
Էլիոս Ստեֆան Շուշա. «Գյումրին մենակ խոսքով սիրելով չէ, գործով ալ պիտի սիրես»
«Սիրեցի Գյումրին, հոս շատ կժպտան, ի տարբերություն Երեւանի»,- տղամարդն ինքն էլ է ժպտում՝ մատնացույց անելով ապակու վրա սպիտակ ներկով անգլիատառ գրվածքը. «Love Gyumri»: Զրուցակիցս Էլիոս Ստեֆան Շուշան է՝ Մերձավոր Արեւելքում բավական հայտնի ու սիրված դիջեյ: Գործունեության ընթացքում հասցրել է նվագել այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են՝ Ջոն Դիգվիդը, Սթիվ Լոուլերը, Անտոնի Կլամարանը, Բոբ Սինքլարը, Ֆերի Քորստենը, Քիթ Թոմփսոնը, Ֆրագման, Փուսիքեթ Դոլլսը, Դեյվիդ Վանդետան եւ Դեյվիդ Գուետտան:
Էլիոսը հայ է, թեպետ ոչ անունը, ոչ ազգանունը հայկական չեն: Ծնվել է Լիբանանում, մայրը հայ է, հայրը՝ քրիստոնյա արաբ: Ծնողների միությանն ի սկզբանե դեմ է եղել պապը՝ օտար ափերում ապրող Հակոբյանների ընտանիքում չի ողջունվել այլազգիի հետ ամուսնությունը: Սակայն «Միդըլիսթ» ավիաընկերության (Middle East Airlines) օդաչուի սերը հայ աղջկա նկատմամբ եւ հայկական ընտանիք տեղափոխվել-ապրելու որոշումը մեղմացրել է պապի դիրքորոշումը: Արդյունքում՝ Էլիոսը մեծացել է հայկական միջավայրում եւ ստացել հայեցի դաստիարակություն:
«Տատս միշտ կըսեր, որ անպայման պիտի գնամ Հայաստան եւ այնտեղից հայ աղջիկ առնեմ կնության»,-ասում է Էլիոսը: Բայց մինչեւ այդ որոշումը կայացնելը, շատ ժամանակ պետք է անցներ: Էլիոսի հայրը մահացել է բավական երիտասարդ հասակում: 16 տարեկան Էլիոսը, հոր մահից հետո, հեռացել է Բեյրութից եւ մեկնել Եգիպտոս, հետո՝ Քաթար, վերջին 12 տարին հաստատվել Դուբայում: 2018թ.-ին Էլիոսը մոր՝ տիկին Թագուհու հետ եկել է Հայաստան, ստացել հայկական անձնագիր եւ փորձել բիզնես հիմնել:
«Մենք շատ պատահական ենք ծանոթացել՝ սրճարանում,- ասում է Էլիոսի կինը՝ «MURADIAN» ապրանքանիշի հիմնադիր Տաթեւ Մուրադյանը,- ես պատահաբար լսեցի, թե ինչպես էր նա անգլերեն խոսում հեռախոսով եւ բողոքում, որ իրեն խաբել են. դա 2019թ.-ի սեպտեմբերն էր: Ասում էր, որ շատ հիասթափված է, ում հետ որ պիտի բիզնես սկսեին՝ իրեն խաբել են, եւ ուզում են գնալ այստեղից: Ես մոտեցա, բարեւեցի, ներողություն խնդրեցի, որ պատահաբար լսել եմ խոսակցությունն ու ասացի, որ պետք չէ վատ կարծիք ունենալ, որ ինքը պարզապես սխալ մարդու է հանդիպել: Հուսադրեցի էն մտքով, թե Հայաստանում կան շատ բարեխիղճ մարդիկ, եւ ինքը կարող է այլ գործընկեր գտնել»:
Ծանոթությունը ճակատագրական էր երկուսի համար էլ: Այդ օրվանից սկսվում է համագործակցելու, համատեղ բիզնես-նախագծեր կազմելու շրջանը: Տաթեւն արդեն փորձ ուներ լիբանանահայ ներդրողի հետ աշխատելու՝ ղեկավարել էր նրա հյուրանոցային բիզնեսը: «Ինձ ծանոթ էր նրանց մտածողությունը, սփյուռքահայերի պրոբլեմները Հայաստանում, ինքս առչնվել եմ, թե ինչպես են տեղացիները խաբում եւ ես՝ որպես գործադիր տնօրեն, ոնց եմ այդ հարցերը լուծում, ի վերջո, հինգ տարին քիչ ժամանակ չէր: Էլիոսի հետ ծանոթությունից հետո հաճախակի էինք հանդիպում: Ես այդ ժամանակ ընդունվել էի Բարսելոնայի բարձրագույն համալսարան, ուսումնասիրելու էի հյուրընկալության ոլորտի մենեջմենթը: Էլիոսը համոզեց չգնալ ու չկորցնել մեկ տարի, մանավանդ որ ոլորտը շատ լավ գիտեի, դրա փոխարեն առաջարկեց միասին սրճարան բացել»:
