
Կալանավորված պատգամավորների աշխատավարձը փոխանցվել է
«Հայաստան» խմբակցության կալանանավորված պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Մխիթար Զաքարյանի և Արմեն Չարչյանի օգոստոս ամսվա պատգամավորական աշխատավարձերը, այդ թվում՝ 50 հազարական դրամ պատգամավորական ծախսերի փոխհատուցման գումարը փոխանցվել է: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտել են խորհրդարանից:
Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցել ԱԺ ութերորդ գումարման որևէ նիստի, քանի որ մինչ նստաշրջանի մեկնարկը կալանավորված էին: Արմեն Չարչյանը մի քանի նիստի հասցրել էր մասնակցել: ԱԺ աշխատակազմը համապատասխան տեղեկանքների հիման վրա վերջիններիս բացակայությունները համարել է հարգելի:
Սարգսյանն ու Զաքարյանը չէին կարողացել ներկա լինել նաև առաջին նիստին, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունները նրանց թեկնածություններն էին առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում: Պատգամավորների կենսագրությունները տեղադրված են ԱԺ պաշտոնական կայքում, նրանք անդամակցում են նաև մշտական հանձնաժողովներին, սակայն ֆիզիկապես ներկա չեն կարող գտնվել որևէ նիստի, նույնսիկ՝ մեծ ցանկության դեպքում:
Ինչ վերաբերում է նախորդ գումարման խորհրդարանի ընդունած օրենքին, որով պատգամավորները ամսական 250 հազարական դրամ փոխհատուցում են ստանալու մարզեր այցելելու համար, ապա այդ օրենք ուժի մեջ դեռ չի մտել, այն կգործի հաջորդ՝ երկրորդ նստաշրջանից:
Նշենք, որ կալանքի դեպքում պատգամավորի լիազորությունները չեն կարող դադարել, օրենսդիրի լիազորությունները դադարում են՝ նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ այլ պատճառների (քաղաքացիությունից զրկվելու, անգործունակ ճանաչվելու և այլն) դեպքում:
Մեկնաբանել