
Հայաստանում այս պահին անձնագիր չեն տրամադրում
Հայաստանում այս պահին անձնագիր չեն տրամադրում։ «Հետք»-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որոնք հայտնում են, որ ցանկացել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից անձնագիր ստանալ, սակայն իրենց ասել են, որ Հայաստանում անձնագիր չկա, այս պահին անձնագիր ստանալ չեն կարող։
Ոստիկանություն լրատվական ծառայությունից տեղեկությունը հաստատեցին, սակայն մանրամասներ չեն տրամադրում, միայն նշում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, որի պատճառով այս պահին անձնագիր չի տրամադրվում։ Լրատվական ծառայությունից հայտնում են նաև, որ ավելի ուշ պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի։
Փորձեցինք Անձնագրային և վիզաների վարչության թեժ գծի հեռախոսահամարով մանրամասներ ճշտել, սակայն ոստիկանության կայքում գրանցված հեռախոսահամարն անդադար զբաղված է։
Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Երևանի տարածքային բաժանմունքների հետ կապվել ևս չի ստացվում․ հեռախոսահամարներին չեն պատասխանում։ Միայն Շիրակի մարզային վարչության բաժանմունքներից մեկի հեռախոսահամարին պատասխանեցին՝ նշելով, որ այս պահին իրենց ևս հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի անձնագիր ստանալ և առաջարկելով պարբերաբար կապի մեջ լինել իրենց հետ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել