
Այս իշխանությունը չի լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը, այլ պահի տակ փորձել է լուծել ռեյտինգի հարցը»․ Ա․ Վանեցյան
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն այն հարցին՝ արդյոք ընդունում են ընտրությունների արդյունքները, պատասխանեց, որ այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, և քննարկվում է այլ ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: ՍԴ-ի որոշումից հետո կհայտարարեն՝ ընդունում են ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։
Գերիների վերադարձի վերաբերյալ նշեց` ինքը հայտարարել է, որ, իշխանության գալով, երկու հարց են առաջնային համարելու՝ անվտանգությունը և գերիների վերադարձը։ Վանեցյանն ասաց, որ բավականին շատ շահարկումներ են եղել իր հայտարարությունից հետո` եթե կարող էր 2-3 օրվա ընթացքում լուծել գերիների վերադարձի հարցը, ինչու՞ չի լուծել։ Իր հայտարարության հիմքում եղել է հետևյալը` եթե ունենան իշխանական լծակներ, հնարավորություն` հանդես գալ պետության կողմից, ճիշտ աշխատելու դեպքում 2-3 օրվա ընթացքում կվերադարձնեն գերիներին։ «Դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ մինապատման քարտեզների փոխանակման պայմանով: Հարց է առաջանում` եթե մինապատման քարտեզները կարող էին տալ ադրբեջանցիներին, և ադրբեջանցիները գերիներին վերադարձնեին 6 ամիս առաջ, ինչո՞ւ չեն արել այդ քայլը, ընդ որում` ռուսական կողմից եղավ հայտարարություն մամուլում, երբ Մուրադովը ՀՀ իշխանություններից ուզել է այդ մինապատ քարտեզը, ՀՀ ԶՈւ-ն ասել է, որ նման քարտեզներ բնության մեջ գոյություն չունեն, և Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզների վերադարձի պայմանով նա կարող է վերադարձնել Ադրբեջանում գերի գտնվող բոլորին։ Այս իշխանությունն իր քայլով չի լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը, այլ պահի տակ փորձել են լուծել ռեյտինգի հարցը»,- նշեց դաշինքի ղեկավարը։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ եթե որոշում կայացնեն գնալ խորհրդարան, օգտագործելու են իրենց լծակները, հնարավորությունները, զբաղվելու են թե՛ գերիներ հարցով, թե՛ ՀՀ անվտանգային համակարգի վերադարձի հարցով։
Մեկնաբանել