2020թ.-ի մարտի 8-ին Տաթեւն ու Էլիոսը որոշում են գնալ Գյումրի, շրջել, հանգստանալ: Ռիժկովի ճեմափողոցով քայլելիս շինություններից մեկի վրա նկատում են հայտարարություն՝ «տրվում է վարձով»: Էլիոսին արդեն հասցրել էր գրավել քաղաքն իր ճարտարապետությամբ, եւ որոշումը կայացվում է անմիջապես: «Էլիոսը բավական հետաքրքիր մոտեցում ունի բիզնեսին՝ շատ տարբերվող հայկականից,- նկատում է Տաթեւը,- Երեւանում, օրինակ, մեր բիզնեսն իրեն չէր արդարացնում, ինքը ներդրում էր արել, բայց, առանց ափսոսալու, կտրուկ որոշում կատարեց տեղափոխվել: Այսինքն` չկա հայկական մտայնությունը, թե` վա՜յ, ծախս եմ արել, մի քիչ էլ սպասեմ՝ կարող է լավ լինի: Ինքը կտրուկ է որոշումներ կայացնում, եթե ինչ-որ մի բան իր տեղում չի արդարացնում, ուրեմն պետք է այլ տեղ փորձել»:
Գյումրիում եվրոպական ոճի սրճարան բացելու գաղափարը համընկավ համավարակի սահմանափակումների հետ: Վերջին մեկ-երկու տարին տուրիստական այցերի աննախադեպ աճ գրանցած քաղաքում կյանքը մեռած էր: Սկսվել էր սնանկացման շրջան շատ բիզնեսների համար, փակվում էին ոչ միայն խանութներ, այլեւ սրճարաններ:
«Ես կարող եմ սրճարան բացել արտասահմանում ցանկացած տեղ՝ Դուբայում, Բեյրութում եւ այլն, ինձ ծանոթ միջավայրում ու ծանոթ պայմաններում, բայց ուզեցի հայրենիքիս մեջ ներդրում կատարել, ինչպես եղել է այցելությանս պահից սկսած,- նկատում է Էլիոսը,- Գյումրին ֆանտաստիկ սիրուն քաղաք է, հատկապես՝ ձմռանը: Սալիկապատ փողոցները շատ կհավնիմ, հին ճարտարապետությունը, որ պահպանվել է: Մեր ընտրած տարածքն էլ է Կումայրի արգելոցում, եւ երբ պիտի շինարարություն սկսեինք, բավականին փորձությունների միջով անցանք, բավական խնդիրներ ունեցանք՝ աս չի կարելի, ան չի թույլատրվի: Մյուս հոգսը մարդկանց քչությունն է, մարդիկ աշխատանք չունին՝ դուրս կերթան, մնացողներն էլ չեն ուզե աշխատել՝ չեմ հասկընա: Մատուցողի աշխատանք ունինք, չենք կրնա մատուցող գտնի քաղաքի մեջ»:
Մայիսի 1-ին Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում ազդարարվեց նոր սրճարանի՝ «The Arthouse»-ի բացումը: «Բացվելու հաջորդ առավոտյան մտածում էինք, որ եթե մինչեւ կեսօր մեր սեղանների հիսուն տոկոսը զբաղված լինի, ուրեմն հաջողել ենք,- ասում է Տաթեւը,- ու պատկերացրեք, որ հույսերը ոչ միայն արդարացան, այլեւ զարմանալիորեն գերազանցեցին մեր սպասումները»: Մեկ ամիս սրճարանում աշխատել են Երեւանից եկած մատուցողները: «Մենք անպայման ուզում էինք, որ մատուցողները տղաներ լինեն,- շարունակում է զրույցը Տաթեւը,- Գյումրիում այդ հարցը շատ բարդ է: Ես չգիտեմ, ամաչում են երեւի, համարում են, որ տղայի գործ չէ, ու մենք դժվարություններ ունեցանք: Ոչ մի աշխատանք ամոթալի չէ: Էլիոսն ինքն էլ սկսել է աշխատել վաղ տարիքից եւ սրճարանի իր առաջին գործն եղել է մոխրաման փոխելը: Մտածում եմ, որ եթե Գյումրիում էլ սրճարանային բիզնեսը զարգանա, մատուցողի աշխատանքն էլ բարձր վարձատրվի, ոչ թե կոպեկներ ստանան, ապա այլեւս ամոթալի չի համարվի կամ էլ՝ ոչ շահավետ»:
Բացումից ամիսներ անց պատկերը փոխվել է հօգուտ տեղացիների: Միայն շեֆ խոհարարն է տեղափոխվել Դիլիջանից: Ըստ Տաթեւի՝ փոքր քաղաքում բիզնես ստեղծելն ավելի գրավիչ է: «Ավելի լավ է մենք Գյումրիում լինենք տասից կամ հինգից մեկը, քան Երեւանում՝ միլիոնից մեկը: Երեւանում հիմա դժվար է բիզնես ստեղծել, եթե դու միլիոններ ու շատ մեծ PR չունես»,- նկատում է Տաթեւ Մուրադյանը: Էլիոսն ասում է, որ իրենց սրճարանում գները որոշակիորեն բարձր են նույն ճեմափողոցում գործող սրճարանների գներից, սակայն իրենք ամեն ինչ անում են, որ դա արդարացված լինի:
«Հապա վերաբերմո՞ւնքը հաճախորդի նկատմամբ,- կատակում է Էլիոսը,- հոս ընդունված չէ, որ սրճարանատերը դիմավորի հյուրին, տեղավորի կամ ինքը մատուցի, եթե հաճախորդները շատ են»: Ամուսնուն լրացնում է Տաթեւը՝ հիշելով, թե ինչպես են դժգոհող հաճախորդին առաջարկել չվճարել. «Երբ առաջին դժգոհող հաճախորդին, որ տղամարդ էր, մենք հյուրասիրություն արեցինք, վեր կացավ, թե՝ բա էս ի՞նչ եք անում, ես ի՞նչ է, իմ հաշիվը չեմ կարո՞ղ փակել: Բացատրեցինք, որ մենք դա նկատի չենք ունեցել, եթե ձեզ բուրգերի հացը դուր չի եկել, մենք դա համարում ենք հյուրասիրություն, դուք կարող եք չվճարել, իսկ մենք կաշխատենք լավացնել ուտեստի որակը, մենք պարտավոր ենք հյուրասիրել եւ ձեր տրամադրությունը բարձրացնել»:
Բիզնես միջավայրում, Էլիոսի համոզմամբ, Հայաստանում տիրող որոշակի սեփականատիրական, պահպանողական մտածողությունը շատ է խանգարում: Գյումրիում նման փորձ եղել է, երբ նույնատիպ բիզնես ունեցող մարդիկ հանդիպել են լիբանանահայ ներդրողի հետ, փորձել հետ կանգնեցնել իր մտադրությունից: «Ի՞նչ է նշանակում, թե սա իմ տարածքն է, մենակ իմ մոտ պիտի գան, ո՞վ է նման օրենք հանել,- տարակուսում է Էլիոսը,- կամ երբ իրար կողքի բացվում են սրճարաններ, վատ են տանում այդ հանգամանքը: Եղբայր, քայլում ես Բեյրութով եւ կողք-կողքի, իրար կպած սրճարաններ են, եւ ոչ մեկ ոչ մեկի չի ասում՝ դուն ինչի՞ բացվեցար իմ կողքի հետ: Բայց դա այլընտրանքային հնարավորություն է հաճախորդի համար,- հավելում է Տաթեւ Մուրադյանը,-բացի դրանից, մրցակցությունն է բարձրանում, ստիպում է ավելի լավ աշխատել, նոր բաներ մտածել՝ հաճախորդ գրավելու համար: Սա շատ կարեւոր հանգամանք է, որ բնորոշ է Հայաստանին, ոչ միայն Գյումրուն»:
«Գյումրին մենակ խոսքով սիրելով չէ, գործով ալ պիտի սիրես,- նկատում է Էլիոսը,- կըսեն՝ կըսիրենգ, կըսիրենգ: է՜հ, եթե կըսիրեգ, ուրեմն պիտի մտածեք զարգացնելու, ոչ թե իրարու խանգարելու մասին»:
Գլխավոր լուսանկարում՝ Էլիոս Ստեֆան Շուշան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել