
Կվերականգնվի Մինասի՝ Վահրամաբերդի նախկին մշակույթի տան միակ կանգուն պատին գտնվող որմնանկարը
Այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը նկատի է առնել այն հանգամանքը, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան միակ կանգուն պատին (լուսանկարում) գտնվող, Մինաս Ավետիսյանի որմնանկարի անխաթարությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել ամրակայման և վերականգնման աշխատանքներ:
Կառավարությունը որոշել է այդ նպատակով ծախսվելիք մոտ 9 մլն դրամ գումարը տրամադրել թանգարանների պահպանման ծախսերի վերաբաշխման հաշվին՝ ս.թ. չորրորդ եռամսյակում այն վերականգնելու պայմանով։
«Անհրաժեշտ է շիրակցիներին տեղյակ պահել, որ որմնանկարը մնալու է հենց մշակույթի տանը, որովհետև կրկին լուրեր են պտտվում, թե իբր գումարը հատկացվում է, որպեսզի որմնանկարը տեղափոխվի: Մեր քաղաքացիներին հավաստիացնում ենք, որ այս հատկացումները կատարում ենք մշակույթի տունը կարգի բերելու նպատակով, և որմնանկարն էլ մնալու է հենց այնտեղ» ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա կարծիք է հայտնել, որ մնացած որմնանկարները վերականգնելու համար գյումրեցիները կգտնեն հովանավորներ, մանավանդ որ Գյումրիում հյուրանոցային շինարարությունը մեծ թափով զարգանում է, և խնդիր չի լինի գտնել հովանավորների, ովքեր 10-20 մլն կհատկացնեն որմնանկարները փրկելու համար։
«Պետք է արձանագրենք, որ չնայած մեծ աղմուկ եղավ այդ ամբողջ գործառույթի շուրջ, այնուամենայնիվ, մենք մեր նպատակին հասանք և փրկեցինք որմնանկարները, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն այսօր հնարավորություն ունեն վայելելու դրանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Մեկնաբանել