
Տասնչորսամյա երեխան շարունակում է բռնության ենթարկվել, այս անգամ արդեն` հոգեբանական
Հնարավոր է, որ շատերն ինձ մեղադրեն լրագրողական էթիկայի խախտման համար այն առումով, որ ստիպված եմ սեռական բռնության ենթարկված մի աղջնակի ու նրա ընտանիքի մասին պատմող հոդվածիս մեջ ոչ միայն անուններ նշել, այլև տեղադրել մոր լուսանկարը: Չէի խուսափի նաև Աշխենի` ողբերգություն ապրող աղջկա նկարը ներկայացնել, եթե նա, չկարողանալով հանգիստ գտնել մոր ու անչափահաս քրոջ կողքին, հարկադրված չլիներ հոգեբուժարան գնալու:
… Օրեր հետո կլրանա մեկ տարին, ինչ համապետական մամուլում հրատարակվեց տեղեկություն այն մասին, որ տասներեքամյա աղջիկը սեռական բռնության է ենթարկվել հոր կողմից: Եվ մինչ աղջիկը Երևանում հղիությունն ընդհատելուց հետո հոգեբանական վերականգնողական աջակցություն էր ստանում բարեգործական մի կազմակերպության ճգնաժամային կենտրոնում, նրա ծննդավայր Գորիսում, երեխայի ընտանիքի դեմ իսկական «արշավանք» սկսվեց:
Առաջին բարիկադները կառուցեցին մի քանի վայ հարևաններ, ովքեր, իբր թե ստորագրահավաք կազմակերպելով, դիմում ներկայացրին Գորիսի ոստիկանությանը` ընտանիքին թաղամասից վտարելու համար, նախապես համոզելով նաև վարձակալին, որի հարկի տակ վարձակալությամբ ապրում էր ընտանիքը, որպեսզի պահանջի ազատել բնակարանը:
Մի քանի շաբաթ շարունակ տուժած ընտանիքն ապրում էր սպառնալիքների, հալածանքների մեջ, մինչև կարողացավ նոր բնակարան գտնել: Այդ ընթացքում կարճվեց նաև անչափահաս աղջկա դեմ սեռական բռնություն կատարելու համար հարուցված քրեական գործն այն հիմքով, որ նոր փորձաքննություններ են անցկացվում և իբր դրանք շարունակվում են նաև այսօր, և տուժողի մոր` Վարդուշի խոսքով` իրեն ասել են, թե փորձաքննության նմուշներն ուղարկվել են…Մոսկվա:
Անուշադրության է մատնվել նաև մոր պահանջը` սեռական բռնության մեջ առաջին կասկածվողից` հորից, նոր անալիզներ վերցնելու մասին: Թե ինչպես է, որ անչափահասի դեմ կատարված սեռական բռնության համար մինչև այսօր դեռևս որևէ կոնկրետ մեղադրյալ չկա, դա, ըստ էության, այլ քննարկման թեմա է, չնայած, դրա համար քննչական մարմիններն անգիր արած նախադասություն ունեն` թե գործի քննության շահերից ելնելով մանրամասներ չեն հաղորդվում:
Հնարավոր է և գուցե նաև իրատեսական, սակայն նույն իրավապահ մարմինները, բնականաբար, իրազեկված են նաև, թե աղջկա հետ կատարված դեպքից հետո ինչպիսի բարոյական հալածանքների է ենթարկվում ընտանիքը: Գրեթե ամեն օր տեղեկություններ են ստանում այն մասին, թե հասարակության որոշ խմբեր ինչպես են «պայքարում» առանց այն էլ մղձավանջի մեջ ապրող ընտանիքի` մոր ու երկու դուստրերի դեմ:
«Դեռևս ուսումնական տարվա սկզբին փորձեցի աղջկաս դպրոց տանել և հանդիպեցի մեծ դիմադրության. մինչ այդ քաղաքի Ակ. Բակունցի անվան դպրոցում էր սովորում աղջիկս, բայց հենց դպրոցում իմացան այդ մասին, սկսեցին սկզբում համոզել, հետո նաև սպառնալ: Որոշ ուսուցիչներ այդ մասին նաև բարձրաձայն էին ասում, հետո ծնողները ստորագրահավաք կազմակերպեցին պայմանով, որ եթե աղջիկս այդ դպրոցը հաճախի, նրանք իրենց երեխաների դպրոցը կփոխեն»,- պատմում է Վարդուշը` հավելելով, որ միայն Սյունիքի մարզպետի միջնորդությունից հետո դպրոցում համաձայնվել են անհատական ուսուցում կազմակերպել աղջկա հետ:
«Սկզբնական շրջանում այդ պարապմունքները կանոնավոր ընթանում էին, հետո դրանց պարբերականությունը խախտվեց, մի օր ուսուցիչը զբաղված է, մի օր հիվանդ է»,- ասում է աղջկա մայրը և շարունակում, որ այդ ընթացքում աղջիկը ստիպված էր փակված մնալ տանը, անգամ բակ չէր կարող դուրս գալ, որովհետև ոչ միայն իր հասակակիցներն էին սկսում նրան անվայել հարցեր տալ, այլ անգամ մեծահասակ հարևանները չէին խնայում աղջկան` շարունակելով հարցնել. «Ի՞նչ ես արել էրեխուդ…»:
Հոգեբանական ծանր վիճակում գտնվող աղջնակը երբեմն կարողանում էր, խուսափելով հարևանների ծաղրուծանակից, այցելել տիկին Ժասմենային` քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենին, ով նրան համակարգչով աշխատել էր սովորեցնում, սակայն հետզհետե աղջիկն ավելի ու ավելի նյարդային էր դառնում, քանի որ հարևաններն արդեն դիմել էին նոր վարձատուին` հորդորելով բազմաբնակարան շենքից հեռացնել նրանց ընտանիքին:
«Օրեցօր դուստրս ավելի ու ավելի էր խուսափում մարդկանց շփումից, ուստի որոշեցի նրան հոգեբանի մոտ տանել,- պատմում է Վարդուշը:- Ապրիլի սկզբին գնացինք Արաբկիրի «Երեխայի և դեռահասների առողջության ինստիտուտ», որտեղ ախտորոշվեց` «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում», և բժիշկ Սիրանուշ Հակոբյանը դեղորայքային նշանակում կատարեց` ասելով, որ նրան պետք է հեռու պահել հուզումներից: Երբ Երևանից վերադարձանք, արդեն ուշ ժամ էր, տուն հասնելով պարզվեց, որ էլեկտրիկն անջատել էր մեր բնակարանի էներգամատակարարումը: Փորձեցի պարզել, ասելով, որ պարբերաբար վճարում եմ ծախսված էներգիայի դիմաց, անգամ 3000 դրամ հավելավճար էի մուծել, բայց էլեկտրիկը շատ կոպիտ պատասխանելով ասաց, թե հոսանքն անջատվել է տանտիրոջ պահանջով, և ինքը ևս պնդեց, որ հաջորդ օրն ազատենք բնակարանը»:
Հաջորդ առավոտյան վարձակալված տարածքն ազատելու պահանջը կրկնում է նաև վարձատուն` սպառնալով դիմել ոստիկանություն: «Խնդրեցի սպասել մի քանի օր, մինչև մատչելի գնով տարածք գտնեի, բայց տանտերը չլսեց, շուտով նաև թաղայինը եկավ և ստիպված էի հացի փռի հացթուխի աշխատանքս թողած, վարձով բնակարան փնտրել: Այդ ընթացքում հոգեբանական ծանր սթրես ապրող աղջիկս շարունակ լաց էր լինում, ասելով, թե այլևս չի ուզում ապրել: Մի անգամ փորձեց դանակով կոկորդը կտրել և միայն հրաշքով կարողացա կանխել ողբերգությունը»,- դառնացած պատմում է Վարդուշը` նշելով նաև, որ բնակարանի էներգամատակարարումը վերականգնելու խնդրանքով դիմել է ԱԺ-ի ընտրությունների Հանրապետական կուսակցության Գորիսի նախընտրական շտաբին, բայց չեն ընդառաջել: «Հիմա ասում են մայիսի 6-ին ընտրություններ են, ես ի՞նչ սրտով գնամ, իմ ցավին ո՞վ է դարման անում, որ գնամ: Եթե ես էլ եմ էս քաղաքի բնակիչ, խի չեն թողնում հանգիստ ապրեմ»:
Վարձով բնակարան գտնելու փնտրտունքներով զբաղված լինելու և աղջկան մենակ չթողնելու պատճառով Վարդուշն աղջկան ժամանակավորապես տեղափոխել է Սյունիքի մարզային նյարդաբանական դիսպանսեր, չնայած, նրա խոսքով, դուստրը համապատասխան ախտորոշում չունի, դրա համար միջնորդել և աղջկան ուղեկցել է Գորիսի ոստիկանության մի աշխատակից:
«Չգիտեմ ինչ հանցանք ենք գործել ես ու աղջիկներս, որ էս քաղաքում չենք կարողանում խաղաղություն գտնել և արդեն մեկ տարի է, ինչ շարունակվում ենք հալածվել, իսկ ոստիկանությունը, փոխանակ գտնելու, թե ով դժբախտացրեց 14-ամյա աղջկաս, ով խլեց մեր ընտանիքի անդորրը, դեռ աջակցում է տանտիրոջը, և թաղայինը ևս վարձատուի դիմումի համաձայն պահանջում է օր առաջ ազատել տունը»,- արցունքն աչքերին ասում է Վարդուշը ու չի կարողանում հասկանալ, թե որն է իր ընտանիքի մեղքը, ինչու է հանցագործը անպատիժ մնում, իսկ մանկահասակ աղջիկների հետ ինքը ստիպված է պայքարել մարդկանց հալածանքների դեմ, չնայած, ըստ Վարդուշի, իր համար սարսափելին այն է, որ աղջիկը մշտապես ասում է, թե այլևս չի ուզում ապրել և արդեն մի քանի անգամ փորձ է արել իրեն ցած նետել քաղաքի դիտակետից:
«Թող մեզ հանգիստ թողնեն, գիշեր-ցերեկ կաշխատեմ, ընտանիքս կպահեմ, կարող է և ժամանակի ընթացքում աղջիկս սթեսից դուրս գա ու ապրելու ցանկություն ունենա»,- ասում է Վարդուշն ու երևի ինքն էլ չի հավատում իր խոսքին, որովհետև մեկ տարի անց էլ տասնչորսամյա երեխան շարունակում է բռնության ենթարկվել, այս անգամ արդեն` հոգեբանական:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել