
Վրաստանում չեղարկվել է պարետային ժամն ու փողոցում դիմակների կրման պարտադիր պահանջը
Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը հայտարարել է, որ հուլիսի 1-ից երկրում կչեղարկվի գիշերային ժամերին մարդկանց փողոցում գտնվելու արգելքը։ Այդ մասին հայտնում է Новая газета-ն։ Վրաստանի վարչապետ Իռակլի Ղարիբաշվիլին էլ հայտարարել է, որ հունիսի 22-ից վերացվել է փողոցում դիմակների պարտադիր կրումը։
«Այսօրվանից այլևս պարտադիր չի լինի բաց տարածություններում դիմակի կրումը։ Դա կշարունակի պարտադիր լինել տրանսպորտում և փակ հաստատություններում։ Հուլիսի 1-ից կչեղարկվի նաև տեղաշարժի սահմանափակումը կամ այսպես կոչված պարետային ժամը»,- նշել է Ղարիբաշվիլին։
Գիշերային ժամերին Թբիլիսիում և Վրաստանի մյուս խոշոր քաղաքներում պարետային ժամը սկսել էր գործել նախորդ տարվա նոյեմբերից։ Սահմանափակումները չէին տարածվում միջազգային ավտոփոխադրումների, բժիշկների ու առաքիչների աշխատանքի վրա։
Վրաստանի կառավարության պաշտոնական կայքի տվյալներով՝ հունիսի 22-ին այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 914 նոր դեպք։ Մեկ օրվա ընթացքում էլ մահացել է 24 մարդ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում, կորոնավիրուսի համավարակից ի վեր, գրանցվել է COVID-19-ով վարակման 360 055 դեպք, իսկ մահացել 5199 մարդ։
Լուսանկարը՝ The New York Times-ի
Մեկնաբանել