
Նորից ի պաշտպանություն Հովհաննես Իշխանյանի
Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք ՀՀ դատախազությունից, ոստիկանությունից և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից անհապաղ դադարեցնել հալածանքները և քրեական գործ հարուցելու նախապատրաստությունը Հովհաննես Իշխանյանի նկատմամբ:
Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» պատմվածքների գրքույքի համար փետրվարի 27-ին կանչել են Ռազմական ոստիկանություն գրքում իրականություն փնտրելու պատճառաբանությամբ, ապա հարցաքննել: Որևէ մեղադրանք չկարողանալով կպցնել Ռազմական ոստիկանությունը փորձել է քրեական գործ հարուցել Քր.օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» համար:
Ստեղծված իրավիճակը կարելի է միանշանակորեն բնութագրել, որպես իշխանությունների կողմից ճնշումներ ստեղծագործական գործունեության դեմ, որը ոչ միայն խոսքի և արտահայտվելու ազատության հերթական ոտնահարումն է, այլև Հայաստանի պատմության 20 տարիների ընթացքում աննախադեպ երևույթ, երբ ուժային կառույցները գեղարվեստական գրքի համար հեղինակին պատասխանատվության են կանչում:
Իշխանությունների գործողություններին զուգահեռ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր են նետվում 1937 թվականների ձեռագրով, անհայտ «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն» խմբի անունից անստորագիր հայտարարություններ, ուր կոչ է արվում չհանդուրժել հեղինակին:
Հրատարակված ստեղծագործության շուրջ իրավիճակը բացահայտում է նաև, որ ուժային կառույցներում աշխատում են պաշտոնյաներ, որոնք չեն ընկալում գեղարվեստական գործի առանձնահատլությունները, և, որ ամենացավալին է` այնտեղ իշխում է գրաքննության ոգին, որից թվում էր թե Հայաստանը ազատվել է անկախություն հռչակելով:
Մեկ անգամ ևս, դատապարտում ենք հալածանքները Հովհաննես Իշխանյանի դեմ և պահանջում անհապաղ դադարեցնել քրեական գործ նախապատրաստելու գործողությունները իր նկատմամբ:
Ստորագրություններ`
1. «Ասպարեզ» լրագրողական ակումբ
2. Երևանի մամուլի ակումբ
3. Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
4. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
5. Իրավունքի գերակայություն
6. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
7. Համագործակցության հանուն ժողովրդավարության
8. Հայաստանի հելսինկյան կոմիտե
Որպես ապացույց վերը արտահայտած բողոքի և պահանջի, ստորև ներկայացնում ենք ստեղծված իրավիճակի ժամանակագրությունը.
- 2011 թ. մայիսին տպվել է, մայիսի 6-ին եղել է գրքի շնորհանդեսը «Բյուրոկրատ» գրախանութում:
- 2012 թ. փետրվարի 27-ին Հովհաննես Իշխանյանը կանչվել է Ռազմական ոստիկանություն պարզաբանում տալու թե արդյոք պատմվածքներում նկարագրված դեպքերը համապատասխանում են իրականությանը: Նրան տրված ծանուցագրում ասված է. «Ձեզ ռազմական ոստիկանություն հրավիրելը կապված է ձեր կողմից 2011 թ. հունիս ամսին հեղինակային հրատարակությամբ տպագրված «Ուվալնյատի օրը» գրքույկում շարադրված պատմվածքներում մատնանշված դեպքերի առնչությամբ գրավոր բացատրություն տալու հետ: Չներկայանալու դեպքում կենթարկվեք հարկադիր բերման»: Իշխանյանը հարցաքննությանը պատասխանել է, որ այդ պատմվածքները ամբողջությամբ հորինված են և ոչ մի իրական անձ այնտեղ չկա:
Ռազմական ոստիկանությունը փորձում է քրեական գործ հարուցել քր. օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» համար: Գիրքը փորձաքննության է հանձնում «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադնրեասյանին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գրավոր հայտնում է ՊՈԱԿ-ի պատասխանը, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ «շարժական մշակութային արժեքների փորձաքննության չափորոշիչները և մշակութային արժեքների փորձաքննության անցկացման ոլորտները չեն նախատեսում տպագիր նյութերի բովանդակային փորձաքննության իրականացում»:
- Մարտի 23-ին armenianow.com-ը հաղորդում է, որ ռազմական ոստիկանության սպա, իրավաբան Անահիտ Եսայանն ասում է, որ Իշխանյանի պատմվածքները խեղաթյուրում են իրականությունը, կոպիտ հայհոյանքները վարկաբեկում են ՀՀ զինված ուժերը, վիրավորում կրոնը, հայ մայրերին: Թերթը նաև հաղորդում է, որ ռազմական ոստիկանության ճնշումներով Բյուրոկրատ գրախանութը «Ուվալնյատի օրը» գիրքը հանել է վաճառքից:
- Մարտի 23-ին Հովհաննես Իշխանյանին կրկին հարցաքննում են Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանության քննաչական բաժնում:
- Մարտի 23-ին հարցաննվել է նաև թերթի տպագրիչը:
- Epress.am թերթը հայտնում է որ ոստիկանության լրատվական վարչությունից թերթին ասել են. «2011 թ. 300 օրինակով տպագրված 178 էջից բաղկացած 1500 դրամ արժողությամբ «Ուվալնյատի օրը» գրքում գռեհիկ ձևերով նկարագրված են սեռական հարաբերություններ` շարադրված կոպիտ հայհոյանքներով և արտահայտություններով»:
- Հայ ժամանակակից մի քանի գրողներ հայտարարություն են տարածել և ստորագրահավաք կազմակերպել ի պաշտպանություն Հովհաննես Իշխանյանի
- Ապրիլի 3-ին գրողները ստորագրություններով բողոքի նամակը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազություն
- Ապրիլի 4-ին գրքի տպագրիչը կրկին հրավիրել են հարցաքննության Երևանի Մաշտոցի ոստիկանությունում, նա հրաժարվել է բացատրություն տալ: Տպագրիչը չի ցանկանում իր անունը և հարցաքննվելու փաստը հրապարակել:
- Ապրիլի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հովհաննես Իշխանյանի դեմ ռազմական ոստիկանության և ոստիկանության նյութեր պատրաստելու հետ կապված ասել է . «Ցանկացած գեղարվեստական երկի նկատմամբ հետապնդման, մասնավորապես այս դեպքի կապակցությամբ մենք ունենք մեր դիրքորոշումը. որևէ իրավական հիմք չենք տեսնում հետապնդման համար: Սա կարող է մեր կողմից ապագայում գրաքննություն գնահատվել, բայց այսօր չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ մենք ունենք դիմում Հովհաննես Իշխանյանից, և գործը գտնվում է ընթացքի մեջ»: Մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ իրենք ակտիվորեն հետևում են այս գործին՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնեց. «Նախապես կարող եմ ասել, որ գեղարվեստական երկերի նկատմամբ ցանկացած գրաքննության փորձ խստորեն մեր կողմից դատապարտվում է և ընկալվում՝որպես խոսքի ազատության իրավունքի լուրջ սահմանափակում»:
- Ոստիկանությունը գիրքը ուղարկել է փորձաքննության այլ հիմնարկ (դեռ մեզ հայտնի չէ թե որը):
- Ապրիլի 6-ին Հայաստանի լրագրողների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը Հելսինկյան կոմիտեին նախագահ Ավետիք Իշխանյանին հայտնել է, որ ոստիկանությունից իրեն հարցրել են, թե արդյոք այս գիրքը կարող է պոռնկագրություն համարվել, ինքը պատասխանել է թե գեղարվեստական գրականության վրա չի կարող տարածվել պոռնկագրության վերաբերյալ քրեական այդ հոդվածը:
Լուս.՝ Ն. Արմենակյանի
Մեկնաբանել