
«Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը հարաբերական կայուն է»․Գայանե Սահակյան
«Աշխարհում դեռևս շարունակվում է լարված իրավիճակը համավարակի առումով և շարունակվում են վիրուսի մուտացիաները, փոփոխությունները, նոր չարքի է դառնում աշխարհի երկրների համար»,- այս մասին այսօր «Արմենպրեսում» հրավիրված ասուլիսին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ Նշեց, որ սահմանափակումները որոշ երկրներում շարունակվում են։
Խոսելով հայաստանյան իրավիճակի մասին՝ ասաց․ «ՀՀ-ում տիրում է հարաբերական կայուն վիճակ, դեպքերի կտրուկ աճ չենք գրանցում, բայց եթե դիտարկում ենք վիրուսի վերարտադրման ցուցանիշը, պահ էր եկել, որ այն երկրում հասել էր 0,4-ի, բավականին կայուն իրավիճակ էր, բայց վերջին 14 օրվա կտրվածքով եթե դիտարկում ենք, ցուցանիշը աճում է և հասել է 1,1-ի»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ եթե ցուցանիշը 1-ից ավելանում է, դեպքերը ևս աճում են։
Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթվա կտրվածքով սպասվում է, որ կգրանցվի կորոնավիրուսի 600 դեպք, որից 180-ը կհոսպիտալացվի, կգրանցվի 5 ծայրահեղ ծանր դեպք։
Ըստ նրա՝ միակ փրկությունը պատվաստումներն են։
Նշեց, որ ՀՀ-ում գրանցվել է 65719-ից ավել պատվաստման դեպք։ 53000-ն առաջին դեղաչափն է միայն ստացել, այս թիվը կազմում է բնակչության մոտ 2 տոկոսը։ Ցուցանիշը որակեց շատ վատ՝ նշելով, որ այս տեմպերով կոլեկտիվ իմունիտետ ստեղծելը, սահմանափակումներ հանելը երկար ժամանակ կպահանջի։ Օրական կատարվում է 1500 դեղաչափ պատվաստում, պատվաստումների քանակը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է։ Ըստ Գայանե Սահակյանի՝ այս նվազումը պայմանավորված է դեպքերի քանակի նվազմամբ։
Նրա խոսքով՝ վերարտադրման ցուցանիշը քանի որ դանդաղ տեմպով աճում է, ապա սպասվում է, որ մոտ օրերին կորոնավիրուսի դեպքերի թիվը ևս կաճի։
Մեկնաբանել