
Լրագրողների աշխատանքը խորհրդարանում սահմանափակվելու է
Իշխանությունը մտադիր է ստեղծել այնպիսի համակարգ, որ լրագրողները խորհրդարանի շենքում ազատ չշրջեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
«Ստեղծվելու է համակարգ, որը հնարավորություն է տալու, ժողովրդական լեզվով ասած, պատգամավորներին բերելու է լրագրողների մոտ, որպեսզի լրագրողների աշխատանքը համակարգված լինի: Որևէ մեկին հաճելի չէ, որ պաշտոնյան քայլում է, օպերատորները մեծ շտատիվները վերցրած քայլում են»,-ասաց նա:
Ըստ Սիմոնյանի` այն պաշտոնյաները, որոնք գալիս են խորհրդարան, նրանք ևս ճեպազրույցներով հանդես կգան: Իշխող ուժը պարտավորվում է նման հնարավորություն ապահովել լրագրողների համար:
Նրա խոսքով` այս պահի դրությամբ գործող կարգում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ բոլոր հնարավոր պայմանները ստեղծված չեն լրագրողների աշխատանքի համար: Խորհրդարանում այսօր անվտանգության աննախադեպ միջոցառումները Սիմոնյանը պայմանավորում է միայն անվտանգության նկատառումներով և կոչ անում չդիտարկել որպես սահմանափակում:
Ըստ նրա` առանձնացված երկու սրահ է լինելու ԱԺ վարչական շենքում, նաև` ճեպազրույցների համար նախատեսված վայր, որտեղ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հնարավորություն կունենան խոսել պաշտոնյաների հետ:
Սիմոնյանը նաև հայտնեց, որ փոփոխությունների հետևանքով ԱԺ-ում չի լինելու որևէ մեկը, որ քայլի առանց համապատասխան վկայականի, պետք է նշվի, թե ով է տվյալ անձը: Սիմոնյանը վստահեցրեց` որևէ մեկից պաշտպանվելու խնդիր չունեն, պարզապես որևէ երկրում չկա նման նախադեպ, «երբ պատգամավորը քայլի, լրագրողները հետևից վազեն»:
Մեկնաբանել