
Բաքվում շարունակվում է 14 գերու գործով դատավարությունը. նրանք վկայություն են տվել
Բաքվի դատարանում շարունակվում է 14 հայ գերու գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությոնների և այլ հանցագործությունների իրականացման մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մեղադրյալի կարգավիճակում են գերիներ Գեղամ Սերոբյանը, Հրաչ Ավագյանը, Արմեն Բաղասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասետրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինոսյանը, Մկրտիչ Մինոսյանը, Էդգար Մաթեսյանը և Յուրի Կարապետյանը։
Trend գործակալությունը հայտնում է, որ դատական նիստի ընթացքում վկայություն է տվել գերիներից Գևորգ Ասետրյանը։ Նա հայտնել է, որ նոյեմբերի 27-ին նրանց հավաքել են Գյումրու զինկոմիսարիատում և տեղափոխել Լաչին։ «Մենք սպասեցինք առավոտվան։ Առավոտյան տեսանք ռուս խաղաղապահների։ Նրանք առանց ստուգելու մեզ բաց թողեցին։ «Ուրալ»-ներով գնացինք 40 րոպե։ Ինչ-որ լեռան ստորոտին կանգնած էր մի մեքենա։ Այնտեղից մենք ոտքով սկսեցինք սարը բարձրանալ։ Նրանք ասացին, որ այդ տեղանքում հայ զինծառայողների հերթափոխ կանեն։ Այդ ժամանակ մեր հրամանատարը փոխգնդապետ Արսեն Ղազարյանն էր։ Նա մեզ թողեց լեռան վրա և ասաց, որ հետ կգա, երբ դրա կարիքը կլինի։ Մենք այնտեղ մնացինք շուրջ 10 օր»,- հայտարարել է Գևորգ Ասետրյանը։
Նա հավելել է, որ դեկտեմբերի 13-ին, հեռանալու ժամանակ, նրանք գերեվարվել են ադրբեջանցիների կողմից, առանց դիմադրության հանձնվել և զենքը հանձնել նրանց։ Minval.az-ն էլ գրում է, որ դատարանում Ասետրյանի վկայության և քննչական փուլի ցուցմունքների մեջ հակասություններ կան։ Ըստ նրանց՝ ի սկզբանե Ասետրյանը հայտնել է, որ իրեն իբր հրամայվել է ցույց տալ զինված դիմադրություն, եթե իրենց տարածք կգան ադրբեջանցի զինվորականները։ Ավելի ուշ, Ասետրյանը հաստատել է ցուցմունքը։
Մեղադրյալի կարգավիճակում հանդես է եկել նաև Վոլոդյա Հակոբյանը։ Նա հայտնել է, որ իրեն ևս նոյեմբերի սկզբին հրավիրել են Գյումրու զինկոմիսարիատ՝ որպես նորակոչիկ։ «Այդ ամսվա 27-ին զինկոմիսարիատում ինձ ասացին, որ մենք պետք է փոխարինենք այդ շրջանի զինծառայողներին։ Նրանք վերադառնալու էին արձակուրդից հետո։ Զինկոմիսարիատում մեզ տվեցին ինքնաձիգ և 4 պահեստատուփ։ Գնում էինք «Ուրալ»-ով։ Լաչին հասանք գիշերը։ Սպասեցինք մինչև առավոտ։ Մենք հանդիպեցինք ռուս խաղաղապահների հետ։ Մեզ հետ խոսում էր հրամանատար Ղազարյանը։ Նրանք առանց ստուգելու մեզ բաց թողեցին։ Գնում էինք 40-50 րոպե։ Ղազարյանը մեզ տարավ լեռան գագաթ։ Նա ասաց, որ մենք այդտեղ պետք է մնանք մի քանի օր և դիտարկում իրականացնենք»,- նշել է Վոլոդյա Հակոբյանը։ Վերջինիս խոսքերով՝ դեկտեմբերի 13-ին նրանք մոլորվել են, ձերբակալվել ադրբեջանցիների կողմից և հանձնել զենքերը։
Գերիներից Մկրտիչ Մինոսյանը ևս հայտարարել է, որ իրեն հրավիրել էին Գյումրու զինկոմիսարիատ։ Նա գրեթե նույնությամբ կրկնել է Վոլոդյա Հակոբյանի վկայությունը՝ հավելելով, որ իրենց ևս չեն ստուգել ռուս խաղաղապահները։
Մկրտիչ Մինոսյանը նշել է, որ 2016-2018 թվականներին ծառայել է Խոջալուի զորամասում (խմբ. Իվանյան)։ Նա հավելել է, որ, իբր, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը իրենց հայտնել է, որ դիտարկման տեղանքը գտնվում է Հայաստանի տարածքում։
Համանման ցուցմունք է տվել նաև Ռոմիկ Սեդրակյանը։ Գերիներից Էդգար Մաթեսյանը հայտարարել է, որ նախկինում երբեք չի եղել Արցախում և ծառայել է Երևանում։ «Զինկոմի տեղակալ Արսեն Ղազարյանը մեզ նստեցրեց ավտոբուս, և գիշերը հասանք Լաչին։ Քնեցինք ավտոբուսում։ Այնուհետ նստեցինք «Ուրալ»-ները։ Լաչինից 3-4 կիլոմետր հեռավորության վրա մենք կանգնեցինք ռուս խաղաղապահների մոտ։ Նրանք խոսում էին մեր հրամանատարների հետ։ Մեքենան թողեցին առանց ստուգման «...» Արսեն Ղազարյանն ասաց, որ եթե ինչ-որ մեկը փախչի, կդատապարտվի 8-12 տարվա ազատազրկման։ Մենք ստիպված էինք այնտեղ մնալ։ Նշված օրը մեզ չվերադարձրին։ Այնուհետ, երբ ներքև իջանք, հանդիպեցինք ադրբեջանական հատուկ ջոկատայիններին։ Մենք տվեցինք զենքն ու հանձնվեցինք»,- նշել է Մաթեսյանը։
Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 2-ին։
Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։
Մայիսի 21-ին Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մերժել է Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ շիրակցի հայ գերիները, իբր, ապօրինի կերպով ձեռք են բերել զենք ու զինամթերք, պայթուցիկ սարքեր և 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը անօրինական կերպով հատել Ադրբեջանի պետական սահմանը և զբաղեցրել Հադրութի մոտ՝ անտառային հատվածում գտնվող մարտական դիրքերը։ Մինչև նույն տարվա դեկտեմբերի 13-ը նրանք, իբր, այդ տարածքում իրականացրել են սադրիչ-ահաբեկչական գործողություններ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 14 ռազմագերու, իսկ այնուհետ՝ ևս 13-ի գործով հետաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացության հետ միասին ուղարկվել Բաքվի դատարան։ Այս գործով նախորդ դատական նիստը կայացել էր հունիսի 25-ին։ Հունիսի 2-ին սկսվել էր հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում իբր «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և իրականացրած այլ հանցագործությունների մեջ»։ Հունիսի 23-ին էլ կայացել էր Խոսրովյանի ու Մկրտչյանի գործով դատական երկրորդ նիստը։
Ավելի ուշ, Ադրբեջանի պետական պնվտանգության ծառայությունն ու գլխավոր դատախազությունը հայտարարել էին, որ Շիրակի մարզից ևս 26 գերու նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, ու դրանք ուղարկվել են դատարան։
Գլխավոր լուսանկարը՝ Apa գործակալության
Մեկնաբանել