեպքում այս հարցերը կընդգրկվեն քառօրյայի օրակարգում:
Մեկնաբանել