
Թիվ 7/44 ընտրատեղամասում ժամը 09:30-ի դրությամբ քվեարկել է 136 ընտրող
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/44 ընտրատեղամասում վաղ առավոտից ընտրողներն ակտիվ մասնակցում են քվեարկության: Հանձնաժողովի անդամները երբեմն ստիպված են լինում խնդրել ընտրողներին սպասել դրսում:
Ժամը 09:30-ի դրությամբ 1999 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 136-ը:
Այլ պատկեր է դիմացի՝ 7/43 ընտրատեղամասում: Այնտեղ հերթեր չկան, ընտրողներն էլ շատ ավելի քիչ են:
Ընտրողներից Լիանա Իգիթյանը նշում է, որ հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումն է իրեն ստիպել մասնակցել ընտրությանը:
«Իրականում երկիրը շատ վատ վիճակում է: Նոր ձևավորվող կառավարությունից ակնկալիքներս մեծ են: Նոր կառավարությունն առաջինը պետք է լուծի ազգի գոյության պահպանման, տարածքային ամբողջականության վերականգնման, և տնտեսության վերականգնման խնդիրները»,- նշեց Լիանան:
Ընտրողներից մեկ ուրիշը՝ Նորա Գալստյանը, դժվարանում է պատասխանել, թե ինչ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից, ասում է՝ տեսնենք, թե ով կընտրվի, բայց պետք է, որ լավ լինի:
«Պետք է գնանք դեպի պայծառ ապագա: Ուզում ենք՝ պատերազմ չլինի, խաղաղություն լինի: Ժողովուրդը վստահաբար գալիս է ընտրության՝ հավատալով, որ լավ է լինելու»,- ասում է ընտրողը:
Թիվ 7/44 ընտրատեղամասում այս պահին վստահված անձինք 7-ն են. երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մեկական՝ «Ազատական», «Հայ ազգային կոնգրես» և «Հանրապետություն» կուսակցություններից և «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներից:
Դիտորդներն այստեղ երկուսն են եղել՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից: Ընտրատեղամասում այս պահին դիտորդ չկա:
Մեկնաբանել