
ԱԺ նիստերի դահլիճից հեռացում, ծեծկռտուք, վնասվածք ստացած ընդդիմադիր պատգամավորներ
Նորընտիր խորհրդարանի ու Կառավարության առաջին հանդիպումը վերածվեց քաշքշուկի ու ծեծկռտուքի: Ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով հեռացվեց նիստերի դահլիճից, վնասվածներ է ստացել նաև Արծվիկ Մինասյանը: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հետաքրքրվեց, թե ինչու են վարչապետին ուղեկցում անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, իր խոսքով` ախռանիկներ: Երբ քաղաքական մեծամասնության պատգամավորները սկսեցին տեղից խոսել, Մկրտչյանն ասաց.
«Կապիտուլյանտների կողմից ձայներ մի հանեք»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել Մկրտչյանի խոսափողը, նաև նկատողություն արեց ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանին` ասելով, որ մյուս անգամ նրան դուրս կհրավիրի նիստերի դահլիճից:
Պատգամավորների վիճաբանությունը շարունակվում էր, ինչից հետո ԱԺ նախագահը Աննա Մկրտչյանին զրկեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից: Հաջորդ հարցի իրավունքը Տիգրան Աբրահամյանինն էր, նա հետաքրքրվեց, թե ինչպիսին է վարչապետի վերաբերմունքը թիմակիցների կողմից տեղից արված ռեպլիկների վերաբերյալ:
Փաշինյանն արձագանքեց` ըստ իրեն թիմակիցները բավական զուսպ ու մեղմ են արձագանքում, ինչից հետո թիմակիցները սկսեցին գոռգոռալ: Տեղից խոսում էր Աննա Մկրտչյանը, ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց հեռացնել նրան նիստերի դահլիճից, վերջինս սակայն դահլիճից դուրս չէր գալիս: Անվտանգության աշխատակիցները բռնի ուժով վերջինիս փորձում էին հեռացնել դահլիճից: Ալեն Սիմոնյանը հայտարարեց քսան րոպե ընդմիջման մասին, պատգամավորները սկսեցին միմյանց քաշքշել, ապա դա վերածվեց ծեծկռտուքի: Անվտանգությունը բռնի ուժով օթյակից հեռացրեց լրագրողներին` խոչընդոտելով մասնագիտական գործունեության իրականացումը: Շուրջ 10-15 րոպե տևած քաշքշուկից ու ծեծկռտուքից հետո պարզ դարձավ, որ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Աննա Մկրտչյանը վնասվածներ են ստացել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել