HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների դինամիկան վերջին 10 տարում

Վերջին 2.5 տարում Արդարադատության նախարարը Բարձրագույն դատական խորհուրդ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ավելի շատ միջնորդություն է ներկայացրել, քան դրան նախորդած 9 տարվա ընթացքում:

«Հետքն» ուսումնասիրել է 2010 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ընթացիկ տարվա մինչև հուլիս ամսվա դրությամբ՝ Արդարադատության նախարարի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների վիճակագրությունը:

2010 թվականից մինչև 2019 թվականը դատավորների վերաբերյալ մեկ տարվա ընթացքում քննվել է 1, 2, 3 կամ 5 միջնորդություն, իսկ 2019 թվականից սկսած՝ այս թիվը կտրուկ աճել է:

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ 2010 թվականին ներկայացվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2 միջնորդություն, 2011-ին՝ 2, 2013-ին՝ 3, 2014-ին՝ 5, 2015-ին՝ 2, 2016-ին՝ 2, 2017-ին՝ 1, 2018-ին՝ 1։ Մինչդեռ  2019 թվականի ընթացքում նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 8 միջնորդություն, 2020-ին՝ 14 , 2021 թվականի հուլիսի դրությամբ՝ 11 միջնորդություն:

2010 թվականից մինչև 2019 թվականը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների ընդհանուր թիվը 20 է, որին հաջորդած ընդամենը 2,5 տարում՝ փաստորեն 33: Կարգապահական վարույթների թվի կտրուկ աճը համընկնում է Ռուստամ Բադասյանի՝ Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածի հետ:

Նորանշանակ նախարարը համարում է, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են եղել

Բադասյանն օրեր առաջ ազատվել է Արդարադատության նախարարի պաշտոնից ու նշանակվել ՊԵԿ նախագահ, այժմ նախարարը Կարեն Անդրեասյանն է: Նախկինում Մարդու իրավունքների պաշտպան եղած նախարարը 2013 թվականին հրապարակել է «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույց, որում անդրադարձել է այն ժամանակ դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներին:

2013-ին Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս ձևավորված չէր: Այն ժամանակ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննում էր Արդարադատության խորհուրդը:

Անդրադառնալով Խորհրդի գործունեությանը՝ կապված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ, Կարեն Անդրեասյանն արձանագրել է, որ «Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայում «ամենարդյունավետ» լծակն է՝ դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար, ինչպես նաև ընդգծել, որ «դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով դատավորներին ճնշելու ողջ համակարգը գործում է երկակի ստանդարտների կիրառմամբ: Այսինքն՝ «վերադաս դատավորներին» ենթարկվող դատավորը իր խախտման համար, հիմնականում, չի ենթարկվում պատասխանատվության, իսկ չենթարկվող դատավորը, միևնույն խախտման համար կամ նույնիսկ առանց որևէ խախտման, ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության»:

Սա, ըստ էության այն է, ինչի մասին այժմ էլ բարձրաձայնում է իրավական հանրությունը։ Դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների քննության ժամանակ ԲԴԽ նիստերի դահլիճում մեծ թվով դատավորներ, փաստաբաններ են ներկա լինում։ Իրավական հանրությունը բարձրաձայնում է այն մասին, որ անկախ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները դարձել են նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոց։

Նշենք, որ վերջին շուրջ 2,5 տարվա ընթացքում այնպիսի դատավորների նկատմամբ են վարույթներ հարուցվել, ինչպիսիք են իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, նույն դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Ազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Հովհաննիսյանը։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտնած դիրքորոշումներից կարելի է հասկանալ, որ նա չի պատրաստվում դադարեցնել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու պրակտիկան: Վերջինս, խոսելով տարիներ առաջ իր կողմից հրապարակված զեկույցի մասին, «Հետք»-ի հարցին ի պատասխան նշեց, որ զեկույցում իր կողմից նշված խնդիրներն այլևս արդիկական չեն:

