
Ադրբեջանցի զինծառայողը հրազենը պահեց ինձ վրա, այնպես, կարծես կրակելու է, և ես այդ պահը նկարեցի
«Նկատեցի, որ ադրբեջանցի զինվորները սկսեցին պատրաստվել՝ հագան իրենց զրահաբաճկոնները, սաղավարտները, վերցրեցին իրենց զենքերը, լիցքավորեցին դրանք և տեղավորվեցին դիրքերում… Ադրբեջանցի զինծառայողը հրազենը պահեց ինձ վրա, այնպես, կարծես կրակելու է, և ես այդ պահը նկարեցի։ Ես գիտեի, որ չէր կրակելու, իհարկե 100%-ով համոզված չէի, բայց գիտեի, որ դա նրանք անում են ծաղրելու համար»,- «Հետքին» պատմում է ամերիկյան մեդիա գործակալություններից մեկի համար աշխատող ֆոտոլրագրողը, որը վերջերս նկարահանումներ է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։
Իսպանացի լրագրողի խնդրանքով և անվտանգության նկատառումներով՝ չենք հրապարակում նրա տվյալները։
Նա և մեկ այլ լրագրող հունիսի 15-ին մեկնել են Գեղարքունիք, որպեսզի նկարեն ադրբեջանական բանակի առաջխաղացումը և դիրքերը Հայաստանի տարածքում։
«Ինձ իմ գործընկերներն ասել էին, որ Հայաստանի ՊՆ-ն արտասահմանցի լրագրողներին հայ-ադրբեջանական սահմանին նկարահանումներ իրականացնելու թույլտվություն չի տալիս, բոլորին մերժում են։ Բայց ես համարել եմ, որ որպես ֆոտոլրագրող, իմանալով իրականությունը, պետք է գնամ սահման և նկարեմ՝ ես դա իմ պարտականությունն եմ համարել»,-պատմում է ֆոտոլրագրողը։
Երկու լրագրողները, մի քանի հայ զինծառայողների ուղեկցությամբ, շրջել են Սոթքի ոսկու հանքից մի քանի կիլոմետր դեպի հարավ գտնվող տարածքներում և նկարահանել են ադրբեջանական զինծառայողների դիրքերը Հայաստանի տարածքում։ Նրանք եղել են քաղաքացիական հագուստով, բայց իրենց ձեռքին ունեցել են մեծ տեսախցիկներ և ակնհայտ է եղել, որ մամուլի ներկայացուցիչներ են։
Ստորև ներկայացված նկարում նշված է, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը։
Հրազենը լրագրողի վրա պահած ժպտացող ադրբեջանցի զինծառայողի լուսանկարն արդեն մեծ տարածում է գտել համացանցում։ Միջադեպի մասին հաղորդագրություն է տարածել Փարիզում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազակերպությունը, նաև՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
#Armenia: A team of Spanish journalists were threatened with death by #AzerbaijaniForces while reporting on their position, close to the border with #Azerbaijan in the Gegharkunik province. @RSF_inter condemns this unacceptable act toward journalists ! pic.twitter.com/bH1BJNh2Y7
— RSF in English (@RSF_en) June 23, 2021
Լրագրողի խոսքով, ադրբեջանական դիրքերը հիմնականում բարձրադիր են, սարի կամ բլրի գագաթին։ Ամեն մի դիրքում կա մեկ կամ երկու զինվորական վրան, որոնցում՝ 5-6 զինծառայող։ Վրանների շուրջը խրամատներ են փորում, որոշների կողքին կան նաև գնդացիրներ։
Երևում է, որ ադրբեջանական կողմը սահմանին և Հայաստանի տարածքի ներսում ակտիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացնում։ Լրագրողի տպավորությամբ, հայ զինծառայողները չեն կանխում նրանց գործողությունները, քանի որ չմիջամտելու և իրավիճակը չսրելու հրաման ունեն։
«Ես չեմ զղջում, որ առանց Հայաստանի ՊՆ-ի պաշտոնական թույլտվության մեկնել եմ Գեղարքունիք և նկարել եմ ադրբեջանցի զինծառայողներին և նրանց դիրքերը։ Որովհետև ՊՆ-ն կամ չի պատասխանում, կամ 20 օր անց մերժում է դիմումը»,- ասում է լրագրողը։
Փորձառու լրագրողը, որը լուսաբանել է Արցախում 2016 թ.-ի քառօրյա պատերազմը, 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը և եղել է աշխարհի այլ թեժ կետերում՝ Դոնբասում, Գազայում և այլն, ասում է, որ իրեն այլևս Արցախ չեն թողնում։
«Ես որպես լրագրող հունիսի 11-ին դիմել եմ Արցախ մուտք գործելու և լուսաբանելու համար, բայց ռուս խաղաղապահները մերժել են իմ դիմումը առանց որևէ բացատրության։ Մյուս միջազգային լրագրող գործընկներներս էլ են մերժում ստացել, մեզ բոլորիս ուղարկել են նույն մերժման տեքստը»,-ասում է լրագրողը։
Նրա տպավորությամբ, Ռուսաստանը չի ցանկանում, որ միջազգային լրագրողները լուսաբանեն Արցախում կատարվող գործընթացները և բնակչության խնդիրները, և որ սա քաղաքական որոշում է։
Լրագրողն ափսոսում է, որ չի կարող այլևս Արցախ գնալ, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում ձեռք է բերել շատ ծանոթներ և ընկերներ։
Լուսանկարները հրապարակում ենք հեղինակի թույլտվությամբ։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել