
Դատավոր Դավիթ Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց
Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը:
Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր Ռուստամ Բադասյանի` Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Գրիգորյանի հարցազրույցներից մեկից հետո: Նախարարության պնդմամբ` Գրիգորյանն իր հարցազրույցով միջամտել է մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործին:
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը երկու տարի առաջ կասեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պն նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործն ու դիմել Սահմանադրական դատարան:
Այս որոշումից հետո Գրիգորյանը մի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա լիազորությունները կասեցվել են, իսկ վերը նշված անձանց վերաբերյալ գործը վերամակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:
Լրագրողի հետ զրույցում դատավոր Դավիթ Գրիգորյանին հարց է տրվել իր կայացրած որոշման մասին, վերջինս էլ, իր պնդմամբ, իրավագիտական գնահատականներ է տվել: Նախարարությունը, սակայն, գործի վերաբերյալ Գրիգորյանի մեկնաբանությունը դիտարկել է որպես Աննա Դանիբեկյանի վարույթում քննվող գործին միջամտություն:
Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու վերաբերյալ որոշման տակ ԲԴԽ իրավաբան գիտնականներից միայն Գրիգոր Բեքմեզյանն է ստորագրել: Որոշման տակ ստորագրած մյուս ԲԴԽ անդամները դատավորներ են` Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, Ստեփան Միքայելյանը: ԲԴԽ մյուս դատավոր անդամը` Մեսրոպ Մակյանը, արձակուրդում է:
Մեկնաբանել