
Քվեաթերթիկների փաթեթը կազմում է դիտորդը՝ նախապես
Երևանի Էրեբունի վարչական շրջանի 10/3 տեղամասում «Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպության դիտորդ Ռոլանդ Ճաղարյանը նախապես կազմում է թեկնածու ուժերի քվեաթերթիկների փաթեթը։ Հարցին, թե ինչու՞ դա չի անում հանձնաժողովի անդամը ընտրողի ներկայությամբ, հանձնաժողովի անդամ Արտուշ Կարապետյանն ասում է, որ ամեն 25 քվեաթերթիկ հաշվելը երկու րոպե տևում է, և դիտորդը օգնում է։ Մեր նկատառումից հետո հանձնաժողովի անդամը քվեաթերթիկների նոր փաթեթ կազմեց ընտրողի համար, իսկ դիտորդը սեղանի մոտից հեռացավ։
Այս ընտրատեղամասում կեսօրին դեպք էր գրանցվել, երբ քաղաքացուն չէին տվել համար 3-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկը, քիչ հետո տեղամասում էին հայտնվել ՔՊ մի քանի վստահված անձինք և առանց գրանցվելու վեճի բռնվել։ Հանձնաժողովի նախագահ Նարինե Սահակյանի խոսքով՝ երկու կողմն էլ բարձրաձայն վիճում էին։
«Շատ տհաճ միջադեպ էր, իրենք միանգամից մտան գոռգոռալով, բայց, ի վերջո, իրավիճակը հարթվեց»,- հավելում է հանձնաժողովի նախագահը։
Միջադեպից առաջ և հետո նրան մի քանի անգամ զանգել են ՔՊ-ից և փորձել ցուցումներ տալ, ճշտել, թե դիտորդական որ կազմակերպություններից դիտորդներ կան։ Այս դեպքից քիչ անց տեղի է ունեցել մեկ ուրիշը. այս անգամ նույնպես քաղաքացուն ՔՊ-ի թերթիկ չի տրվել։
«Էդ կինը, բարձր գոռալով, դուրս եկավ քվեախցիկից, կանչում էր՝ ոստիկաննե՜ր, ոստիկաննե՜ր, ինձ թերթիկ չեն տվել»,-ասում է հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ուզունյանը։ Հանձնաժողովի անդամ Արտուշ Կարապետյանն ասում է, որ էնպես չի եղել, որ միայն ՔՊ-ինն է բացակայել, ուղղակի իրեն դա էր պետք, ինքը դա է նկատել։ Այս երկու դեպքերի վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, ևս մեկը կազմել է դիտորդը՝ նշելով, որ տեղամասում անառողջ մթնոլորտ է։
Այս ընտրատեղամասում ժամը 19:17 դրությամբ քվեարկել է 1958 գրանցված ընտրողներից 782-ը։
Ներկա են «ՔՊ»-ից 2, «Հայաստան» դաշինքից 2, ԲՀԿ-ից 1 և «Պատիվ ունեմ» դաշինքից 1 վստահված անձ։ Ազգային-ժողովրդավարական կուսակցությունից նույնպես վստահած անձ գրանցվել էր, որը մեր՝ ըտրատեղամասում գտնվելու ընթացքում դուրս էր եկել։
Ռիմա Գրիգորյան
Մեկնաբանել