
Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանին ու Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, որոնք մեղադրվում էին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Պատժի առաջին 10 տարին նրանք կանցկացնեն ընդհանուր ռեժիմով, իսկ երկրորդ 10 տարին՝ խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում։ Մինչ դատավճռի հրապարակումը վերջին խոսքի իրավունք է տրվել գերիներին, որոնք, ըստ Trend գործակալության, ներողություն են խնդրել Ադրբեջանի նախագահից և ադրբեջանցիներից։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բաքվում մեկնարկել էր հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում էր 1991 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ադրբեջանցի 12 գերիներին խոշտանգելու և մոտ 17 օր Իվանյանի մոտ գտնվող Այգեստան գյուղի անտառում նրանց պահելու մեջ։
Ադրբեջանական կողմը չէր բավարարվում այս մեղադրանքով և Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում էր նաև Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Շուշիի բանտում և Երևանում գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին իբր ծեծի ենթարկելու, իսկ ադրբեջանցի զինծառայողներից մեկին էլ սպանելու մեջ։
Ալյոշա Խոսրովյանն էլ մեղադրվում է իբր 5 ադրբեջանցի գերու նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի մեջ։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ 1994 թվականի ապրիլին Խոսրովյանը ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի Աղբուլաղ (խմբ. Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։ Բացի այդ, Ալշոյա Խոսրովյանը մեղադրվում է նաև 1993-1994 թվականներին Շուշիի բանտում պահվող ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել