
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ բոլորն էլ պատրաստվում են հերթական ընտրություններին
«Ժառանգությունը» մայիսի 21-ին կհրավիրի քաղաքացիական ժողովը, որը, ինչպես կուսակցության առաջնորդն է ասում, լինելու է հանգրվանային, քանզի կպարզվի, թե որոնք են հանրային ներկա մարտահրավերների լուծումները եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի «Ժառանգությունը»՝ հասարակության հետ միասին:
Ո՞ր քաղաքական ուժերի հետ է «Ժառանգությունը» պատրաստվում համագործակցել: Այս առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, թե իրենց օրակարգում հիմա դաշինք ստեղծելու, բեւեռ ձեւավորելու խնդիր չկա. «Մենք հերթական խորհրդակցությունների կատարման ընթացքում ենք: Թե դրանից ինչ կծնվի, կերեւա առաջիկա ամիսների ընթացքում»:
Նույն կերպ նա նշում է, թե այսօր չի կարող ասել՝ ընտրություններին միասնաբար մասնակցելու առաջարկով «Ժառանգությունը» Հայ ազգային կոնգրեսին կդիմի՞, թե՞ ոչ:
«Բայց եթե մեր հետագիծն ուղեցույց է, կարող եմ ասել, որ մենք այդ առաջարկով կդիմենք բազմաթիվ ուժերի՝ հասկանալով, որ մեր միասնական աշխատանքի մեջ է միայն քաղաքական արդյունքը»,- ասում է Հովհաննիսյանը:
Լրագրողները «Ժառանգության» առաջնորդից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով Լեւոն տեր-Պետրոսյանն ինչու է փոխել մարտավարությունը եւ արդյոք Կոնգրեսը փորձո՞ւմ է գնալ արտահերթ ընտրությունների, ինչպես հայտարարում են, թե՞ ուղղակի պատրաստվում է հերթականին:
«Իրենք ասում են, որ փոփոխություն չի եղել, եղել է պահանջների բյուրեղացում կամ մարտավարական փոփոխություններ: Ես կարծում եմ, որ հանրային միջավայրը փոփոխվել է, միգուցե կան արտաքին գործոններ,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը,- ակնհայտ է, որ այն նույն դիպուկ բնութագրումները, որ կային մի քանի տարի առաջ, այլեւս բացակայում են: Գոնե դա, կարելի է ասել, որ փոփոխություն է»:
Թեեւ ՀԱԿ-ը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը մնում է օրակարգում, ըստ Հովհաննիսյանի, բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական լուրջ դերակատարներն իրենց համարում են հերթական նախընտրական շրջանում: Ու ինչ էլ ասեն, միեւնույն է, նախապատրաստվում են հատկապես հերթական ընտրություններին:
«Ընտրությունների նախապատրաստման խնդիրը բոլորի օրակարգում կա՝ գոնե փակ հավաքներում: Եվ ես կարող եմ ինձ համար ասել, որ եթե խնդիրն այն է, թե պետք է մտնենք ԱԺ եւ մեր 7 տեղը դարձնենք 15 կամ արտախորհրդարանական կարգավիճակը՝ խորհրդարանական, եւ ակնկալենք, որ այդպիսով Հայաստանը կփոխվի, կունենանք օրենքի իշխանություն, սահմանադրական կարգ եւ այլն, ես կարծում եմ, որ դրանք անհիմն ակնկալիքներ են»,- ասում է «Ժառանգության» առաջնորդն ու ընգծում, թե պետք է շատ ավելի մեծ հարց լուծվի, ընդ որում՝ ոչ թե առանձին-առանձին, այլ «ամենաանհավանական բանաձեւերով եւ համատեղ դաշնային աշխատանքով»:
Իսկ մինչեւ ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը քաղբանտարկյալներն ազատ կարձակվե՞ն եւ եթե այո, ապա ինչի՞ դիմաց: Հարցին ի պատասխան էլ Ր. Հովհաննիսյանը նշում է, թե հուսով է, որ իրոք այդպես կլինի: Սակայն, ըստ նրա, քաղբանտարկյալները դեռ 3 տարի առաջ պետք է ազատ արձակած լինեին, քանի որ այս ընթացքում Հայաստանի հեղինակությունն արդեն իսկ տուժել է՝ այս հարցի լուծված չլինելու պատճառով, «եւ անհրաժեշտ է, որ այն, թեկուզ ուշացումով, լուծվի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել