
Դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժեց «Հայրենիքի փրկության ճակատ»-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։
Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Մանուկյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդություն էին ներկայացրել վերջինիս պաշտպանները:
Նշենք, որ ըստ վարույթն իրականացնող Քննչական կոմիտեի՝ 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին՝ Ազատության հրապարակում ընդդիմության անցկացրած հանրահավաքների ժամանակ, ինչպես նաև փետրվարի 26-ին՝ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ է Մանուկյանը իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր արել։
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա իր հանդեպ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում։
Մեկնաբանել