«Իմ դիրքորոշումը չի եղել, որ կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելն է խնդիրը՝ դատավորներին ճնշելու հարցում: Խնդիրը եղել է այն, թե ինչ կարգապահական վարույթներ են հարուցում, ինչ նպատակով են հարուցում, ինչ որակով են հարուցում և ինչ որոշում է կայացնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում: Ես կարող եմ ասել, որ այն ժամանակ իմ բարձրացրած խնդիրն այժմ ակտուալ չէ, որովհետև այս Բարձրագույն դատական խորհուրդը՝ այս կազմով, այս ժամանակաշրջանում թափանցիկ քննություն է իրականացնում: Ժամանակին այդ քննությունները նույնիսկ հրապարակային չէին, մարդիկ տեղյակ չէին լինում։ Այժմ օրենսդրական մեծ առաջընթաց է արվել, և այսօր բոլորը կարող են հետևել, թե որքանով են արդար «դատում» դատավորները»,- ասաց Կարեն Անդրեասյանը։ Մեր հարցին՝ Արդարադատության նախարարի կողմից մեծ թվով վարույթներ հարուցելը Անդրեասյանը ճի՞շտ պրակտիկա է համարում, նախարարը պատասխանեց, թե երբ խոսում ենք դատական համակարգը մաքրելու, զտելու մասին, մեխանիզմը կարգապահական վարույթներն են:

«Դա օրինական է, արդար է, ճիշտ է, և ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են, և դրանցով ստացված արդար պատասխանատվության միջոցներն առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել, բայց իմ նախորդի՝ պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ դատական համակարգի աստիճանական զտումը, մաքրումը սկսվել է»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով, որ ինքը հանդիպումներ է ունեցել դատական բարեփոխումների ոլորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների, իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչների հետ, ցանկանում է քննարկումների արդյունքում ստանալ ամենաարդար և լավ մոդելը՝ «վատ» դատավորներին համակարգից դուրս մղելու համար։

«Այն, որ դատական համակարգը կարիք ունի մաքրման, ինձ թվում է՝ բոլորն են ասում, և նույնիսկ նրանք, որոնք դժգոհում են ինչ-ինչ պրոցեսներից»,- ասաց Անդրեասյանը։

Կարեն Անդրեասյանը 2013 թվականի զեկույցում խոսել էր նաև դատական իշխանության ոլորտում կաշառքի առկայության մասին, անգամ հստակ թվեր նշել, թե որ ատյանի դատարանում կաշառքի գներն ինչ գումարի շրջանակներում են տատանվում։ Մեր հարցին՝ արդեն որպես Արդարադատության նախարար ինչպե՞ս է վարվելու իր ունեցած ինֆորմացիայի հետ, Անդրեասյանը պատասխանեց, որ հանցագործությունների մասին տվյալներն իրեն վստահվել են՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, և աղբյուրներն իրեն դեռ այն ժամանակ արգելել են իրենց անունները հրապարակել կամ տեղեկություններ տալ իրավապահ մարմիններին, հակառակ պարագայում ինքն այդ ինֆորմացիան դեռ այն ժամանակ կփոխանցեր իրավապահներին։

«Այն ժամանակ մարդիկ ինձ վստահում էին, բայց վախենում էին դիմել իրավապահներին, որովհետև գիտեին, որ իրավապահներից ոմանք կապված են հենց այդ կոռումպացված դատավորների հետ։ Բնական է, որ ես այն ժամանակ չեմ հրապարակել, մեր միջև անգամ գրավոր պայմանավորվածություն է եղել, և հակառակ իրավունք՝ հրապարակելու վերաբերյալ ես չեմ ստացել։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ենք վարվելու կոռումպացված դատավորների հետ, ես արդեն ասացի, որ կարգապահական պատասխանատվության միջոցը «վատ» դատավորների նկատմամբ այսօր ամենագործուն մեխանիզմն է, որով մենք կարող ենք մեր պայքարը շարունակել, իհարկե, մենք մեր գործընկերների հետ կքննարկենք նաև այլ եղանակներ»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Մեր դիտարկմանը, որ գուցե նախարարի ընկալմամբ «վատ» դատավորներն իրենց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չտան, այդ դեպքում ինչպե՞ս  է նա գործի դնելու իր կողմից նշված լծակները, Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ վիճակագրություն ներկայացնելով։ Ըստ Անդրեասյանի՝ Մարտի 1-ի դեպքերով դատական գործեր քննած 24 դատավորից այս պահին որպես դատավոր պաշտոնավարում են ընդամենը 12-ը։ Այսինքն՝ ըստ նախարարի՝ տեղի է ունեցել տարօրինակ զտում, տարօրինակ ազատում այն դատավորներից, որոնք կասկածելի վճիռներ են կայացրել Մարտի 1-ի գործերով։

