
Պատերազմը կտրեց Ռուդիկ Սարխոշեւի մեծ ու փոքր նպատակների թելը
Պատերազմից առաջ ասորի Ռուդիկ Սարխոշեւը խնձորենիներ էր տնկել տնամերձ հողամասում: Նա այդպես էլ չտեսավ դրանց բերքը: Կինը՝ Ռայա Սարխոշեւան, մաքրում է կարմրած աչքերը, ապա ցույց տալիս փոքր խնձորենիները: Բակի անմշակ հողամասում, դեղնած ու անկանոն աճած խոտերի մեջ դրանք միանգամից գրավում են ներս մտնողին:
«Բոլոր ծառերն ինքն ա դրել, ու բոլորի վրա այս տարի բերք կա: Ոչ մի տարի բերք ըտենց չէր բռնել, ոնց էս տարի»,- ասում է 59-ամյա տիկին Ռայան ու մի տեսակ դառնությամբ նայում դեպի ծառերը:
Այս տարվա օգոստոսի 28-ին Ռուդիկ Սարխոշեւը կդառնար 60 տարեկան: Այդ օրն ասորիների ուխտի օրն է, եւ նա կնոջը հաճախ ասում էր, թե բախտավոր է, որ այդ օրն է ծնվել:
«Ասում էր՝ այ կնիկ, 60 տարիս լրանա, կնշե՞ս, դե հեսա նշում եմ»,- տիկին Ռայան հայացքը թեքում է, հետո խորը հոգոց հանում: Բակի սեղանի շուրջ նստած որդին ու աղջիկը՝ Ռոբերտն ու Սառան, լռում են: Սառան ավելի զուսպ է, դժվար է հասկանալ, թե ինչ է զգում, Ռոբերտը երբեմն ասում է՝ մեզի որբ թողեց, գնաց:
Արզնիում գտնվող միհարկանի, խարխուլ այս տանն է ապրել Ռուդիկ Սարխոշեւը: Նա հիմնականում օրավարձով դաշտային աշխատանքներ էր կատարում: Ստացածը 3-4 հազար դրամ էր, բայց կինն ասում է՝ այդ գումարով հասցրել էր երեք թոռների՝ Սառայի երեխաների համար փոքր ոսկյա զարդեր գնել:
Տիկին Ռայան ասում է՝ Ռուդիկն ավարտել էր Իվանովո քաղաքի գյուղինստիտուտը: Այդ ժամանակ արդեն ամուսնացել էին: Ռոբերտը մեկ տարեկան էր, երբ երեք ամիս միասին մնացել էին Իվանովոյում:
-Սարինկա, գնա պապայիդ դիպլոմը բեր, սերվանտի մեջ ա,- դստերն է դիմում մայրը:
Մինչ Սառան կբերի այն, տիկին Ռայան պատմում է, թե ինչ դժվար պայմաններում են ապրել, ինչ դժվարությամբ են մեծացրել երեխաներին: Սակայն դժվարությունների այդ շղթան չի փակվել, դրանք այսօր էլ շարունակվում են:
Քիչ անց Սառան սեղանին է դնում հոր դիպլոմը, միասին նայում ենք այն: Տիկին Ռայան հիշում է, որ 1989 թ. ադրբեջանցիները Մոսկվայից վերադառնալիս գնացքում բռնել էին ամուսնուն, մի ամիս մնացել էր Բաքվի բանտում:
-Էնքան էին ծեծել, ասել էին՝ դու հայ ես, ասել էր՝ չէ, ես ասորի եմ, բայց չէին հավատացել: Ինստիտուտ հարցում էին արել, թե էսպիսի ուսանող ունե՞ք, ասել էին՝ ասորի ա, նոր թողել էին, որ գա,- պատմում է տիկին Ռայան:
-Եթե ասորի չլիներ, բաց չէի՞ն թողնի,- հարցնում եմ նրան:
-Երեւի կսպանեին,- պատասխանում է ասորի կինը:
Անցյալի դրվագները գալիս հյուսվում են ներկայի մի կետում, որ ուժաթափ է արել ընտանիքին:
Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրը լսելուց հետո Ռուդիկ Սարխոշեւը որոշել էր կամավորագրվել: Այդ օրը Սառայի ամուսնուն զինկոմիսարիատ էին կանչել՝ ռազմաճակատ գնալու համար, եւ Ռուդիկը դիմել էր նրան՝ իր անունը կամավորների ցանկում գրելու համար: Սակայն տարիքի պատճառով սկզբից հրաժարվել էին: «5 անգամ գնաց-եկավ, ասի՝ այ տղա, ինչի՞ ես գնում, ասեց՝ բա էդքան ջահելներ գնում են, ես ինչի՞ չգնամ: Երեք օր գնաց, չտարան, հետ եկավ, սեպտեմբերի 30-ին տարան ուղիղ Հադրութ»,- նշում է տիկին Ռայան:
Ընտանիքն 8 օր լուր չի ունեցել հորից, միայն հոկտեմբերի 8-ին էր նա զանգել դստեր ամուսնուն՝ ասելով, որ ամեն բան լավ է: Երկու օր հետո Ռուդիկ Սարխոշեւը զոհվել է:
«Ամուսնուս կեսն էր մնացել, նկարել, ուղարկել, ասել են՝ էդ ա»,- պատմում է տիկին Ռայան՝ աղջկան խնդրելով հեռախոսով ցույց տա նկարը:
Ընտանիքին հայտնել են, որ Ռուդիկ Սարխոշեւը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից Հադրութի շրջակայքում:
-Հավատս չի գալիս, որ ինքը չկա։ Ինքը միշտ ինձ հետ ա,- ասում է Ռոբերտը:
Տիկին Ռայայի հետ մտնում ենք հյուրասենյակ: Տան միակ վերանորոգված սենյակն է: Այստեղ նաեւ ամուսնու հուշանկյունն է: Կինը, ամուսնու նկարին նայելով, դարձյալ սրբում է աչքերը, հետո խուլ հառաչանք է լսվում: Ասում է՝ այնքան նպատակներ ուներ՝ որդուն էր ուզում ամուսնացել, տունը վերանորոգել:
Հյուրասենյակի իրերի մեծ մասը ապառիկ են վերցրել: Հիմա կինն է վճարելու դրանց տոկոսները:
Տիկին Ռայան Արզնու դպրոցում հավաքարար է աշխատում արդեն 30 տարի: Դպրոցն անվանակոչվել է ամուսնու պապի՝ ԽՍՀՄ հերոս Սերգեյ Սարխոշեւի պատվին:
Սարխոշեւները դեռ չեն ստացել զոհվածերի ընտանիքներին հատկացվող 10 միլիոն դրամ միանվագ գումարը: Պատճառն, ըստ նրանց, Ռուդիկ Սարխոշեւի հոր մահվան վկայականում ազգանվան անճշտությունն է՝ Սարխոշեւի փոխարեն Աբրահամով են գրել:
Ռոբերտը պատմում է, որ 1930-ականներին տունը հրդեհվել էր, եւ այդ ժամանակ պապի փաստաթղթերն էլ էին այրվել: «Հետագայում պապի ազգանունը սխալ էին գրել, որն այդպես էլ չէր ուղղվել: 1930 թ․սխալի պատճառով դեռ չեն տալիս այդ գումարը»,- ասում է Ռոբերտը:
Սառան ավելացնում է, որ փաստաբանի օգնության են դիմել, որպեսզի թեկուզ դատարանով խնդիրը լուծում ստանա:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել