
«6 մետրն է միայն հուշարձան»,- պնդում է Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի վերակառուցողը
Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի քանդման դեմ հանդես եկող ակտիվիստները հավաքվել էին նույն հասցեում՝ կանխելու հուշարձան-շենքի ապամոնտաժումը։
Երևանի քաղաքապետարանն արդեն տրամադրել է ճարտարապետաշինարարական առաջադրանքը, ինչի հիման վրա ընկերությունը փորձում է սկսել տվյալ տարածքի քանդման աշխատանքները։ Այդ մասին հայտարարեց «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արման Մկրտչյանը, ով ժամանել էր ակցիայի մասնակիցների մոտ։
Հիշեցնենք, որ «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս թաղամասի) կառուցապատողներից մեկն է, իր երեք լոտերի կառուցապատման նախագիծը հանրային քննարկման էր ներկայացրել: 2-րդ լոտում է գտնվում Հանրապետության 46 hասցեն, որը հուշարձան-շենք է: Հուշարձանի հատվածում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ շենքի 9 հարկանի հատվածը:
Արման Մկրտչյանը որևէ փաստաթուղթ չտրամադրեց ներկաներին, հեռախոսով շինարարական նախագիծ էր ցույց տալիս՝ ժխտելով շրջակա միջավայրի փորձաքննության ներկայացված նախագիծն ու այնտեղ նշված տեղեկությունները։ Ավելին, պնդեց, որ որևէ հարկ չի ավելանալու հուշարձան-շենքին։
Ներկայացուցիչը պնդեց, որ շենքի պատմամշակութային մասը ընդամենը ֆասադային 6 մետր հատվածն է, որը և պահպանվելու է։ «Շենքը պահպանման ենթակա չէ, 6 մետրն է պատմամշակութային, մնացածը կավային հատվածն է,- ասում է Արման Մկրտչյանը։- 6 մետրն է միայն հուշարձան»։
Արման Մկրտչյանը հղում արեց մասնագիտական եզրակացությանը, որի հիման վրա էլ այդպիսի որոշում է կայացվել։ Ըստ ամենայնի, Արման Մկրտչյանը նկատի ուներ «ՇԵՄՔ» ՍՊԸ-ի կողմից իրականացված Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի տեխնիկական վիճակի և այն վերակառուցմամբ վերականգնելու հնարավորության վերաբերյալ եզրակացությունը։ Այդ նույն եզրակացությամբ նշվել է, որ շենքը, որի գլխավոր ճակատն ունի որմածքի ինքնատիպ հորինվածք ու ձևավորում, իր ծավալատարածական լուծումներով ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-կառույց է:
Ընկերության ներկայացուցիչը խոստացավ վաղը ներկայացնել բոլոր համապատասխան փաստաթղթերը։ Իսկ այսօր իրենք ցանկապատելու են տարածքը։ «Իմ տարածքն է, ես ցանկապատելու եմ»,- ասաց Ա․ Մկրտչյանը։ Ավելին, քանդման թույլտվությունների հիման վրա կարող են կատարել քանդման աշխատանքները, որին ակցիայի մասնակիցները խոչընդոտում են։
Մեկնաբանել