«Ինչո՞ւ եմ ասում՝ կասկածելի․ քանի որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ կայացրել է վճիռներ այն մասին, որ այդ դատավճիռներն անարդար են եղել։ Այն դատավորը, որը կոռումպացված կամ անգրագետ է, իմ զեկույցից հետո էլ շարունակել է կրկնել սխալներ, գործել, կատարել հանցագործություններ, իսկ մեր օրենսդրությունն ինձ թույլ է տալիս հետ գնալ 8 տարի և վարույթներ հարուցել վերջին 8 տարիների ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ։ Սա, ըստ Անդրեսայանի, հենց այն ժամանակաշրջանն է, որտեղից ինքը սկսել է իր արտահերթ զեկույցը։

«Այնպես որ ես շնորհակալ եմ նախորդ նախարարներին, Ռուստամ Բադասյանին, որ ինձ թողել է այնպիսի ժառանգություն, որ ես 2013 թվականից կիսատ թողած գործս կարող եմ շարունակել»,- ասաց Անդրեասյանը։

Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Լիլիթ Թադևոսյանը Մարտի 1-ի գործով դատախազ է եղել։ Մեր հարցին՝ Անդրեասյանն ի՞նչ կարծիք, դիրքորոշում ունի Թադևոսյանի վերաբերյալ` հաշվի առնելով, որ նա ևս Մարտի 1-ի գործին նախկինում առնչված անձ է, նախարարը պատասխանեց՝  « դատախազը կարող է անգամ, մեր պատկերացմամբ, անարդար մեղադրանք պաշտպանել այն իմաստով, որ մեղադրանք պաշտպանող կողմը կարող է տեսնել նախաքննության այն հիմքերը, որոնք դրված են գործում, բայց իմ թիրախը միշտ եղել է դատարանը, քանի որ արդարությունը պետք է ակնկալել դատարանից»։

Ինչ վերաբերում է Լիլիթ Թադևոսյանին, Անդրեասյանը չի ուսումնասիրել, թե Մարտի 1-ի կոնկրետ գործով ի՞նչ է արել Թադևոսյանը՝ որպես դատախազ, բայց նրան գիտի որպես պարկեշտ ու գրագետ իրավաբան։ Նախարարն ասում է՝ եթե կհայտնաբերվի որևէ խախտում, որը թույլ է տվել Վճռաբեկ դատարանի նախագահն, ապա ինքը օրինականության սկզբունքով կառաջնորդի նաև այս դեպքում, բայց և հույս հայտնեց, որ Թադևոսյանի հետ իրենց համագործակցությունն կլինի արդյունավետ ու իրենք կկարողանան ի վերջո վերականգնել պատմական արդարությունը դատական ոլորտում։

«Արվում են այնպիսի անմիտ քայլեր, որոնք հետո անչափ ծանր հետևանքներ են թողնելու»

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն ասում է, որ դատավորների վերաբերյալ վարույթների անբնական մեծաքանակ լինելը դատավորների նկատմամբ ճնշում է:

