HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել․ պաշտպանը մանրամասներ է ներկայացնում

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Ճնշումները, իրենց առաքելությանը հավատարիմ դատավորների նկատմամբ շարունակվում են, այս անգամ հերթը Վերաքննիչ քրեական դատարանի, «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» նախագահ Սերգեյ Մարաբյանինն է»,- մեզ հետ զրույցում ասաց Շխիմյանը՝ նշելով, որ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։ Վարույթը վերաբերվում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաբերյալ դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացված որոշմանը։

Մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն բավարարել է։ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը բեկանել է,  և քննիչի միջնորդությունը՝ մերժել։

Միքայել Շխիմյանի խոսքով՝ նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել գործով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում առհասարակ չգտնվելու հանգամանքը փաստող ապացույցը։ Ըստ գործում առկա մեղադրյալի հեռախոսազանգերի վերծանումների՝ ենթադրյալ դեպքի պահին մեղադրյալը գտնվելիս է եղել լրիվ այլ վայրում, այսինքն, ըստ փաստաբանի, օբյեկտիվորեն որևէ այլ որոշում քան, քննիչի միջնորդությունը մերժելը, տվյալ գործով հնարավոր չէր կայացնել։

Շխիմյանը հիշեցնում է, որ այս գործի կապակցությամբ զեկույց-խորհրդակցություն է անցկացվել ՀՀ վարչապետի մոտ, որը հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ, որին, ի թիվս այլոց, մասնակցում էր նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը։

Դատավոր Սերգեյ Մարաբյանը իր վարույթում քննվող դատական նիստի ընթացքում կողմերին հայտնել է, որ քաջատեղյակ է սույն գործի կապակցությամբ տեղի ունեցած և հեռուստատեսությամբ լուսաբանված քննարկում-զեկույցի մասին, նշել, որ որևէ կողմնակի միջամտություն չի կարող որևէ ազդեցություն ունենալ իր կողմից արդարադատություն իրականացնելու իր առաքելության վրա, և նշված համատեքստում կողմերին առաջարկել է նաև կարծիք հայտնել իրեն բացարկ հայտնելու կապակցությամբ, և կողմերը բացարկի միջնորդություն չեն ներկայացրել, արդյունքում դատավոր Մարաբյանը քննել, ու ինչպես արդեն վերը նշեցինք, մերժել է անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատավորի նշված որոշման դեմ դատախազության կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ և որոշում է կայացվել Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշումը բեկանելու մասին։ Միքայել Շխիմյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի այս որոշումն, ըստ էության,այլ կերպ ասած իրավական նիհիլիզմի դրսևորման վառ օրինակ։

Փաստաբանն, ով Բարձրագույն դատական խորհրդում ներկայացրել է նաև դատավոր Վարդան Գրիգորյանի շահերը, վերահաստատում է Գրիգորյանի գործի քննության շրջանակներում իր արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ նմանատիպ հարցերով կարգապահական վարույթների հարուցման արատավոր պրակտիկան ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն դատավորի գործունեությանը և անկախությանը, ինչու ոչ նաև, քողարկված ազդակ մյուս դատավորների համար, արդարադատություն իրականացնելիս, «մի պահ մտածելու կոչ»։

«Ի՞նչ է նշանակում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը արդարադատություն իրականացնելու, մասնավորապես՝ պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար»,- ասաց Միքայել Շխիմյանը։

Լուսանկարում՝  ձախից՝ Միքայել Շխիմյանը, աջից՝ Սերգեյ Մարաբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter