
Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործը կուղարկվի Սյունիքի դատարան․ մեղադրական եզրակացությունը հաստատվել է
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործը կուղարկվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Այս գործի շրջանակներում նախ կալանքի տակ է եղել Լուսինե Ավետյանը, ապա՝ Առուշ Առուշանյանը։ Ավետյանին կալանավորելուց հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ վերջինս գործարքի է գնացել իրավապահների հետ՝ Առուշանյանի դեմ ցուցմունք տալու և ազատ արձակվելու վերաբերյալ։ Այժմ Ավետյանը գրավի դիմաց ազատության մեջ է, Առուշանյանը՝ կալանավորված։
Մեկնաբանել