«Ցավոք, հանրային իշխանության իրավագիտակցությունը բացահայտ հակված է դատական իշխանությունը հնարավորինս գործադիր իշխանության կամակատար դարձնելու առաքելությանը՝ համարելով այն իբրև հեղափոխության անքակտելի բաղադրիչ։ Դե իսկ միջոցների հարցում որևէ կաշկանդվածություն չունեն։ Իսկ կարգապահական, ինչպես նաև քրեական պատասխանատվությունը այս ամենի համատեքստում իրենց կողմից ընկալվում է չափազանց գրավիչ ու գործուն հնարք։ Վարույթների անբնական մեծաքանակ լինելը դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու փորձ չէ, այլ հենց ճնշում է, հընթացս ճանապարհ է հարթվում՝ թափուր տեղերը բացառապես յուրային դատավորներով համալրելու համար»,- ասաց Գևորգ Դանիելյանը:

Վերջինս դիտարկում է՝ եթե իշխանությունները չխորշեցին անգամ ակնհայտ խախտումներով սահմանադրական այնպիսի փոփոխություններից, որոնց արդյունքում ապօրինի դադարեցվեցին ՍԴ առնվազն երեք դատավորի լիազորությունները, ապա ի՞նչը պետք է նրանց հեռու պահի մեծաքանակ կարգապահական վարույթների հրապուրանքից։ Դանիելյանը ցավով փաստում է, որ այս բնույթի նախաձեռնություններին միջազգային հեղինակավոր կառույցները վերաբերում են կրավորական կեցվածքով, ինչն արդեն աշխարհաքաղաքական այլ միտումների ու հեռահար ծրագրերի մասին է վկայում։

«Իհարկե, առանձին դեպքերում, Վենետիկի հանձնաժողովը փորձում է գոնե առավել ցցուն երևույթների առնչությամբ անհանգստություն արձանագրել, սակայն այս դեպքում էլ գործում է այդ բանաձևերն ուղղակի անտեսելու պրակտիկան։ Մի մասնավոր օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովը իմպերատիվ արձանագրեց, որ ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցումը չպետք է փոխկապակցել օրենքի ուժի մեջ մտնելու օրվա հետ, քանզի դա կարող է գնահատվել, որպես կոնկրետ գործի քննությունից կոնկրետ դատավորներին հեռու պահելու անսքող նկրտում, բայց այս և նմանաբնույթ եզրահանգումներին հավատարիմ մնալու ժամանակ չկար, որոշվել էր արագ լուծել, այսպես կոչված՝ «ՍԴ ճգնաժամը»,- ասում է Գևորգ Դանիելյանը:

Վերջինս հետևում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների ընթացքին, առանձին դեպքերում դրանց հիմքերը, մեղմ ասած, ապշեցուցիչ են Դանիելյանի համար,  իսկ ընտրված դատավորների ցանկն ինքնին՝ խոսուն:

Դատարանների շենքերը շրջափակելու ժամանակահատվածում, որը Դանիելյանը բացահայտ ապօրինի է որակում, վերջինս եղել է Բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր նախագահը: Հիշում է, որ շրջափակմանը հաջորդած օրերին մի դատավոր անդամի մասնակցությամբ ընդունել է միջազգային կառույցների ներկայացուցչական պատվիրակությանը, փաստերով խոսել աննախադեպ անթույլատրելի երևույթների մասին, ինչին վերջիններս գլխահակ են արձագանքել՝ առանց հակադարձման։

«Դատական իշխանության սահմանադրական հիմքերը բացառում են կարգապահական վարույթը իբրև դատավորների նկատմամբ ճնշման գործիք կիրառելու որևէ ընկալում, ողջ իրավական համակարգը կառուցված է այնպես, որպեսզի դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը դիտարկվի որպես բացառիկ երևույթ, կիրառվի խիստ հիմնավորված ընթացակարգով, բացառվեն սուբյեկտիվ բնույթի, ընտրանքային հետապնդումները»,- ասում է Դանիելյանն ու դիտարկում, որ մինչ մենք խոսում ենք այս հարթությամբ նուրբ թեմաներից, նույն գործադիր իշխանությունը նախաձեռնել էր օրենսդրական այնպիսի փոփոխություն, որպեսզի ԲԴԽ-ն ևս ձեռք բերի ինքնուրույն վարույթ իրականացնելու լիազորություն:

«Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են, միայն նկատեմ, որ այդ կառույցի սահմանադրական առաքելությունը հենց իշխանության մյուս ճյուղերից դատական իշխանության անկախությունը երաշխավորելն է»,- ասում է Դանիելյանը:

Ըստ Դանիելյանի՝ կարգապահական վարույթների աճը սոսկ դատական իշխանության հիմքերը խարխլելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներից մեկն է, ոչ ավելին, որը միանշանակ հանգեցնելու է դատական իշխանության թուլացմանը, ինքնավարության զգալի պակասի։ Կարգապահական վարույթն, ըստ նախկին նախարարի, արդյունավետ գործիք է, երբ կիրառվում է բացառապես խիստ հիմնավորված հիմքերի պայմաններում, հետապնդում է իրավաչափ նպատակներ, մինչդեռ՝ անթույլատրելի է ցանկացած ենթադրյալ, այն էլ ոչ էական խախտում հապճեպ ընկալել, որպես կարգապահական պատասխանատվության հիմք։

«Պետք է պարզ ու շիտակ գիտակցել, որ հիշյալ մեթոդաբանությունը որևէ աղերս չունի արդարադատության որակի բարելավման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերը մեղմելու հետ։ Այսպես ասեմ՝ հնարավոր ամեն ինչ պետք է անել, որպեսզի, նախ՝ դատավորը լինի հիրավի արհեստավարժ, այնուհետև՝ ի զորու լինի դրսևորելու խելամիտ շրջանակներում անկաշկանդ հայեցողություն։ Օրինակ՝ դատավորը չպետք է պատասխանատվության ենթարկվի այնպիսի նոր և բարդ իրավական հարցադրումների չտիրապետելու առնչությամբ ապօրինի դատական ակտեր կայացնելու համար, եթե առնվազն սահմանված կարգով նշված այդ հարցադրումներին վերաբերող թեմաներով չեն կազմակերպվել վերապատրաստման դասընթացներ»,-ասաց Դանիելյանը:

Վերջինս նկատում է՝ բոլորը, այդ թվում՝ հանրային իշխանությամբ օժտվածները խոսում են դատավորների արհեստավարժության մասին, բայց նույն գործադիր իշխանությունը առավել պատասխանատու գործեր քննող դատավորների համար նախաձեռնում է ուսուցման կրճատ ժամկետներ ներդնելու, ինչպես նաև դատավոր լինելու համար նվազագույն տարիքն էլ ավելի իջեցնելու օրենսդրական նախաձեռնություն։

«Ի դեպ, ընդամենը 4 տարի առաջ մենք մեծ ջանքեր էինք գործադրել, որպեսզի դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջների տեսանկյունից նախապատվությունը վերջապես տրվի նվազագույն կենսափորձ ձեռք բերելու տարիքին։ Ավելորդ է այս առնչությամբ բանավեճ ծավալելը, քանզի շրջանառության մեջ են դրել մի անմիտ թեզ, ըստ որի՝ կենսափորձը նույնացվում է կոռուպցիոն ռիսկերի հետ։ Իհարկե, այս թեզի մասին արագ մոռանում են, երբ խոսքը վերաբերում է յուրային կադրերին»,- ասում է Դանիելյանը։

Վերջինիս խոսքով՝ այս կարգապահական վարույթների մեծաքանակությունը լրացուցիչ բեռ է՝ առանց այդ էլ ծանրաբեռնված դատավորների համար, քանզի վերջիններս, իրենց հիմնական առաքելությանը զուգահեռ, հարկադրաբար մշտապես զբաղված են սեփական անձը, մասնագիտական հեղինակությունը անձեռնմխելի դարձնելու կարևոր հոգսով։

Գևորգ Դանիելյանը հիշում է իր Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածը, երբ ինքը ևս ուներ դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորություն

Իրավաբանական գիությունների դոկտոր, պրոֆեսորն ասում է՝ իր դիրքորոշումները պայմանավորված չեն եղել իր կարգավիճակով, դրանք անփոփոխ են, ըստ այդմ էլ՝ «բավարարվել է» տարեկան 2-3 կարգապահական վարույթով։ Ընդ որում, նախկին նախարարը հիշում է՝ եթե Արդարադատության խորհուրդը չէր բավարարում իր միջնորդությունները, դրան ևս ըմբռնումով էի վերաբերում։

«Մի վարույթով հիմնավորվել էր, որ դատավորը մինչև դատաքննությունը սկսելն արդեն իսկ գործի մեջ էր դրել դատավճռի չստորագրված ավարտուն տարբերակը, որը պատահաբար հայտնվել էր փաստաբանի ձեռքում։ Ստացվում էր, որ դատավորը նախապես պատրաստել էր դատավճիռ՝ չսպասելով դատաքննությանը, գոնե ապացույցների հետազոտմանը։ Ինչևէ, փաստն արձանագրվեց, սակայն Արդարադատության խորհուրդը որոշեց պատասխանատվության չենթարկել դատավորին, ինչի հետ ներքուստ բացարձակապես համամիտ չէի, բայց գոնե կարողացանք հրապարակային քննարկման նյութ դարձնել արատավոր երևույթը, ինչը, թերևս, որոշակի զսպիչ դեր ունեցավ»,- հիշեց Գևորգ Դանիելյանն ու նշում, որ որպես կանոն, այդպիսի քննարկումներից հետո ոչ թե մտածել է նոր լիազորություններ «ձեռք գցելու», այլ այնպիսի օրենսդրական փոփոխությունների ու կազմակերպչական միջոցառումների մասին, որոնք կնպաստեին խախտումների կանխարգելմանը։

«Յուրաքանչյուր վարույթ հարուցվում էր միայն բազմակողմանի և համալիր քննարկումների արդյունքում, վճռորոշ էր համարվում այն, թե ինչպիսի՞ իրական ազդեցություն կունենա այդ միջնորդությունը»,- հավաստիացնում է Դանիելյանը:

Վերջինս դիտարկում է, որ դատավորների նկատմամբ իրականացվող անհիմն քաղաքականությունը ներկայում ուղեկցվում է այն անմիտ հիմնավորմամբ, որ դատավորների նկատմամբ առկա է հանրային վստահության պակաս, կոռուպցիոն զգալի ռիսկեր, ուստի ցանկացած միջոց իրեն արդարացնում է։

«Նախ, գործադիր իշխանությունն ընդհանրապես իրավասու չէ հնչեցնելու դատավորների նկատմամբ հանրային վստահության վերաբերյալ դատողություններ, ավելին՝ իրավասու չէ իր նախաձեռնությամբ իրականացնելու սոցիոլոգիական հարցումներ, քանզի դա բացառապես վերապահված է միջազգային չափանիշներով նախապես հաստատված մեթոդաբանությամբ ղեկավարվող անկախ փորձագետներին։ Ինչևէ, հազարավոր հայ երիտասարդների կյանքեր խլած, մեծագույն, աննախադեպ կորուստների հանգեցրած 44-օրյա պատերազմին հաջորդող քաղաքական զարգացումները ուղղակի հնարավորություն չեն տալիս, որպեսզի հնարավորինս համարժեք արձագանքենք դատական իշխանության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, սակայն դա բնավ չի նշանակում, որ ամեն ինչ այնքան էլ մտահոգող չէ։ Չպետք է կարճատես լինել, արվում են այնպիսի անմիտ քայլեր, որոնք հետո անչափ ծանր հետևանքներ են թողնելու, ի դեպ, հատկապես, չեն շրջանցելու հենց այդ նախաձեռնության հեղինակներին»,- կանխատեսում է Գևորգ Դանիելյանը։

Նշենք, որ եթե նախորդ 2010 թվականից մինչև 2019 թվականը ԲԴԽ-ում կամ արդարադատության խորհրդում բարարվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր 12 միջնորդություն, ապա 2019-ից մինչև 2021-ի հուլիս ԲԴԽ-ն արդեն կարգապահական պատասխանատվության է ենթարկել 18 դատավորի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter