
Խոշորները առաջին կիսամյակում 9.3%-ով ավելացրել են հարկերը. առաջին տասնյակի վայրիվերումները
«Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Պաշտպանության նախարարության աշխատակազմ. խոշորագույն եռյակը
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները այս տարվա առաջին կիսամյակում (2021թ. հունվար-հունիս) միասին պետական բյուջե են վճարել 584 մլրդ 440 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից:
Խոշոր հարկ վճարողների ցանկում արդեն ներառվում են ոչ միայն բիզնեսները, այլև՝ որոշ պետական մարմիններ։ Այսինքն՝ հարկատուների ցանկը կազմվել է բոլոր հարկատուներից՝ անկախ կազմակերպաիրավական ձևից:
Այս նոր մեթոդաբանությամբ հաշվարկված համանման տվյալների համեմատությամբ տեսնում ենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալն աճել է մոտ 50 մլրդ դրամով կամ 9.3%-ով:
Այսպիսով, այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով հանրապետության խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որը պետական բյուջե է վճարել 28.4 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընկերության հարկերի ծավալն ավելացել է 2.4 մլրդ դրամով կամ 9.4%-ով։
Երկրորդ տեղում հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է (ԶՊՄԿ)՝ 26.8 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 3.6 մլրդ դրամով կամ 15.6%-ով: ԶՊՄԿ-ն Հայաստանում պղնձի ու մոլիբդենի խոշոր արդյունահանողն ու արտահանողն է: Այս տարի միջազգային շուկաներում պղնձի գները էապես բարձրացել են, որն էլ նպաստել է ընկերության եկամուտների ու հարկերի աճին:
Հուլիսի 15-ին Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի ապրանքային դասակարգիչների նկատմամբ:
Ենթադրվում է, որ այս նախագծի ամբողջական ընդունման արդյունքում թե՛ ԶՊՄԿ-ի, թե՛ պղնձի ու մոլիբդենի արտահանմամբ զբաղվող մյուս հանքարդյունաբերողների վճարած հարկերն առաջիկայում պետք է ավելի մեծ տեմպերով աճեն:
Եվ 2021 թվականի հունվար-հունիսին խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ը, որը վեց ամսում պետական բյուջե է վճարել 25.4 մլրդ դրամի հարկեր, որի գերակշիռ մասը՝ 20 մլրդ դրամը, գոյացել է եկամտային հարկի գծով: 2020 թվականի նույն ամիսների համեմատ ՊՆ աշխատակազմի հարկերն ավելացել է 8.9 մլրդ դրամով կամ 54.1%-ով:
Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ 12.9 մլրդ դրամի հարկերով: Ընկերության հարկերը զգալի կրճատվել են՝ 13.3 մլրդ դրամով կամ 50.7%-ով: Դատելով ծխախոտի արտադրության ու արտահանման ցուցանիշներից՝ այս շուկայում գործերը լավ չեն:
2021 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որը պետական բյուջե է վճարել մոտ 12.4 մլրդ դրամի հարկեր՝ 3.5 մլրդ դրամով կամ 22.2%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:
Խոշոր հարկատուների տասնյակում են հայտնվել նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը, որը ինչպեսև «Գրանդ Տոբակո»-ն, հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում են:
Տասնյակում են նաև Թեղուտի հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն և կապի խոշոր օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (Վիվա-ՄՏՍ), ինչպես նաև վառելիքի խոշոր նեմուծողներ «Սիփիէս Օիլ» և «Ֆլեշ» ՍՊԸ-ները:
Նրանցից «Սիփիէս Օիլ»-ն և «Ֆլեշ»-ը տեսանելիորեն նվազեցրել են հարկերը, իսկ մյուս երեք հարկատուները՝ ավելացրել:
Այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների առաջին տասնյակի հարկերն ու նախորդ տարվա ցուցանիշներն առավել մանրամասն կարող եք տեսնել այս ինֆոգրաֆիկայում:
Ընդհանուր առմամբ, առաջին տասնյակի ընկերություններից վեցն ավելացրել են հարկերը, չորսը՝ նվազեցրել:
Այսպիսով, այս տարվա առաջին կիասմայկում խոշոր հարկատուների առաջին տասնյակի ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել 148 մլրդ դրամ, որը կազմել է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 25%-ը:
Մեկնաբանել