
Վահե Ղալումյան. «Տարածքներ հանձնելու մասին ոչ մի նախադասություն չեմ ասել»
Խորհրդարանում քննարկվեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Ղալումյանի թեկնածության հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց պատգամավորի հարցազրույցներից մեկը, որտեղ նա խոսել է Տավուշի մարզում անկլավային տարածքների մասին: Պատգամավորը խնդրեց հստակեցնել, թե որ տարածքների մասին է խոսել պատգամավորը և ինչ ճակատագիր է սպասվում դրանց: Ղալումյանն արձագանքեց` ընդդիմադիր պատգամավորն իր խոսքը կիսատ է փոխանցում, ինքը խոսել է նաև հայկական հողերի մասին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում:
«Ես գտնում եմ ժողովրդի հետ պարզ խոսել խնդիրների մասին, սահմանին ապրող ժողովուրդը էդ խնդիրներից տեղյակ է: 90-ականերին, երբ ռազմական գործողությունները դադարեցին, էդ պահի սահմանը Խորհրդային Միության քարտեզների հետ չէր համապատասխանում, սրա մասին ենք խոսում: Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել, էդ հարցի վերաբերյալ իմ մոտ նման պատկերացում չկա»,- ասաց Ղալումյանը` վստահեցնելով, որ իշխանության օրակարգում որևէ տարածք հանձնելու կամ փոխանակելու հարց գոյություն չունի:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին այս պատասխանը չբավարարեց:
«Տարածքներ հանձնելու մասին ոչ մի նախադասություն չեմ ասել, ուղղակի կան տարածքներ, որոնք Խորհրդային Միության քարտեզներով, լինելով մերը՝ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և լինելով Ադրբեջանինը, գտնվում են մեր վերահսկողության տակ»,-արձագանքեց Ղալումյանը:
Աբրահամյանը հետաքրքրվեց նաև Տավուշի մարզի տարբեր համայնքներում տեղադրվող ռուսական ուղեկալներից` հարցնելով դրանց նպատակը, սակայն պատգամավորը հրաժարվեց պատասխանել` կոչ անելով հիմք ընդունել ՊՆ պաշտոնական պարզաբանումը:
Մեկնաբանել