
Նաիրա Զոհրաբյանը պահանջում է սահմանային իրավիճակի թեմայով նիստ հրավիրել
Խորհրդարանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրել է արտահերթ նստաշրջան: Անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյաննն անդրադարձավ սահմանային վիճակին` հիշեցնելով, որ նախօրեին դիմել էր ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել հատուկ նիստում քննարկել առկա իրավիճակը:
«Երեկ Վարդենիսում անօդաչուներ էին թռնում, մենք ունենք 3 զոհ: Ասել, որ Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները, բոլորս էլ հասկանում ենք, որ մեծագույն բլեֆ է: Առաջիկայում Մոսկվայում ծանր բանակցություններ են սպասվում: Օրակարգում ներառված է հայհոյանքի քրեականացման նախագիծ, ես հասկանում եմ, որ նոր խորհրդարանում հայհոյանքի պակաս չի լինելու, բայց ես պնդում եմ, որ այս արտահերթից հետո նիստ հրավիրվի»,- ասաց Զոհրաբյանը:
Ըստ նրա` Մոսկվայում սպասվում են եռակողմ բանակցություններ, ուստի չի ցանկանում կրկնվի այն իրավիճակը, որը կար պատերազմից առաջ և հետո, երբ որևէ մեկը որևէ տեղեկության չէր տիրապետում:
«Իսկ հայհոյանքը քրեականացնելու համար դեռ ժամանակ կգտնեք: Մեր պետականությունը վտանգված է, մեր սահմանները վտանգված են: Ադրբեջանն ամեն օր խախտում է պայմանավորվածությունները, եկեք հրավիրենք հրատապ նիստ և քննարկենք այդ կարևոր հարցը»,- ասաց նա:
Զոհրաբյանի խոսքից հետո ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը` ասելով, որ իրավիճակի լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Նրա խոսքով` Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը և խախտում եռակողմ պայմանավորվածությունը:
«Բայց Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ Հայաստանը տարածքային ամբողջականության հարցում որևէ զիջման չի կարող գնալ:
Մեկնաբանել