
Տիգրան Աբրահամյան. «Արցախի կարգավիճակի հարցն այս պահին արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է»
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում կառավարության ծրագրի պաշտպանության և անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք դրույթներ:
Նա անդրադարձավ ծրագրում տեղ գտած խաղաղ զարգացման դարաշրջան բացելու կառավարության պատրաստակամությանը` ընդգծելով, որ նույն ծրագրում նշվում է, որ դրա իրականացումը միայն Հայաստանից չէ կախված: Ըստ Աբրահամյանի` ծրագրում նշված ցանկացած խոստում կարող է ներկայացվել որպես լավ ցանկությունների դաշտում եղած դրույթ, սակայն չիրականացումը պատճառաբանվի այս կամ այն պատճառով:
«Փաստացի պատերազմից հետո մենք ունենք տարածքներ, որոնք որևէ փաստաթղթով ներկայացված չեն որպես հանձնվող տարածքներ, բայց պատերազմի սպառնալիքի ներքո փոխանցել ենք Ադրբեջանին: Արդյոք Արդբեջանում կարո՞ղ են կարծել, որ ստեղծված իրավիճակում ունեն այլ հնարավորություններ Հայաստանին իր օրակարգը պարտադրելու և տարածքներ խլելու համար»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` քաղաքացիներին մտահոգում է նաև այն հարցը, որ այժմ երկրի սահմանների պաշտպանության հարցում իշխանությունն իր ձախողումները կարող է բարդել ուրիշների վրա, մասնավորապես՝ նախկին իշխանությունների: Նա նաև քննադատաեց իշխանություններին այն պատճառով, որ ծրագրում որևէ տեղ ֆիքսված չէ Արցախի Հանրապետություն եզրույթը:
Աբրահամյանի խոսքով` ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածում նշվում է, որ հարցի կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության ներքո` Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, սակայն միջազգային օրակարգում կարգավիճակի հետ կապված հարցը որևէ կերպ առաջին պլան բերված չէ:
«Արցախի կարգավիճակի հարցն այս պահին արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է, և այս հարցի չկարգավորումը, ցանկացած տիպի` սոցիալական, ֆինանսական, տնտեսական ներդրումների պարագայում որևէ խնդիր չի լուծելու»,- ասաց նա:
Ըստ Տիգրան Աբրահամյանի` ամենամտահոգիչն այն է, թե ինչ խնդիր է դրված զինված ուժերի առաջ, արդյոք զինված ուժերն ապահովելու՞ են Արցախի անվտանգություն, թե՞ ոչ:
Մեկնաբանել